«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2011-02-22 | #31, 2011-02-23 | #32, 2011-02-24


ՄԻ ԿԵՂԾԻՔԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Փետրվարի 21-ին Բաքվի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի է ունեցել թուրք պրոդյուսեր Ջեմ Օղուզի «Փախստական. Անար Ուսուբովի կյանքի պատմությունը» ֆիլմի պրեմիերան: Այն «պատմում է Խոջալուի ցեղասպանության զոհերի մասին»: 1news.az-ը, ծանուցելով այդ մասին, նաեւ ֆիլմից հատվածներ է տեղադրել համացանցում:

Չխորանալով տեսանյութի այլ մանրամասնություններում, հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել «Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովի հարցազրույցի վրա: Այն ակնհայտորեն տրվել է դեպքերից անմիջապես հետո, քանի որ Էլման Մամեդովը հանդես է գալիս զինվորական համազգեստով:

Տեսանյութից պարզ չի հասկացվում, բայց կարելի է ենթադրել, որ նրան հարց է ուղղում արտասահմանցի լրագրող` դատելով վերջինիս ռուսերենից. «Այն 7000 մարդիկ, որ նշում եք որպես Խոջալուի բնակիչներ, հիմա որտե՞ղ են»,- ինչին Էլման Մամեդովը պատասխանում է. «Մոտավորապես 2,5-3 հազար հոգու, հիմնականում` ծերեր, կանայք, երեխաներ եւ հիվանդներ, մենք մինչ այդ էվակուացրել էինք...»:

Բարոյական չէ, իհարկե, այս դեպքում զբաղվել պարզ հաշվետարությամբ, սակայն ստիպված ենք: Ըստ 1989թ. մարդահամարի տվյալների, որոնց իսկությանը հազիվ թե մեկը կասկածի, քանի որ մարդահամարն անցկացվել է ԼՂ-ում խորհրդային իշխանության հայտարարած հատուկ դրության պայմաններում, Ասկերանի շրջանի Խոջալու գյուղն ունեցել է ոչ ավելի, քան 2000 բնակիչ: Բնակավայրն Ադրբեջանի ԳԽ որոշմամբ «քաղաքի» կարգավիճակ ստացել է 1990թ., իսկ արդեն մեկ տարի անց այն «ենթարկվել է շրջափակման»: Իրականում, երբ ԽՍՀՄ ՆԳ նախարարության ներքին զորքերը հեռացել են ԼՂ-ից, փակվել է Աղդամ-Խոջալու հաղորդակցությունը:

Հակամարտության գոտում գտնվող գյուղն, ըստ ամենայնի, չէր կարող մեկ տարում ունենալ բնակչության 5000-ի չափ աճ: Հնարավոր է, որ այդ ընթացքում ադրբեջանական իշխանություններն այնտեղ տեղափոխած լինեին որոշ թվաքականակով զինուժ, սակայն բնակավարի զուտ աշխարհագրական պարամետրերը թույլ չեն տալիս վստահել, որ այնտեղ կարող էր 7000 մարդ ապրել: Այն էլ` «կատարյալ շրջափակման պայմաններում»:

Եւ Էլման Մամեդովը փաստորեն ճշմարտանման էր խոսում, երբ ասում էր, որ տարհանվել է շուրջ 2,5-3 հազար մարդ` «հիմնականում ծերեր, կանայք, երեխաներ եւ հիվանդներ»:

Ըստ էության, դա այն պահի դրությամբ ողջ խաղաղ բնակչությունն էր, որն ապահով տարհանվել է Գյանջա-Խոջալու օդային միջանցքով: Ադրբեջանական իշխանություններին օգնել են Գյանջայում տեղակայված ԱՊՀ զինված ուժերը` տրամադրելով ուղղաթիռներ:

Սա իրողությանը մոտ է: Մնացածը զուտ քարոզչություն է: Թեկուզ եւ այն պատճառով, որ, եթե նույնիսկ հավատանք ադրբեջանական քարոզչությանը եւ ընդունենք, որ Խոջալուն 1992 թ. փետրվարի 26-ի դրությամբ ունեցել է 6-7 հազար բնակիչ, ապա տարհանվածների` Էլման Մամեդովի կողմից նշված 2,5-3 հազար թվաքանակը հաշվի առնելով, պետք է փաստել, որ մարտական գործողություններն սկսվելու պահին գյուղում արդեն իսկ ծերեր, կանայք, երեխաներ, հիվանդներ չեն եղել:

Հակառակ դեպքում պիտի ընդունել, որ Խոջալուի բնակչությունը լիովին «բաղկացած է եղել ծերերից, կանանցից, երեխաներից եւ հիվանդներից, որոնք կամ զոհվել են, կամ մահացել ցրտահարությունից եւ սովից, կամ պատանդ տարվել»,-ինչը կատարյալ անտրամաբանական է: Չէ՞ որ Խոջալուի պաշտպանության համար առնվազը հինգ հոգի արժանացել են Ադրբեջանի հերոսի կոչման: Իսկ դա նշանակում է, որ գյուղում գործել է ուժեղ կայազոր:

Այս ամենը վկայում է, որ թուրք պրոդյուսերը, գուցե ակամա, ֆիլմում տեղ տալով Էլման Մամեդովի 1992 թ. հարցազրույցին, ըստ էության ցրում է Խոջալուի մասին ադրբեջանական քարոզչամեքենայի հնարած առասպելը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4