Փետրվարի 18-ին ավստրիական էլեկտրոնային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն փաստը, որ Մխիթարյան հայ կաթոլիկ վանահայրերն արդեն 200 տարի Վիեննայում են: Սա Կենտրոնական Եվրոպայի մի կարեւոր կենտրոն է, որի գրադարանում 200 000 կտոր գիրք եւ 3000 ձեռագիր կան, ուր հայկական, կովկասյան եւ արեւելաանատոլիական շրջանի մշակութային հարստությանՙ Եվրոպայում ամենախոշոր հավաքածուն է պահպանվում: Քառահարկ թանգարանը ամբարում է հազվագյուտ արվեստի գործեր, որ հայ վանականները հավաքել են 200 տարիների ընթացքում, նկատել են տալիս ավստրիացի մեր գործընկերները:
Մխիթարյան վանքում պահվող ամենահին ձեռագիրը վերագրվում է 9-րդ դարինՙ Լազարյան ավետարանն է: (Ավստրիական լրատվության մեջ այստեղ անճշտություն կա: Միգուցե խոսքը լուսատիպի՞ մասին է: Մեր խնդրանքին ընդառաջ Գերմանիայի թեմից Սերովբե վարդապետ Իսախանյանը պարզաբանեց, թե Լազարյան ավետարանը ամենահին թվագրված ձեռագիրն է, որը Լազարյան անունն է ստացել Մոսկվայի Լազարյան ճեմարանում պահվելու համար: 867 թվականին ստեղծված ձեռագրի հեղինակը Սահակ Վանանդացին է, վայրն անհայտ է, նյութըՙ մագաղաթ, 229 թերթ ունի եւ պահպանվում է Երեւանի Մատենադարանումՙ 6200 համարի տակ: Լազարյան ավետարանը Մոսկվայում 1899-ին լուսատիպ նմանահանությամբ հրատարակվել է: - Ան. Հ.): Վիեննայի Մխիթարյանների մոտ պահվող գանձերը թվաքանակով զիջում են Երեւանում, Երուսաղեմում եւ Վենետիկում պահվող հայկական ձեռագրերին: Հոգեւոր ծառայություններին զուգահեռՙ վանահայրերը գիտնականներ են ու մշակույթի դեսպաններ: «Մխիթարյաններս 200 տարի Վիեննայում կենդանի կամուրջ ենք Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ», ասում է վանահայր Պողոս Կոջանյանը: Մխիթարյանները մայիսի 15-ին են Վիեննայի իրենց եկեղեցում տոնական ժամերգությամբ նշելու 200-ամյա հոբելյանը: Մի քանի օր անց էլ վանքում կկայանա ակադեմիական մի հանդիսություն, որի շրջանակներում հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն հայկական ձեռագրերը, իսկ մայիսի 12-ին հանրությունը ավստրիական փոստիՙ հոբելյանի առիթով թողարկած հատուկ նամականիշին կծանոթանա:
Մխիթարյանները Վիեննա են եկել 1811-ի փետրվարի 18-ին, Ֆրանց Առաջին կայսեր օրոք: Վերջինս նրանց արտոնություն էր տվել տպագրել արեւելյան եւ արեւմտյան լեզուներով գրքեր: Ժամանակի ընթացքում զարգանում է տպագրությունը, ու Մխիթարյան վանքը դառնում է գրքարվեստի կարեւորագույն մի կենտրոն: Այստեղ կարելի է թե՛ լատիներեն ու հունարեն, թե՛ կիրիլյան, եբրայերեն ու արաբերեն, թե՛ ասորերեն ու հայերեն տպագիր գրքեր տեսնել: Մինչեւ 1999 թվականը 41 լեզվով գրականություն է տպագրվել այստեղ: 19-րդ դարում Վիեննայի Մխիթարյանները ոչ միայն վայելում էին կայսերական տան բարեհաճությունը, այլեւ լայն ներգրավվածություն ունեին քաղաքի գիտամշակութային կյանքում: Հայ կաթոլիկների հետաքրքրությունների առանցքը հայ հին գրական հուշարձանների հրատարակումն է, համաշխարհային գրականությունը հայերեն թարգմանելը եւ գրական նոր հայերենի զարգացումը:
Չորս վանահայր է այժմ բնակվում Վիեննայի Մխիթարյան վանքում, ավելի քան 20 ուրիշ հոգեւորականներ կամ Վենետիկի Ս. Ղազար կղզում են, կամՙ սփռված աշխարհով մեկ: Մխիթարյաններն անուն են հանել ոչ միայն գիտությանը, արվեստին ու մշակույթին իրենց մատուցած ծառայություններով, այլեւ հեղինակ են «հոգեւոր» մի ըմպելիքի: 43 խոտաբույսերից եւ 12 պտուղներից պատրաստվող «Մխիթարին» անվանյալ լիկյորն արարվում է միայն վանահայրերին հայտնի բաղադրատոմսով, իրազեկում են ավստրիական լրատվամիջոցները:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա