Շնորհակալություն ենք հայտնում «Ազգ»-ի խմբագրությանըՙ թերթի փետրվարի 22-ի համարում «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի առիթով մեր հայտարարությանն անդրադառնալու համար: Սակայն տարակուսանք է առաջացնում հրապարակմանՙ խմբագրության կողմից ավելացված հետգրությունը, որով ասվում է, թե իբր հայտարարությունը տարածած (այն էՙ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, լրագրողների «Ասպարեզ» ակումբ) կամ այլ ՀԿ-ներից որեւէ մեկը «ցարդ չի կարողացել շոշափելի որեւէ օգնություն ցույց տալ «ԳԱԼԱ»-ին»: Մեր կարծիքով, նման բովանդակությամբ հետգրությունը կա՛մ վերը նշված լրագրողական կազմակերպությունների գործունեությանն անտեղյակ լինելու հետեւանք է, կա՛մ էլ նպատակ է հետապնդել արժեզրկելու այդ գործունեությունը:
Հետեւյալ փաստերն ինքնին վկայությունն են այն բանի, որ հետգրությամբ արտահայտված միտքն անհիմն է:
2007-2009 թթ., երբ իշխանական տարբեր ատյաններ տոտալ ճնշումներ էին գործադրում «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ հինգ անգամ «լրագրողական դեսանտ» ուղարկվեց Գյումրի, որպեսզի համազգային լրատվամիջոցները հնարավորություն ունենային օբյեկտիվորեն լուսաբանելու խնդիրը (ի դեպ, մասնակցել է նաեւ «Ազգ»-ի թղթակիցը): Բացի այս, ԽԱՊԿ-ն կազմակերպեց նաեւ իրավապաշտպանների եւ ԶԼՄ-ների ոլորտի փորձագետների գործուղումը Գյումրի եւ նրանց մասնակցությունը չորս հեռուստահաղորդումներիՙ ի պաշտպանություն «ԳԱԼԱ»-ի:
Անհնար է մոռացության մատնել Գյումրիի «Ասպարեզ» ակումբի, հատկապես դրա նախագահ Լեւոն Բարսեղյանի նախաձեռնություններըՙ ի նպաստ «ԳԱԼԱ»-ի: Երբ հարկային մարմինների ստուգումներից հետո «ԳԱԼԱ»-ին անհիմն կերպով պարտադրվեց ավելի քան 26 միլիոն դրամի տույժ եւ տուգանքի վճարում, հենց Լեւոն Բարսեղյանի նախաձեռնությամբ էր, որ կազմակերպվեց հեռուստամարաթոն եւ դրամահավաքՙ գումարը հայթայթելու եւ հեռուստաընկերությանը նման բեռից ազատելու նպատակով: Ի դեպ, այդ ձեռնարկին ակտիվ մասնակցություն ունեցան նաեւ ԽԱՊԿ-ն եւ Երեւանի մամուլի ակումբը, որոնք դրամահավաք կազմակերպեցին նաեւ մայրաքաղաքում: Ի վերջո, պահանջված գումարը վճարվեց հարկային մարմիններին, եւ վստահորեն կարելի է ասել, որ դա «ԳԱԼԱ»-ի փրկագինն էր, ինչի շնորհիվ հեռուստաընկերությունը շարունակեց իր գործունեությունը: 2007 թվականի դեկտեմբերին Գյումրիում կազմակերպվեց հանրահավաքՙ դարձյալ ի պաշտպանություն «ԳԱԼԱ»-ի: Հավելենք, որ «Ասպարեզ» ակումբն ակտիվ գործողություններ ձեռնարկեց «ԳԱԼԱ»-ի շահերը նաեւ դատական ատյաններում պաշտպանելու ուղղությամբ:
Կարելի է թվարկել բազմաթիվ այլ գործնական քայլեր եւս, որոնցով ե՛ւ «Ասպարեզ» ակումբը, ե՛ւ ԽԱՊԿ-ն, ե՛ւ Երեւանի մամուլի ակումբն ու այլ լրագրողական կազմակերպություններ աջակցեցին «ԳԱԼԱ»-ինՙ իր համար շատ ծանր ժամանակաշրջանում: Այս ամենն արհամարհելը, մոռանալը կամ միտումնավոր չնկատելն առնվազն ապերախտության նշան է: Թեեւ լրագրողական կազմակերպությունների նպատակը նկատված լինելը չէ: Վերջիններս իրենց պարտքն են համարում աջակցել գործընկերներին եւ հնարավոր բոլոր միջոցներով նրանց պաշտպանել տարաբնույթ ճնշումներից:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Խմբագրի կողմից.- Ընդունում եմ, որ լավագույն բանաձեւումը չէր վերոհիշյալ թղթակցությանը կցված մեր խմբագրական երկտողը: Իրոք, այն ճշգրտորեն չէր արտահայտում այն տեսակետը, որ այս թերթի խմբագիրն ունի վերոհիշյալՙ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության փրկության գործում մեր լրագրողամերձ կազմակերպությունների դերակատարության վերաբերյալ: Մեր այդ ակնարկը վերաբերում էր վերջնարդյունքին, եւ ոչ միայն «ԳԱԼԱ»-ի, այլեւ նման մյուս պարագաներին, ինչպիսին է նաեւ «Ա1+»-ի պարագան: Մյուս կողմից, իմ տպավորությամբ, ներկա գործելաոճով, մեր մերձլրագրողական ՀԿ-ների պաշտպանությունը որեւէ լրատվամիջոցիՙ նշանակում է տապալել այդ... պաշտպանությունը, առավելագույնըՙ քամի ստեղծել: Այնինչ իրակա՛ն օգնություն է պետք մեր մամուլին ե՛ւ ազատությունների, ե՛ւ զարգացման իմաստով: Մինչդեռ քամին, ինչպես հասկանում եք, հարց չի կարող լուծել: Մինչդեռ այս ՀԿ-ները երկար տարիներ արդեն փոխանակ հարց լուծելու, բարդացնում եւ անլուծելի են դարձնում դրանք, քանի որ ի սկզբանե որդեգրում են առճակատման քաղաքականությունը, երբեմն նույնիսկ ծայրահեղ քաղաքականացնելով հարցերը: Հայտնի է նաեւ, որ այդ ՀԿ-ները իրենց գոյությամբ երբեմն 100 տոկոսով պարտական են միջազգային դոնոր կազմակերպություններին, որոնցՙ ի շահ մեր ԶԼՄ-ների գործունեության գործակիցը (ՕԳԳ) դժվար է արդյունավետ համարել, եթե նկատի չունենանք լրագրողներիս երբեմն հանգստանալու առիթ տվող արտագնա սեմինարները... Դրանից հիմնականում շահում են իրենքՙ միջազգային դոնոր կազմակերպությունները, որոնք Հայաստանի վերաբերյալ միջազգային տարբեր զեկույցներում արձանագրվող բացասական գնահատականների համար «գործ» են տալիս փաստորեն: Այո, միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությունը մերՙ լրատվական դաշտի կայացման, առողջացման ու զարգացման մեջ շատ փոքր էՙ համեմատած ծախսվող միջոցներին: Բայց այս մասին ավելի հանգամանալիցՙ այս առիթով:
Ինչ վերաբերում է «ԳԱԼԱ»-ի վերաբերյալ վերեւում շարադրված փաստերին, իսկապես տպավորիչ են եւ գնահատելի: Այն կարող էր ավելի գնահատելի համարվել, եթե վերջնարդյունքում լինի արդյունավետ: Համենայն դեպս, չեմ ընդունում մեր «ապերախտության» մասին արտահայտությունը: Դեռ հարց է, թե ովՙ ում է պետք երախտապարտ լինի: Չէ՞ որ առանց լրատվամիջոցներիս, մերձլրագրողական մեր ՀԿ-ների գործունեությունը եւ, այս պարագայում, աղմուկը ոչ ոք չի լսի, ոչ ոք չի ֆինանսավորի:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ