«Արեւելյան գործընկերությունը» ամեն առումներով ողջունված մի նախաձեռնություն է, հատկապես հայաստանյան իրականության եւ տարածաշրջանային զարգացումների կտրվածքով: Դրա կարեւորության ու դերակատարության մասին որեւէ պարագայում բացասական արձագանք չի եղել, հատկապես որ դա Եվրոմիության հետ համագործակցության հարմար ձեւաչափ է, որում ընդգրկված են նաեւ մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը` Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ:
Օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը , ինչպես արդեն հաղորդել է «Ազգը», տեղեկացրեց, որ այս նախաձեռնության շրջանակներում` «Եվրոնեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի առաջին հանդիպումը տեղի կունենա մարտին: Դեռեւս ոչ պաշտոնապես հաստատված տարբերակի համաձայն, այդ հանդիպումը կլինի Բրյուսելում մարտի 23-24-ին:
Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համոզմունք էր հայտնել, թե «Եվրոնեսթը» կարող է Հայաստանի համար օգտակար ու արդյունավետ լինել միայն մեկ դեպքում. եթե մեր երկրի իշխանությունները հետեւեն ինչպես այս կառույցի, այնպես էլ «Արեւելյան գործընկերության» առաջարկած բարեփոխումներին: Նրա մեկնաբանությամբ` ԵՄ-ը «Եվրոնեսթը» կարող է կիրառել որպես գործիք` բարեփոխումներ իրականացնելու համար:
«Սակայն եթե իմիտացիոն քաղաքականություն տարվի, եւ կրկին բարեփոխումներ տեղի չունենան, կդառնա մեր գլխին պատուհաս: Այնպես որ, սխալ քաղաքականության դեպքում պարզապես կարող է վերածվել եւս մեկ բեմի, որտեղ Հայաստանին կսկսեն քննադատել տարբեր գործած ու չգործած մեղքերի համար: Բնական է, եւ չգործած մեղքերի համար, ինչպես դա տեսնում ենք ԵԽԽՎ-ում», ասել էր Հովհաննիսյանը:
«ԵԽ-ը ցանկանում է աշխատել Ադրբեջանի հետ հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն, ի տարբերություն Բելառուսի, նավթ ունի», ընդգծել էր Հովհաննիսյանը: Նա համոզմունք էր հայտնել, թե որեւէ հարթակ Ադրբեջանն օգտագործում է հակահայ պրոպագանդայի համար, «Եվրոնեսթն» էլ բացառություն չի լինի:
Այս հարցում դժվար է Վահան Հովհաննիսյանի հետ չհամաձայնել, հատկապես, եթե դիտարկենք, թե ինչ ներգրավվածություն է ունենալու «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովը: Ըստ այդ վեհաժողովի կազմման ձեւաչափի, «Արեւելյան գործընկերության» գործընկեր երկրներից յուրաքանչյուրն այդ կառույցում ունի 10 պատվիրակ: Բացի դրանիցՙ վեհաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ Եվրոխորհրդարանի 60 պատգամավոր:
Այսպիսի իրավիճակը չի կարող ուրախալի լինել, քանի որ եթե անգամ մի կողմ թողնենք Եվրոխորհրդարանի 60 պատվիրակի դիրքորոշման հարցը, դժվար է ենթադրել որեւէ որոշում, որի ընդունման պարագայում հայկական տեսակետները կարող են հաշվի առնվել ըստ արժանվույն: Խնդիրն այն է, որ «Արեւելյան գործընկերության» գործընկեր երկրներից 4-ը` Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան մեկ այլ կառույց են եւս ներկայացնում` ՎՈՒԱՄ-ը, որը երբեւէ հայանպաստությամբ կամ ագամ հավասարակշռված հայտարարություններով աչքի չի ընկել:
Այս չորս երկրներից զատ մնում են այդ վեհաժողովում 10-ական պատվիրակ ունենալու իրավունք ունեցող Հայաստանը եւ Բելառուսը: Վերջինիս` իր ներքաղաքական իրավիճակի եւ նույն այս վեհաժողովի բազմիցս հետաձգված լինելու պատճառ լինելով հանդերձ արգելվել է ներգրավվել «Արեւելյան գործընկերության» երկրների խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին` երկակի ստանդարտներ կիրառելու համար: Հայաստանն, ի դեմս Վահան Հովհաննիսյանի, կողմ է Բելառուսի ընդգրկվածությանը այն պատճառաբանությամբ, որ Ադրբեջանն էլ է երկակի ստանդարտներ կիրառում, եւ նախագահ Ալիեւն էլ Լուկաշենկոյի օրինակով ցանկանում է հավերժ մնալ նախագահի պաշտոնում:
Այսպիսով, ՎՈՒԱՄ երկրների եւ Հայաստանին առնչվող հարցերով ոչ միշտ եվրոպական չափանիշներով առանջնորդվող Եվրոխորհրդարանի 60 պատվիրակների պարագայում Հայաստանը տառացիորեն կարող է հայտնվել մենակ` որեւէ կարեւոր որոշում կայացնելու ընթացքում տնօրինելով միայն 10 ձայն` 120-ից: Ավելին, հակամարտությունների առումով լրջագույն խնդիրներ ունեցող ՎՈՒԱՄ երկրների ձայների միասնականությունը արդեն իսկ լուրջ խոչընդոտներ կարող է առաջացնել այն բոլոր հարցերում, որոնք կարող են վերաբերել ղարաբաղյան խնդրին:
Մյուս կողմից, խոսակցությունները, թե ՎՈՒԱՄ-ից առանձնակի ոչինչ չի մնացել, բնավ էլ չեն նշանակում, որ ինքնահռչակ ու չճանաչված տարածքների խնդիրներ ունեցող Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում չեն լինի կողք կողքի: Իսկ այդ դեպքումՙ 120 հոգանոց այս կառույցում քննարկումները կարող են միանշանակ ու Հայաստանի համար բացասական ելք ունենալ, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան գումարային զգալի միջոցների տիրապետելով կարող է հասնել նրան, որ եվրոխորհրդարանականները դրսեւորեն ադրբեջանամետ «դիրքորոշում»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ