Կապտակե՞ր արդյոք Խաչատրյանը
Չգիտեմ Արամ Խաչատրյանը երբեւէ կպատկերացներ, որ իր անմահական «Գայանե» բալետի «Սուսերով պարը» սյուիտը կպարեն չադրա հագած աղջիկներՙ սուսերի փոխարեն իրենց ձեռքերում պահելով Կալաշնիկովի ավտոմատները: Կարծում եմ, մեծ կոմպոզիտորի երեւակայությունը դժվար նման պոռթկում ունենար: Մինչդեռ չեխական Ուստի Նադ Լաբեմ քաղաքի օպերային թատրոնի գլխավոր բալետմեյստեր եւ ռեժիսոր Վլադիմիր Նեչասը ոչ միայն գրել է բալետի նոր լիբրետոն, այլեւ իբրեւ հիմք վերցրել Պուշկինի «Կովկասի գերին» հայտնի պոեմը, որն էլ մեր օրերին համահունչ ադապտացրել է: Պարզվում է մոտ երկու դար առաջՙ 1822 թվականին գրված պոեմն ավելի ընկալելի կարող է լինել այսօրվա չեխ հանդիսատեսին, քան 1942 թվականին Պերմում գրված բալետի լիբրետոն, որն, իհարկե, եւս մեկ անգամ գրվել է 1957-ին, երբ «Գայանեն» բեմականացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում:
Փետրվարի 25-ին եւ 27-ին Չեխիայում ներկայացված «Գայանե» բալետի առաջնախաղերում գլխավոր հերոսուհինՙ Գայանեն այլեւս ոչ թե մարմնավորում է հայուհու, այլ մահմեդական կնոջ, ով սիրահարվում է կովկասցի գերի-զինվորինՙ այս դեպքում վրացուն, ազատում է նրան ու իր հետ փախչում վրացական գյուղՙ հետապնդվելով ոչ միայն իր փեսացու Ռուստամբեկի, այլեւ գյուղի մոլլայի կողմից: Վերջինս նույնպես փորձում է Գայանեին սիրահետել: Վերջաբանը ողբերգական է, քանի որ Գայանեին ու զինվորին գտնում են, հերոսներից մեկը մյուսին սպանում է եւ սիրո պատմությունը ավարտվում է արյունահեղությամբ: Հոր կրակոցից մահանում է նաեւ Գայանեն: Հայկական գյուղի Արմենին, Մացակին ու Գիքոյին այսպիսով փոխարինում են մոլլան, Ռուստամբեկն ու զինվոր-գերին: Արեւելյան կոլորիտը լրացնում են նաեւ ժամանակ առ ժամանակ կատարվող մահմեդական աղոթքիՙ նամազի տեսարանները: Ռեժիսոր Նեչասը չի ցանկանում որեւէ կոնկրետ ազգային նմանություն անցկացնել, եւ մեզ հետ զրույցում հավաստիացնում է, թե կերպարներում կարող ենք տեսնել եւ վրաց-աբխազական, եւ վրաց-օսական, կամ այլ հակամարտությունների դրվագներ, սակայն ներկայացման նախաբանում պաստառի վրա ցուցադրվող արխիվային հեռուստակադրերը ռուս-չեչենական եւ վրաց-օսական պատերազմներից, ցույց են տալիս Հյուսիսային Կովկասի վերջին տարիների արյունահեղությունները:
Ռեժիսորը մեզ հետ զրույցում իր այս ընտրությունը մեկնաբանում է այլեւս հնացած նախկին լիբրետոյով: «Մեզանում արդեն ոչ մեկի համար հետաքրքիր չէր լինի կոլխոզային սովետական մարդկանց պատմությունը: Ընտրեցի ժամանակակից թեմա, որը կհետաքրքի հանդիսատեսին եւ կներկայացնի Կովկասի այսօրվա իրավիճակըՙ լի պատերազմներով ու հակամարտություններով»,- ասում է նա: Ըստ ռեժիսորի առաջ է մղվում ոչ թե քաղաքականությունը, այլ մարդկային սերը, որի համար հերոսները պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը: Եվ իհարկե, այս ամենում ամենագլխավորը Խաչատրյանի երաժշտությունն է, որի ուժը խոսքերով նույնիսկ չեմ կարող նկարագրել»: Մանկուց Խաչատրյանին ունկնդրող, Պրահայի օպերային բալետի հայտնի պարողը, որ պարել է նաեւ Խաչատրյանի «Սպարտակում», 6 տարվա մտածումներից հետո, որոշել է վերակենդանացնել Խաչատրյանի «Գայանեն», նրա համար գրելով նոր լիբրետո, ինչպես նշեցինք ՙ իբրեւ հիմք վերցնելով Պուշկինի պոեմը:
«Իսկ ինչո՞ւ սրերի փոխարեն ընտրվեց Կալաշնիկով ավտոմատը» հարցն անսպասելի չէր ռեժիսորի համար: Բայց դա էլ իր բացատրությունն ունի, երբ տեսնում ենք ներկայացման առաջին րոպեներին բեմի պաստառների վրա ցուցադրվող պատերազմի կադրերը, ուր գերիշխողը ավտոմատներն ու տանկերն են: Դահլիճում նստած մտովի պատկերացնում ես, որ եթե հնարավորություն լիներ, միգուցե բեմ մտնեին նաեւ տանկերն ու ինքնաթիռները: Ինքըՙ ռեժիսորը դա բացատրում է ժամանակակից մեկնաբանությամբ, եւ նույնիսկ Մոսկվայի կենտրոն հասնող իսլամական ահաբեկչությամբ, բայց իր բեմականացումը նա ահաբեկչության քարոզչություն չի համարում: Ըստ նրա, այն էթնիկական տարբերակումներից եւ մեծ քաղաքականությունից դուրս է:
Ուստի Նադ Լաբեմի տեղական մամուլն արդեն իսկ քննադատաբար է մոտեցել ներկայացմանը, նույնիսկ թերթերից մեկում հանդիսատեսներից մեկը գրել էր, թե Խաչատրյանը գերեզմանում երեւի մի քանի անգամ շուռ կգա, երբ իմանա այս բեմականացման մասին: Սակայն ռեժիսոր Վլադիմիր Նեչասը պատասխանելով մեր նմանատիպ հարցին, ասաց. «Խաչատրյանի երաժշությունն այնքան դրամատիզմ ունի իր մեջ եւ ֆանտազիաների այնքան հնարավորություն է տալիս, որ ես լիովին կարող էի ազատ ստեղծագործել: Իմ ուղղումների եւ փոփոխությունների մասին շատ եմ մտածելՙ թե ի՞նչ կմտածեր պարոն Խաչատրյանը, եթե նա դահլիճում նստած լիներ: Ամեն դեպքում, ինձ թվում է նա կնայեր ներկայացումը եւ ինձ չէր ապտակի»: Իհարկե, Խաչատրյանը կարող է եւ չապտակեր, բայց ի՞նչ կաներ Պուշկինը, որի պոեմն էլ պակաս չի տուժել: Այլեւս չենք անդրադառնում բեմական ձեւավորման հեղինակ Ստանիսլավ Մյուլլերի աշխատանքին, ով օգտագործել էր պատերազմական գույներն ու թեմատիկան, արեւելյան զարդանաշխերի փոխարեն պատկերելով խաչաձեւվված ավտոմատներ եւ օդից կախված մարդկային կերպարանքով թիրախներ, որոնք մեղմ ասած չէին արտացոլում երաժշտության հաղորդած դրական էներգիան:
Ի դեպ, Գայանեի երկու դերակատարներըՙ պարուհիներ ռուս Մարգարիտա Պլեշկովան եւ չեխուհի Միխայելա Պրոխազկովան, մոլլայի դերակատար ռուս Վլադիմիր Գոնչարովը մեզ հետ զրույցում հաստատեցին, որ ներկայացման մեջ շատ բան կարող է եւ իրենց դուր չգալ, բայց իրենք ավելի շատ ապրում են Խաչատրյանի հանճարեղ երաժշտությամբ եւ ուրախ են, որ թատրոնի պատերից ներս այսօր թեւածում է այդ հիասքանչ երաժշտությունը: Եւ երեւի նրանք ինչ-որ տեղ ճիշտ են, քանզի ռեժիսոր Նեչասն էլ նույն կարծիքին է: Դիրիժոր Միլան Կանյակի ղեկավարած նվագախումբը գերազանցեց մեր սպասելիքներըՙ կատարումը հիանալի էր:
«Ես գիտեմ, թե հայերիդ համար ինչ ծանր է իսլամի հետ հարաբերությունները, հատկապես, որ պատմության ընթացքում տեսել եք թուրքերի իրականացրած ցեղասպանությունը, ուստի, ես հայերին հեռու պահեցի այս պատմությունից: Իսկ Գայանեի անունը փոխել չէի կարող, քանի որ դա բալետային ստեղծագործության անունն էր»: Ռեժիսոր Նեչասի այս անկեղծ խոստովանությունից հետո միայն հասկանում ես, որ հայերն այս անգամ ուղղակի «փրկվել են», այլապես ավտոմատներով պարող աղջիկների տեղում կարող էին նաեւ հայուհիներ լինել:
Մեր զրույցների եւ տպավորությունների այլ մանրամասներըՙ «Օրեր» եվրոպական ամսագրում:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա