Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների շիրակցի վարորդների հայտարարությունը
Շիրակի մարզի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները, ստանալով ՀՀ կառավարության փետրվարի 24-ի նիստի ժամանակ ընդունված` այդ ավտոմեքենաների մի մասի մաքսազերծման համար անտոկոս վարկեր տրամադրելու որոշման լուրը եւ վերլուծելով վարչապետի ու այլ պաշտոնյաների խոսքերն այդ խնդրի շուրջը, նույն օրը հանդես են եկել հայտարարությամբ: Ողջունելի համարելով, որ կառավարությունն, այնուհանդերձ, որոշեց «աննշան» փոխզիջման դիմել եւ իրենց մեքենաների մի մասի (մինչեւ 2005 թիվն արտադրված, մինչեւ 5 մլն դրամ մաքսային արժեքով եւ մինչեւ 2011 թվի փետրվարի 5-ին գնված ավտոմեքենաների) մաքսազերծման համար անտոկոս վարկ տրամադրել, հայտարարության հեղինակները միաժամանակ որոշ հաշվարկների հիման վրա կարծում են, որ այդ հնարավորությունից կօգտվեն մաքսազերծման խնդրի առաջ կանգնած ավտոմեքենաների տերերի փոքրաթիվ մասը, իրենց կարծիքով` հազիվ 5-10 տոկոսը:
«Կառավարությունը այդպես էլ խորամուխ չեղավ բուն խնդրի մեջ, որ հարուցել էր ինքը` հազարավոր վարորդների հարկային թակարդի մեջ գցելով,- ասվում է հայտարարության մեջ:- Անտոկոս վարկի տրամադրումը նույնն է, թե կառավարությունը իր գրպանից մյուս գրպանը դրամ է տեղափոխում եւ մեզ ստիպում լցնել իր առաջին գրպանը, պարտադրելով, այնուամենայնիվ, մեքենաներն անմիջապես մաքսազերծել... Կառավարությունը թող ինքնախաբեությամբ չզբաղվի` անտոկոս վարկը հարցի լուծում չէ»:
Առկա խնդրին եւ իրենց շարունակական զանգվածային բողոքներին գործադիրի ու ՀՀ Ազգային ժողովի վերաբերմունքը համարելով անբավարար, վարորդները նշում են, թե նրանք այդպես էլ չկամեցան հասկանալ իրենց խնդիրներն ու պահանջները, չկատարեցին որեւէ ընդառաջ քայլ ներկայացված պահանջների ուղղությամբ, ԱԺ պատգամավորներն էլ ըստ էության չարձագանքեցին «Ժառանգության» պատգամավորների` այս հարցով արտահերթ նիստ գումարելու առաջարկությանը: Եվ Վրաստանից ներկրվող ավտոմեքենաների համար փաստացի պահպանվեցին մաքսազերծման 2011 թ. փետրվարի 5-ից մտցված ռեժիմը եւ «մաքսազերծման այն անհասկանալի գնային համակարգը, ինչը գործում է արդեն մի քանի տարի»:
«ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի այսօրվա այն միտքը, թե «Մենք ունենք հանրապետության նախագահի հստակ հանձնարարությունը` մշակելու սոցիալական փաթեթ, որն օգնելու է մեր քաղաքացիներին` լուծելու սոցիալական հարցերը», ուղղակի խոսում է այն մասին, որ իշխանությունը նախ ընդունում է իր քաղաքացիներին ծանր սոցիալական կացության մեջ դնելու որոշումներ, ապա միայն` գլխի ընկնում, որ հարկավոր է առաջացած սոցիալական հարցերը լուծել, կարծես հնարավոր չէր ժամանակին խորությամբ ուսումնասիրել բոլոր այն բարդացումները, որոնք առաջանալու էին «բյուջե լցնելու» համար մեր դեմ կազմակերպված այս գրոհի հետեւանքով»,- նկատում են հայտարարության հեղինակները:
Եթե, ինչպես ավելի վաղ հայտարարել էին, մինչեւ այս ամսի վերջը կառավարությունը «չթողնի իր կոսմետիկ միջոցառումներն ու չանցնի խնդրի իրական լուծումների», վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների շիրակցի վարորդները խոստանում են անցնել զանգվածային բողոքի իրենց պլանավորած «ծայրահեղ գործողություններին», այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով հանրությանն ու իշխանություններին:
Գ. Մ.