«Որոշ մարդիկ, ներառյալ Եվրոպայում, վստահություն չունեն թուրքական կողմի նկատմամբ: Նրանք կարծում են, որ Թուրքիան ասում է մի բան, անում է մեկ այլ բան»: Այդ մասին հայտարարել է Ավստրիայում այցով գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական Der Standard-ին տված հարցազրույցում: «Թուրքական կողմի հետ բանակցային գործընթացը բազում խոչընդոտներով լի երկար եւ բարդ գործընթաց էր: Նախարարական մակարդակով տեղի են ունեցել ավելի քան տասը հանդիպումներ: Օրինակՙ Դավոսում Թուրքիայիՙ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի հետ վարել ենք 35 ժամ տեւողությամբ բանակցություններ: Մենք վերջապես եկանք համաձայնության եւ Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերին Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների ներկայությամբ ստորագրեցինք արձանագրությունները: Ստորագրելուն պես Թուրքիան դրանց վավերացման համար առաջ քաշեց նախապայմաններ», նշել է Նալբանդյանը: Հարցին, թե ի՞նչ կատարվեց թուրքական կողմի հետ, Նալբանդյանը պատասխանել է. «Հավանաբար այդ մասին Դուք պետք է հարցնեք նրանց: Հնարավոր էՙ ոչինչ էլ չի պատահել: Ամեն դեպքում, հնարավոր էՙ նրանք, ովքեր ասում էին, որ դուք չեք կարող վստահել Թուրքիային, լրացուցիչ փաստարկ են ստանում»: Դիտարկմանը, թե արդյո՞ք թուրքական կողմը հետ կանգնեց գործընթացից` ընտրությունների հետ կապված նկատառումներից ելնելով, Նալբանդյանը նշել է. «Թուրքերը հակված են մտածելու, որ միայն Թուրքիայում կարող են լինել ընտրություններ, հանրային կարծիք: Մինչդեռ մենք ավելի շատ պատճառներ ունենք նախապայմանների մասին խոսելու համար»:
Հ. Ա.