Վարդանանց շարժումը հայոց պատմության կարեւոր էջերից է: Երեկ Վարդանանց տոնն էր: Վարդանանց շարժմանն ու տոնին երեկ անդրադարձան «Ուրբաթ» ակումբի բանախոսները: Եսայի քահանա Արտեմյանը նշեց, որ Վարդանանց տոնը ներկայացնում է մի իրողություն, որը վճռորոշ դերակատարում է ունեցել հայ մարդու ինքնության պարագայում: Իսկ պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ Վարդանանց շարժումն ու 450-451 թվականների հայ ազգային ազատագրական պայքարը կարիք ունեն հայեցակարգային նոր մոտեցումների: Պատմաբանի փոխանցմամբ` Ավարայրի ճակատամարտը, որը ներկայացվել է քրիստոնեական հավատի պահպանման համար մղված ճակատամարտ, կարիք ունի խոր վերլուծությունների. «Սոսկ Ավարայրի ճակատամարտով Վարդան Մամիկոնյանն իսկապես հերոս էր, բայց երբ անդրադառնում ենք դրան նախորդող իրադարձություններին, տեսնում ենք, որ Վասակ Սյունին դավաճան չէր»: Պատմաբանը նշում է, թե մոտեցումը, որ Վասակ Սյունին եղել է դավաճան ու դեմ է եղել ապստամբությանը, ճիշտ չէ: Առհասարակ, երբ անդրադառնում ենք Վարդանանց շարժմանը, մենք մոռանում ենք խոսել երկրորդ` ներման հրովարտակից, որը եղել է Ավարայրի ճակատամարտից առաջ: Աշոտ Ներսիսյանն ասում, որ ներման հրովարտակով հայերին այլեւս չի պարտադրվել դավանափոխ լինել. «Այստեղ հարց է առաջանում` ներման հրովարտակից հետո Ավարայրի ճակատամարտի կարիքը կա՞ր, թե՞ ոչ: Իմ կարծիքով` չկար, գտնում եմ, որ Ավարայրի ճակատամարտն անտեղի էր»: Պատմաբանն ասում է, որ խոսում է սկզբնաղբյուրներով. «Եղիշեն ու Ղազար Փարպեցին իմ սկզբնաղբյուրներն են»:
Պատմաբանի խոսքերը, իհարկե, առաջ բերեցին ներկաների զայրույթն ու վրդովմունքը, ինչը շատ բնական էր: Ընդհանրապես, որեւէ մեկը, երբ փորձում է կարծրացած մոտեցումներին դեմ կանգնել, ենթարկվում է քննադատության: Երեկ լրագրողներից մեկը նրան անգամ աղանդավոր անվանեց, ասաց` փաստորեն, պատմաբանների մեջ էլ աղանդավորներ կան: Իսկ Աշոտ Ներսիսյանն ի պատասխան ասում էր, որ իր խոսքերը բխում են սկզբնաղբյուրներից, եւ ինքը խոսում է փաստերով: Աշոտ Ներսիսյանի դիտարկումների վերաբերյալ տեր Եսային էլ նշեց, որ միայն հաշտեցման հրովարտակի վրա կենտրոնանալով եզրակացություններ անելն անաչառ չէ:
Ինչեւէ, չնայած վիճահարույց փաստերին ու բանավեճերին` Վարդանանց տոնն ամեն տարի նշվում է, բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ: Եվ միայն ասուլիսի վերջում անդրադառնալով տոնին ու նրա խոհրդին` բանախոսներն այս մասին էլ կարծիքներ հայտնեցին: Աշոտ Ներսիսյանն ընդգծեց. «Ես գերադասում եմ այն տոնը, որը հաղթանակի, ոչ թե նահատակվողների տոն է: Իսկ Վարդանանց տոնը չեմ համարում հաղթանակի տոն»: Տեր Եսային էլ միանգամայն հակառակը նշեց. «Սա միանշանակ հաղթանակի տոն է»:
Ի. Պ.