«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2011-02-26 | #35, 2011-03-01 | #36, 2011-03-02


ՄԻՆՍԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐՆԵՐԸ

Փետրվարի 28-ին որոշ միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբՙ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Որեւէ աղբյուր չի նշում` Քադդաֆին եղե՞լ է ինքնաթիռում, թե` ոչ. միայն արվում են որոշ ենթադրություններ, որ Լիբիայի «առաջին ինքնաթիռը» «եղբայր Լուկաշենկոյի» մոտ է տեղափոխել Քադաֆիի ընտանիքին: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ օրեր առաջ Բելառուսի նախագահը Մինսկ հրավիրեց Լիբիայի առաջնորդին. սա այն դեպքում, երբ Քադաֆիի մուտքը, ինչպես, ի դեպ, Լուկաշենկոյի, Եվրոմիության երկրներ արգելված է: Հետաքրքական է, որ ադրբեջանական «Ազադլիգը» Լուկաշենկո-Քադդաֆի զույգին ավելացնում է նաեւ Իլհամ Ալիեւին, քանի որ վերջինիս... Լուկաշենկոն անձամբ շնորհել է Մինսկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Վերոհիշյալ կոչումը երկրների ղեկավարներից, բացի Ալիեւից, ունի միայն Քադդաֆին: Ավելին` ադրբեջանա-լիբիական «եղբայրական» կապերի մասին վկայում է նույն «Ազադլիգի» քաղվածքը պաշտոնական «Ազարբայջան» թերթի 2000-ի նոյեմբերի 21-ի համարից, որտեղ մասնավորապես գրված է. «Ադրբեջանի հանրապետության նախագահ Հեյդար Ալիեւը 2000-ի նոյեմբերի 20-ին Լիբիայի բարձրագույն ժողովրդական կոմիտեի` արտասահմանյան կապերի եւ միջազգային համագործակցության քարտուղարի (նախարարի) քաղաքական հարցերով տեղակալ Սեդ Մուսթաֆա Մուջբիրի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է, որ հիացած է իր բարեկամ եւ եղբայր Քադդաֆիի` Աֆրիկյան միություն ստեղծելու ջանքերով, որը պետք է միավորի 700 մլն մահմեդականների»: «Ազադլիգը» եզրակացնում է, որ փաստորեն այդ տարիներին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը միակը չէր, որ Հեյդար Ալիեւի «եղբայրն ու բարեկամն էր»: Դե, իսկ որ Իլհամ Ալիեւը հոր ժառանգորդն է, այդ թվումՙ քաղաքական հարցերով, մենք գիտենք առանց «Ազադլիգի» եզրակացության: Ի դեպ, ադրբեջանական պարբերականը հեգնանքով նկատել է. «Թերեւս միայն ժամանակի բացակայության պատճառով Բաքվում չկանգնեցվեց Քադդաֆիի արձանը, ինչպես մինչեւ այսօր կանգուն է մեկ այլ բռնապետ Հոսնի Մուբարաքի արձանը»: Հենց Բաքվում Եգիպտոսի նախկին նախագահի արձանի հիշատակմամբ էլ սկսել է իր`«արաբական հեղափոխությունների ալիքի» մասին հրապարակումը ամերիկյան The Newsweek հանդեսը. «30 տարի շարունակ երկիրը երկաթե բռունցքով ղեկավարած, 17 օրվա ժողովրդական դիմակայությունից հետո վերջապես իշխանությունից հեռացած Հոսնի Մուբարաքը բազմել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում», գրում է ամերիկյան հանդեսը: Այնուհետեւ, ընդգծելով, որ ամենայն հավանականությամբ Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները 1990-ականերին Արեւելյան Եվրոպայի ժողովրդական շարժումների կրկնությունն են, The Newsweek-ը գրում է. «Շատ մեծ է հավանականությունը, որ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում բռնկված ապստամբության ալիքը չի սահմանափակվի միայն այդ աշխարհագրությամբ: Նույնիսկ արեւմտյան փորձագետներն ու պաշտոնատար անձինք են հայտարարում, որ իշխանափոխությանն ուղղված գործողություններ կիրականացվեն Ադրբեջանից մինչեւ Զիմբաբվե ընկած տարածքում: Եվրոպայի որոշ առաջնորդներ, հենվելով անվտանգության, կայունության եւ էներգետիկ ռեսուրսների վրա, կարծում են, թե իրենց իշխանությունը շարունակական է լինելու: Սակայն նրանք պետք է եզրակացություններ անեն Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում եւ այլ երկրներում տեղի ունեցող իրադարձություններից: Իշխանությունը բռնությամբ պահելը միայն ավելի շատ զայրույթ եւ ագրեսիա է ստեղծում կառավարության դեմ»:

Թերեւս մնում է «մեծ վերապահումով» համաձայնել ամերիկյան հանդեսի եւ որոշ համապատասխան փորձագիտական կարծիքներին, թե արաբական հեղափոխությունը կհասնի նաեւ Ադրբեջան. չէ՞ որ այդ երկիրը ամենաբարձր մակարդակով, պայքար է սկսել կոռուպցիայի դեմ:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4