Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմի ավագ սերնդի ներկայացուցիչներից է Շուշանիկ Ափոյանըՙ իր կյանքի շուրջ 6 տասնամյակը մանկավարժությանը նվիրած երաժշտագետ: Հիմա էլՙ թեեւ առաջացած տարիքին եւ տեսողության տկարությանը, շարունակում է ոչ միայն դասախոսական աշխատանքները` որպես պրոֆեսոր-խորհրդատու, միաժամանակ տասնամյակների կուտակած մանկավարժական փորձի եւ գիտական ուսումնասիրությունների ամբողջացման փուլ է ապրում:
Մասնագիտական իր ճանապարհի կարեւոր մասը երաժշտագիտությունն է, արվեստի տեսությունըՙ սկսած 1962 թ.: «Սովետական Հայաստանի դաշնամուրային արվեստը» առաջին իր աշխատությամբ եւ բազմաթիվ գիտական հոդվածներով նա հայ երաժշտագիտության այս բնագավառի ակունքներում է, դրա ձեւավորման հիմնասյուներից: Հետագա գործունեությունը` տարբեր տարիների իր աշխատությունները հաստատեցին դա. «Հայկական դաշնամուրային արվեստը 1850-1920 թթ.», (հայերեն դասագիրք 2006 թ.), «Ռ. Անդրիասյան. դաշնակահարը եւ մանկավարժը» (1984 թ., Երեւան), այս վերջինը ռուսերենից թարգմանաբար տպագրվել է նաեւ Բեյրութում (1999 թ., Անթիլիաս): Շ. Ափոյանի դասագրքերը, քրեստոմատիան, մեթոդական ուղեցույցներն ու մյուս աշխատությունները լայնորեն կիրառվում են Հայաստանի երաժշտական կրթարաններում, դրանք հետաքրքրել եւ օգտակար են եղել նաեւ ռուսաստանյան մասնագետներին:
2008 թվականին Երեւանի կոնսերվատորիայի հրատարակչությամբ լույս ընծայվեց երաժշտագետի կարեւոր եւս մեկ աշխատություն. «Անմոռանալի անուններ. ակնարկներ հայ դաշնակահարների մասին» (ռուսերեն): Գրքի գիտական խմբագիրը եւ առաջաբանի հեղինակը արվեստագիտության դոկտոր Սվետլանա Սարգսյանն է, գրախոսըՙ Սերգեյ Սարաջյանը:
Այս գրքի առիթով էր նաեւ մեր հանդիպումը հեղինակի հետ: Շուշանիկ Ափոյանի սույն աշխատությունը, հայկական դաշնամուրային արվեստի ուսումնասիրության մեջ լինելով մասնագիտական անհրաժեշտ ներդրում, միաժամանակ երախտագիտության տուրք է բոլոր այն անձանց, ովքեր ստեղծեցին մեր արվեստի պատմության այս էջերը, այս կենսագրությունը, ինչն էլ մեզ է փոխանցում երաժշտագետի վաստակի եւ նրա աշխատանքի հանդեպ գնահատանքի համամնան վերաբերմունք` այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուր արժեքավոր գործի մոռացության տալը կամ անտարբերության մատնելը աղքատացնում է մեր պատմությունը, կողոպտում մեր մշակութային ժառանգությունը:
Շուշանիկ Ափոյանի գործունեությունը արվեստի այս ասպարեզում անուրանալի եւ իրապես գնահատելի հետք է թողել. մեր հանրությունը հայկական դաշնամուրային արվեստի սկզբնավորման եւ հետագա զարգացումների մասին առաջին անգամ տեղեկացել է Շուշանիկ Ափոյանի հրապարակումներից: Նա հավաքել, մշակել եւ ամբողջացրել է տարիների ուսումնասիրությունները` արված ոչ միայն մասնագիտական պատասխանատվությամբ, նաեւ նվիրումով ու սիրով:
Խոստովանում է, որ շատ սիրել է իր գործը, սիրել է խորանալ, թափանցել պատմության էջերում, վերհանել մոռացված անուններ, անհայտ երեւույթներ: Չսահմանափակվելով մայրաքաղաքային արխիվներում ու հանրային գրադարանում ժամանակի մամուլը թերթելով` նա ուսումնասիրությունների համար այցելել է Հայաստանի տարբեր շրջաններ, եղել Մեղրիում, Գյումրիում, Կապանում, Ստեփանավանում, հատուկ արտոնությամբ մտել Ագուլիս, եղել է նաեւ Մոսկվայի, Լենինգրադի, Լվովի արխիվներում, մեկնել արտերկիրՙ Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստանՙ անցյալի հայ անվանի դաշնակահարների հետքերը որոնելու:
Երեւանի կոնսերվատորիան Շուշանիկ Ափոյանը ավարտեց 2 մասնագիտություններովՙ դաշնամուրիՙ պրոֆ. Անդրիասյանի դասարանում եւ երաժշտագիտության: Ասպիրանտական կրթությունը շարունակեց նախ` Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտում (ղեկավարՙ դոկտ. պրոֆ. Գ. Տիգրանով), ապա Լենինգրադի կոնսերվատորիայումՙ արվեստագիտության դոկտոր, պրոֆ. Լ. Բարենբոյմի մոտ: 1957-ին արդեն աշխատում էր մեր կոնսերվատորիայում. առաջինը նա սկսեց մշակել դաշնամուրային արվեստի պատմության եւ մեթոդիկա առարկաների ծրագրեր: Զուգահեռ աշխատել է նաեւ Չայկովսկու երաժշտական դպրոցում:
Մի խումբ մասնագետների հետ իր հիմնադրած սեկցիան ավելի ուշՙ 1980-ին կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի կազմավորման հիմքը դարձավ, ամբիոնը նա ղեկավարեց տասը տարիՙ մինչեւ 1990 թվականը, որի աշխատանքների մեջ կարեւոր տեղ ունեին միջկոնսերվատորիական հարաբերությունները, որոնք ձեւավորվել էին Շ. Ափոյանի ջանքերով կազմակերպված տարբեր կոնսերվատորիաներից նշանավոր մասնագետների հրավերքների եւ նրանց հետ հանդիպումների, դասախոսությունների շնորհիվ: Սա հարստացնում, ընդլայնում էր հայ երաժշտագիտական միտքը, տեղի մասնագիտական փորձը:
Հետաքրքրական մի էպիզոդ է պատմում Շուշանիկ Ափոյանն իր առաջին գրքի հետ կապված: Դա 1968 թվականն էր, երբ ինքը արվեստի ինստիտուտի ասպիրանտ էր: Ստացվում է մի նամակ հարեւան երկրից, որով խնդրում էին հայ հեղինակինՙ խորհրդատվություն տրամադրել կոնսերվատորիայի ադրբեջանցի մի ասպիրանտիՙ գրելու ադրբեջանական դաշնամուրային արվեստի պատմության մասին նմանաբնույթ ուսումնասիրություն: Իհարկե, գրվեց դա եւ հրատարակվեց:
Շուշանիկ Ափոյանի վերջին` «Անմոռանալի անուններ» գիրքը հայ դաշնակահարների մասին ակնարկների ժողովածու է. այն ընդգրկում է հայկական դաշնամուրային արվեստի շուրջ երկդարյա ընթացքՙ XIX դարի կեսերից մինչեւ մեր օրերը, սկսած հայ առաջին նշանավոր դաշնակահարների գործունեությունից. հեղինակը անդրադառնում է նաեւ դաշնամուրային արվեստի տարբեր ուղղություններին:
Գիրքը վավերական եւ արժեքավոր է պատմական նյութի ընդգրկումով: Ուսումնասիրելով նախախորհրդային հայ երաժշտությունը` հեղինակը այն օրգանապես կապում է դրա հետագա զարգացումներին, դիտարկում ամբողջության մեջ: Այն ոչ միայն երաժիշտների կենսագրական տեղեկություններով, հազվագյուտ փաստերով է հագեցած եւ ժամանակաշրջան է ներկայացնում, նաեւ տեսական, երաժշտագիտական, մանկավարժական եւ մեթոդաբանական տարրեր է պարունակում:
Առանձին հետաքրքրությամբ է ընթերցվում այն բաժինը, որտեղ նկարագրվում է երաժշտական գործիքի առաջին նմուշներիՙ հայ իրականության մեջ հայտնվելը (առաջինը` 1820-ականներին, Թիֆլիսում, գեներալ Հախվերդովի ընտանիքում, հետագայում նաեւ Մեղրիում, Կապանում, Ագուլիսում երեւացին, դրանք արտասահմանյան, ռուսական մակնիշի դաշնամուրներ էին, որ տեղի ապահովված ընտանիքների` արտասահմանում սովորող զավակները Իրանի ճանապարհով էին այս կողմերը հասցնում: Ստեփանավանի Շահումյանի թանգարանում է պահպանվում 19-րդ դարի կլավիկորդ, որը ժամանակին պատկանել է հեղափոխական գործչի հարսնացուին): Ուշագրավ է դաշնամուրային դասընթացների երեւանյան առաջին փորձերի պատմությունը: Քաղաքում առաջին գործիքը հայտնվեց1870-ականներից: Երեւանի Սբ Հռիփսիմե գիմնազիայի աղջիկները 19-րդ դարի սկզբներին արդեն դաշնամուրի դասեր էին առնում ռուս, լեհ ուսուցիչների մոտ:
Երաժշտագետի երկարամյա հարաբերությունները, նամակագրություններն ու անձնական շփումները տեղի եւ արտերկրի նշանավոր երաժիշտների հետ, նույնպես նշանակություն ունեցել են. շուրջ 250 նամակների իր անձնական արխիվը, կենդանի, անմիջական ու առատ նյութ է եղել աշխատության համար:
Գրքի հերոսները, ինչպես Շուշանիկ Ափոյանն է ասում, հայ դաշնակահարներն ենՙ սկսած XIX դարակեսին Ռուսաստանում, Եվրոպայում եւ ավելի ուշ Հայաստանում գործունեություն ծավալած նշանավոր երաժիշտներից: Առանձին անդրադարձ է արված կոնսերվատորիական կրթությամբ մեր մանկավարժ-դաշնակահարների առաջին սերնդին, ովքեր աշխատեցին ու դասավանդեցին դժվարին պայմաններում, դաշնամուրային մշակույթ ձեւավորեցին Հայաստանումՙ շնորհալի, տաղանդավոր կադրեր պատրաստելով:
Տաք ու անմիջական է նրա խոսքը, երբ «թերթում» է պատմության էջերը, ներկայացնելով առաջին հայ նշանավոր դաշնակահարներին: Գրքի առաջին ակնարկը նվիրված է բազմաշնորհ երաժիշտ Կարոլ Միկուլիինՙ արմատներով Արեւմտյան Հայաստանից, որի նախնիք դեռեւս XVII դարից տեղափոխվել էին Ռումինիա:
Առաջադեմ մտածողությամբ, բարձրագույն կրթությամբ Կարոլ Միկուլին դրսեւորվեց երաժշտական մշակույթի ամենատարբեր ոլորտներումՙ որպես դաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր, տեսաբան, էթնոգրաֆ-մանկավարժ, հասարակական գործիչ, որ լայն գործունեություն է ծավալել լվովյան երաժշտական իրականության մեջ: Նա համարվում է Լվովի կոնսերվատորիայի հիմնադիրն ու առաջին ռեկտորը:
Ինքըՙ Կարոլ Միկուլին, աշակերտել է Շոպենին եւ եվրոպական դաշնամուրային մշակույթի մեջ մնացել որպես իր մեծ ուսուցչի ստեղծագործությունների նրբագույն մեկնաբանը եւ խմբագիրը: Նրա խմբագրությամբ Շոպենի ստեղծագործությունների առաջին լիակատար ժողովածուի հրատարակությունն առ այսօր համարվում է ամենաամբողջականն ու հեղինակային բնագրին հարազատը:
Արեւմտաեվրոպական դաշնամուրային արվեստում իր հետքը թողած Ստեփան Էլմասըՙ նույնպես ծագումով Արեւմտյան Հայաստանից է (ծնվ.ՙ Իզմիրում): 13-ամյա պատանի երաժշտիՙ Լիստի ստեղծագործությունների փայլուն կատարումը այնպիսի ցնցող տպավորություն է թողնում հանդիսականի վրա, որ ճակատագիրը նրան 17 տարեկանում տալիս է Ֆ. Լիստին աշակերտելու երջանիկ հնարավորությունը: Նրան սպասում էին շուրջ 3 տասնամյակների համերգային հաջողություններ Փարիզում, Լոնդոնում, Վիեննայում, նվաճումներ ու վերելքներ:
Առանձնակի սիրով է հեղինակը անդրադառնում Ելենա եւ Եվգենյա Ադամյան քույրերինՙ բնությունից շռայլորեն օժտված տաղանդավոր բաքվահայ այս ընտանիքի զավակներին, որոնցից ավագը գունավոր հեռուստատեսության հայտնագործող, նշանավոր ինժեներ-գյուտարար Հովհաննես Ադամյանն էր:
Բաքվում ստացած նախնական կրթությունը նախ Շվեյցարիայում, ապա Գերմանիայում նշանավոր ուսուցիչների մոտ կատարելագործելով, Ադամյան քույրերը հոգեւոր մթնոլորտ էին իրենց շուրջը ստեղծելՙ վայելելով ժամանակի երեւելի անձանց, մշակույթի գործիչների ընկերակցությունը: Նրանց դաշնամուրային դուետը հաջողությամբ շրջագայել է եվրոպական տարբեր երկրներում:
Հեղինակը գուրգուրանքով է տալիս ինչպես անցյալի, նաեւ ներկայի լավագույն ներկայացուցիչների անուններըՙ Ռոբերտ Անդրիասյան, Գեորգի Սարաջեւ, Առնո Բաբաջանյան, Մարիա Ղամբարյան, Սամվել Ալումյան: Նույն գնահատանքով հիշատակում է նաեւ գրքում չընդգրկված ժամանակակից շնորհալի դաշնակահարներին` Սվետլանա Նավասարդյան, Արթուր Փափազյան, Սերգեյ Բաբայան, Արմեն Բաբախանյան, Վիլլի Սարգսյան, Անահիտ Ներսիսյան, տակավին երիտասարդ Հայկ Մելիքյանՙ նոր ոճի դաշնակահար-իմպրովիզատոր:
Շուշանիկ Ափոյանի այս գիրքը բարձր են գնահատել տեղի եւ դրսի մասնագետներըՙ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նատալյա Կորիխալովան, Գնեսինների անվան Մոսկվայի երաժշտական մանկավարժական ակադեմիայի պրոֆեսորներ Ա. Մալինկովսկայան, Մարիա Ղամբարյանը: Մ. Ղամբարյանը գրում է, որ գրքի նշանակությունը դուրս է գալիս հայկական մշակույթի սահմաններից եւ ընթերցողին տալիս է հրաշալի հնարավորությունՙ շփվելու հայկական դաշնամուրային հարուստ ու հետաքրքիր արվեստի հետ: Իսկ Ալեքսանդր Հարությունյանը հայկական երաժշտական արվեստի հանրագիտարան է համարել:
Եվ երբ հեղինակն իր գրքերը համարում է իր կյանքի հարստությունը, միանգամայն բնական է, որովհետեւ այս գործն է նրան ապրեցրել. «Այրվել եմ այս մթնոլորտում», ասում է: Նա` բարեսիրտ ու նրբամիտ այս կինը, որ սրտի խոր ցավով է խոսում ներկա շատ իրողությունների ու տիրող բարոյականության մասին եւ կարող է տագնապել բակի մի ծիրանենու ճակատագրովՙ չլինի թե քարեղեն նորակառույց զանգվածի զոհը դառնա ծառը, որիՙ գարնանը ծաղկած նորահարսի ճերմակ ժպիտը այնքա՜ն ջերմություն է տալիս շրջապատին... սիրում է խոսել իր ծաղիկների հետ. գիտի, որ նրանք լսում են իրեն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ