«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2011-02-22 | #31, 2011-02-23 | #32, 2011-02-24


ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը առաջարկել է տեսախցիկներ տեղադրել թունելներում

Տրանսպորտի եւ կապի նախարարության կոլեգիան երեկ քննարկել եւ հաստատել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության 2011-ի ներդրումային ծախսային ծրագիրը, ինչպես նաեւ այս տարի իրականացվելիք ուղեւորափոխադրումների նվազագույն ծավալներն ու ուղղությունները: Այս մասին տեղեկացանք նախարարության մամուլի քարտուղար Սուսան Տոնոյանից :

Ծրագրի քննարկման ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը կարեւորել է ուղեւորափոխադրումների կազմակերպմանն ու սակագներին առնչվող հարցերը: ՀԿԵ-ի ղեկավարությանը հանձնարարվել է կանոնակարգել ուղեւորափոխադրումների կազմակերպումը, որպեսզի չկրկնվեն նախորդ տարվա բացթողումները:

Նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը նշել է, որ ուղեւորափոխադրումների բնագավառում ՀԿԵ-ն պետք է մշակի տնտեսական ճկուն քաղաքականություն եւ վերանայի ուղերթերի ուղղությունների ընտրության քաղաքականությունը, որը նպատակաուղղված կլինի պահանջարկի բավարարմանը եւ ուղեւորափոխադրումներից ստացված վնասի կրճատմանը: Ներկայացնելով ընկերության 2010 թվականի կատարած աշխատանքը եւ 2011-ի ծրագրերը, փոխնախարարը նշել է, որ այս տարի ՀԿԵ-ի կողմից կատարվող ներդրումների ծավալը կկազմի 13,916 մլրդ դրամ, որի շուրջ 94 տոկոսն ուղղվելու է երկաթուղային գծերի վերանորոգմանը եւ արդիականացմանը, շենքերի, շինությունների եւ գծանցների, վագոնների, երկաթուղային 8 կամուրջների վերանորոգմանը, կապի կառավարման համակարգի, որոշ կայարանների արդիականացմանը եւ այլն:

Ըստ նախարարության հաղոդագրության, նախարար Մանուկ Վարդանյանն առաջարկել է նաեւ ՀԿԵ-ի այս տարվա ներդրումային ծախսային ծրագրում ընդգրկել երկաթուղային թունելների անվտանգության ապահովման հարցը` համապատասխան տեսախցիկների տեղադրմամբ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4