«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


ՈՐՔԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՆԱՅԵԼ

Էներգաարդյունավետության ծրագրերի կիրառման շնորհիվ

Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)ՙ Հայաստանում իրականացվող Էներգախնայողության եւ էնեգրաարդյունավետության ծրագրի վերաբերյալ մանրամասներ երեկ ներկայացրեց ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանը: Նա նախ ներկայացրեց Հայաստանում էներգաարդյունավետության ներկա վիճակը:

Տիգրան Փարվանյանի ներկայացմամբ, կայուն էներգետիկայի ֆինանսավորումը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն այժմ ներկրում է իր էներգետիկ ռեսուրսների 2/3-ը, ջերմաէլեկտրակայանները չեն համապատասխանում միջազգային տեխնիկական, տնտեսական եւ բնապահպանական չափանիշներին, եւ չնայած բարենպաստ աշխարհագրական դիրքին եւ բնական ռեսուրսներին, վերականգնվող էներգետիկայի առումով Հայաստանը տուժում է ներդրումների պակասից: Ուստի ծրագրի նպատակն է հիմնել Հայաստանում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա: Դրա համար IFC-ը մտադիր է աջակցել վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման զարգացմանը, բարելավել օրենսդրական դաշտը, ստեղծել հարթակՙ աջակցելու ֆինանսական հաստատություններին էներգաարդյունավետության վարկեր շուկա հանելու գործում, բարձրացնել այս հարցի նկատմամբ իրազեկումը:

2008-2009-ին Հայաստանի 100 ձեռնարկությունների ղեկավարների շրջանում IFC-ի անցկացրած հետազոտության համաձայն, հարցվողների 72 տոկոսը նշել է, որ գործող օրենսդրությունը չի խթանում էներգաարդյունավետությունը: Միաժամանակ, մեր արդյունաբերության 5 ճյուղերը ներկայացնող (քիմիա, շինանյութերի արտադրություն, սննդարդյունաբերության, մետաղամշակում, մեքենաշինություն) ձեռնարկությունների միայն 48 տոկոսն է էներգաարդյունավետության բարձրացումը համարում բիզնես գերակայություն: Նրանք թերագնահատում են այդ ներուժը 70 տոկոսով: Այսինքն, ձեռնարկությունների ներկայացուցիչների կարծիքով, էներգաարդյունավետությունը միջինացված ցուցանիշով 7,7 տոկոսի խնայողություն կարող է տալ, մինչդեռ իրականում այդ ցուցանիշը 20 տոկոս կարող է լինել:

Տիգրան Փարվանյանը ներկայացրեց, թե ըստ կոնկրետ ճյուղերի որքան է էներգիայի ծախսի բաժինը արտադրական ծախսերի մեջ եւ որքան կարող է լինել էներգարդյունավետության ծրագրերի իրականացման դեպքում: Այսպես, մեքենաշինության մեջ էներգիայի ծախսն ընդհանուր արտադրական ծախսերի 56 տոկոսն է, բայց հնարավոր է իջեցնել մինչեւ 11 տոկոսի, մետաղամշակման մեջՙ 38 տոկոսն է եւ հնարավոր է իջեցնել մինչեւ 13 տոկոսի, շինանյությերի արտադրության մեջՙ 23 տոկոսՙ կարելի է իջեցնել մինչեւ 11 տոկոս, քիմիայումՙ 33 տոկոսՙ կարելի է իջեցնել մինչեւ 16 տոկոս, սննդարդյունաբերությունումՙ 27 տոկոս, կարելի է իջեցնել մինչեւ 12 տոկոս: Էներգաարդյունավետության ծրագրերի իրականացման համար հարցվողների 41 տոկոսը համարել է սեփական միջոցների բացակայությունը, իսկ արտաքին ֆինանսավորման համար դիմել է միայն 17 տոկոսը:

Ամփոփելովՙ ծրագրի ղեկավարը հայտնեց, որ մարտի 10-12-ը Մոսկվայի տանը տեղի կունենա «Էներգաարդյունավետության էքսպո 2011», որի նպատակն է զարգացնել այս շուկան, ցուցադրել էներգաարդյունավետության վերջին նմուշները, ամրապնդել արտադրող-սպառող կապերը:

Պատասխանելով «Ազգի» հարցին, թե ի՞նչ արդյունքների է հավակնում Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը, Տիգրան Փարվանյանն ասաց, որ մինչեւ 2015-ը ակնկալում են վեականգնվող էներգետիկայի արտադրման 35 մվտ նոր հզորությունների ստեղծում, տարեկան 120 գվտ/ժ վերականգնվող էներգետիկայի արտադրության աճ, ջերմոցային գազերի արտանետման տարեկան 70 հզ տոննա կրճատում եւ տարեկան 20 գվտ/ժ էներգախնայողություն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4