«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՆ

Այդ երկրի արտաքին քաղաքական կուրսը կպահպանվի

Հայաստանում Եգիպտոսի դեսպան Վահիդ Գալալը որոշ ժամանակ անց կավարտի իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Երեկ Մամուլի ազգային ակումբում դեսպանը, ընդգծելով երկու երկրների «լավ կապերում» Եգիպտոսի հայ համայնքի գործոնը, որը, ըստ դիվանագետի, «լուրջ մասնակցություն ունի նաեւ Եգիպտոսի ներքին կյանքում», նշեց, որ ինքը Երեւանից կհեռանա «լավ տպավորություններով»: Բնականաբարՙ դեսպան Գալալը հիմնականում խոսեց հետհեղափոխական Եգիպտոսի իրավիճակից: Շեշտելով, որ արաբական այդ երկրում իրականացված հեղափոխությունը «արտաքին հրահրանքի» կամ «կրոնական որեւէ ուղղության պահանջ» չէր, այլ ներքին ցանկություն, եւ «շատ կարեւոր է, որ առանց ավելորդ արյունահեղությունների ավարտվեց», դեսպանը նկատեց, որ Եգիպտոսում կատարվածը ոչ թե անհատի, այլ ռեժիմի փոփոխություն էր. «Եգիպտոսի` ժողովրդավարություն սիրող ժողովրդի շնորհիվ մեր երկիրը թեւակոխել է իրական ժողովրդավարացման շրջան», շեշտեց դիվանագետը:

Վահիդ Գալալը նաեւ նշեց, որ, փաստորեն կատարվել են ցուցարարների կարեւորագույն պահանջները, որոնցից առաջինը նա առանձնացրեց երկրում սահմանադրության որոշ դրույթների փոփոխությունը. «Ըստ ստեղծված հանձնաժողովի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների` այսուհետեւ նախագահը կընտրվի ոչ թե 6, այլ 4 տարի ժամկետով, եւ նույն անձն ավելի, քան երկու անգամ անընդմեջ չի կարող դառնալ նախագահ», նշեց դեսպանը:

Երկրորդ կարեւոր պահանջը, որը ներկայացրել էին եգիպտացի ցուցարարները, երկրի պառլամենտի ցրումն էր, որը եւս իրականացվել է, եւ երրորդը` հակակոռուպցիոն պայքարի ուժեղացումը. «Հենց այս պայքարի շրջանակներում երկրում կալանավորվեցին մի շարք պաշտոնյաներ», նշեց դեսպանը:

Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո Եգիպտոսի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններին, ապա դեսպան Գալալը հիշեցրեց նախագահ Մուբարաքից հետո երկրի ղեկավարությունը ստանձնած Ռազմական գերագույն խորհրդի ղեկավարի խոսքերը. «Եգիպտոսի` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կասեցվի կամ փոփոխվի»: Կոնկրետ Կահիրե-Վաշինգտոն հարաբերությունների առնչությամբ դեսպան Գալալը նկատեց. «ԱՄՆ-ը մեզ համար բարեկամ երկիր է, եւ սա փոխշահավետության վրա հիմնված գործակցություն է: Մեր հարաբերությունները նաեւ հիմնված չեն կոնկրետ անհատների վրա, դա երկու պետությունների գիտակցված քաղաքականություն է»: Սրանով եգիպտացի դիվանագետը նաեւ թերեւս հիմնավորեց այն ենթադրությունները, որ որեւէ լուրջ փոփոխության չեն ենթարկվի Եգիպտոսի հարաբերությունները Իսրայելի հետ:

Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների մասով դեսպանը նկատեց, որ չնայած երկկողմ քաղաքական գործակցությունը «շատ լավ է», տնտեսականը, սակայն, որոշակիորեն չի համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին ու ցանկություններին: «Կարծում եմՙ սրա պատճառն այն է, որ մեր երկրների գործարարները մանրամասն իրազեկված չեն միմյանց շուկաներից, բացի դրանից` չկա հստակ գործող տրանսպորտային ճանապարհ Հայաստանից Եգիպտոս», նկատեց դեսպանը: Վերջում դիվանագետը, շեշտելով, որ այսօր Եգիպտոսի ներքին իրավիճակը բավականին կայուն է, նշեց, որ Երեւան-Շարմ էլ Շեյխ ուղիղ չվերթերի սառեցման անհրաժեշտությունն այլեւս չկա:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4