Չնայած Բաքվում ԱՄՆ դեսպան Մեյթու Բրայզան դեռ փետրվարի կեսերին հայտարարեց, որ մարտի 5-ին Սոչիում հերթական անգամ կհանդիպեն նախագահներ Սարգսյանը, Մեդվեդեւը եւ Ալիեւը, այդ հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն եղավ միայն օրերս: Մեկ այլ հարց է, թե ինչո՞ւ Բրայզան շտապեց իր հայտարարությունը անելիս. մի՞թե ոչ այն բանի համար, որ նախ` ցույց տա, որ Վաշինգտոնը, անկախ նրանից, թե որտեղ է հերթական նախագահական հանդիպումը, ամբողջովին տիրապետում է հակամարտության խաղաղ բանակցային ընթացքին, երկրորդ` որպեսզի հերթական անգամ իրեն զգա որպես Մինսկի խմբի համանախագահ: Ինչեւէ, Բրայզան իրավացի գտնվեց` մարտի 5-ին Սոչիում կկայանա այս տարվա համար առաջին Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը, իսկ մինչ այդ հանդիպումը արձանագրենք որոշ փաստեր. անցած շաբաթվա ընթացքում, ըստ ԼՂՀ ՊԲ հայտարարության, ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 170 անգամ` ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա արձակելով 1400 կրակոց: Փետրվարի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում` Ջրաբերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիմել էր դիվերսիոն գործողության: Այս իրադարձությունից մի քանի օր անց միայն ադրբեջանական աղբյուրները հաղորդեցին ադրբեջանական բանակի 8 կամ 7 զոհերի մասին: Այս համատեքստում կարեւոր կլինի, եթե նախագահ Մեդվեդեւը Սոչիում հիշեցնի ադրբեջանական կողմի գերագույն գլխավոր հրամանատարին նախորդ տարի Աստրախանում կրկին եռաչափ ֆորմատով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին. այն է` հումանիտար գործակցություն, ռազմագերիների ու զոհվածների աճյունների փոխանակում. չէ՞ որ պարզ ճշմարտություն է, եթե չիրականացվեն դիվերսիոն գործողություններ, հրադադարը չխախտվի 170 անգամ, չարձակվեն 1400 կրակոցներ, էլ չենք ասումՙ դիպուկահարները դուրս գան շփման առաջին գծից, չեն լինի ոչ զոհվածներ, ոչ ռազմագերիներ:
Նախքան Սոչիի հանդիպումը հատկանշական էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի եւ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հարավկովկասյան շրջայցը: Սա հատկանշական է ոչ միայն բուն ղարաբաղյան գործընթացի առումով, այլեւ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում: Այսպես` փետրվարի 17-ին, նույն օրը, երբ ԱՄՆ դեսպանի իր հավատարմագրերը Իլհամ Ալիեւին հանձնեց Մեթյու Բրայզան, այնուհետեւ ասուլիս տվեց ադրբեջանցի լրագրողներին, Բաքու ժամանեց Կուբայի արտգործնախարար Բրունու Ռոդրիգես Պարիլյան: Նա հանդիպումներ ունեցավ ԱԳ նախարար Մամեդյարովի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Բաքվի եւ Հավանայի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռեւս 2004-ին: WikiLeaks-ը անգամ փաստում է, որ «ջերմ կապեր կան Կաստրո եւ Ալիեւ ընտանիքների միջեւ», իսկ երբ ԱՄՆ նախկին դեսպանը Բաքվում` Էն Դերսին, պահանջել է, որ Բաքուն եւս միանալ Կուբայի դեմ միջազգային պատժամիջոցներին, Ադրբեջանը մերժել է: Ակնհայտ է, որ նաեւ այս իրադարձությունից հետո, բավական տեւական ժամանակ` մեկ տարուց ավելի, Վաշինգտոնը դեսպան չուներ «տարածաշրջանում իր համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող» Բաքվում: Ինչեւէ, նախարար Պարիլյայի Բաքու կատարած այցից ուղիղ մեկ շաբաթ անց արդեն այդ քաղաքում էին ԱՄՆ առաջին փոխպետքարտուղարը եւ պետքարտուղարի օգնականը: Կոնկրետ ղարաբաղյան հարցով, արդեն վերադառնալով Վաշինգտոն, փոխպետքարտուղար Սթայնբերգը հայտարարեց, որ ԱՄՆ-ի համար խիստ կարեւոր է ղարաբաղյան հարցի լուծումը եւ որ «այդ հարցը այժմ արգելափակված է». «Այնուամենայնիվ ԱՄՆ-ը հույս ունի առաջընթաց տեսնել ղարաբաղյան հարցում, ինչը կբխի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերից», եզրակացրել էր Հիլարի Քլինթոնի առաջին տեղակալը:
ԼՂ հիմնահարցում ԱՄՆ-ի «հույսի» հետ կապված հատկանշական են այդ երկրի ռազմական փորձագետների, վերլուծաբանների, անգամ ԱՄՆ ազգային հետախուզության պետի հայտարարությունները: Փետրվարի 20-ին, մինչ ամերիկացի զույգ դիվանագետները կժամանեին տարածաշրջան, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփփերը ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի լսումների ժամանակ: Քլեփփերը ԼՂ հիմնահարցի վերաբերյալ մասնավորապես նշել է. «Ղարաբաղյան սառեցված հակամարտությունը եւս պայթյունի հավանական օջախ է: Կարծում եմՙ Ադրբեջանի իշխանությունները բավարարված են հայ-թուրքական հարաբերությունների սառեցման գործընթացով, ավելին` նախագահ Ալիեւը ձգտում է Արեւմուտքի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի շահերին` ի հաշիվ Հայաստանի: Կարելի է արձանագրել, որ երկու կողմերի ապակառուցողական դիրքորոշումը, նաեւ հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները մեծացրել են իրավիճակի էսկալացիայի վտանգը»: Ամերիկացի պաշտոնյայի հետ «համաձայն են» նաեւ մի շարք ամերիկացի փորձագետներ, որոնց կարծիքով եւս «Ղարաբաղում պատերազմը խիստ հնարավոր է»: Ճիշտ է` նրանցից բոլորը նաեւ շեշտում են, որ «այդ պատերազմը կործանարար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»:
Իրենց ամերիկացի «գործընկերների» հետ այնքան էլ համաձայն չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող Ռուսաստանը ներկայացնող փոձագետ-վերլուծաբան-պաշտոնյաները: «Ազգը» փետրվարի 25-ի համարում տեղեկացրեց, որ ռուսական «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Վիկտոր Շեյնիսը պարզապես «բլեֆ» է որակել Ադրբեջանի ռազմատենչ հոխորտանքը, որին սակայն պետք է լրջորեն վերաբերվել, քանի որ` «Անհնար է երկար ապրել զենքի փողի տակ»: Գրեթե նույն կարծիքն է հայտնել նաեւ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու պատրաստակամությունը զուտ հռետորաբանություն է, Կազմիրովը նշել է. «Միջազգային հանրությունը` ԵԱՀԿ գլխավորությամբ, պետք է որոշումներ ընդունի այս հարցի կապակցությամբ, քանի որ Բաքվի իշխանությունների` պատերազմ վերսկսելու մասին հայտարարությունները մի շարք միջազգային նորմեր են խաթարում, ինչպես նաեւ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացը»: Իր հերթին հայտնի ռուս վերլուծաբան, ՌԴ Գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը նկատել է. «Եկեք լավատես լինենք. կարծում եմՙ կողմերին ոչ ոք թույլ չի տա երկար պատերազմել, ավելին` ռազմական սցենարի անթույլատրելիության մասին այսօր խոսում են բոլոր, ընդ որումՙ բացի Մինսկի խմբի համանախագահողներից, նաեւ Իրանը»: Իրանի մասով բավական հետաքրքրական հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի մեկ այլ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը: Վերջինս հարցազրույց է տվել ադրբեջանական «Վեստի.ազ»-ին, որտեղ մասնավորապես ասել է. «Իհարկե, Իրանն օժանդակում է Հայաստանին, քանի որ Թեհրանը շահագրգռված է ԼՂ ներկա կարգավիճակի պահպանմամբ եւ չի ցանկանում իր սահմանների անմիջապես հարեւանությամբ տեսնել օտար, թեկուզ խաղաղապահ զորքեր»: Սկակովը նաեւ կարծիք է հայտնել, որ «եթե անգամ Ղարաբաղում վերսկսվի պատերազմը, ապա կտեւի ոչ ավելի, քան 10 օր. կողմերին թույլ չեն տա երկար պատերազմել», նշել է Սկակովը:
Ինչեւէ, մինչ Մինսկի խումբը ներկայացնող Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, տարբեր մակարդակներով, սովորաբար իրարամերժ կարծիքներ են բարձրաձայնում ԼՂ հիմնահարցի մասին, Ադրբեջանը, մեղմ ասած, կրկնապատկելով իր ռազմական ծախսերը, նորանոր «զենքի աղբյուրներ է» գտնում: Այսպես, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն` «Բաքուն բանակցություններ է վարում չեխական Ceska Zbojovka ընկերության հետՙ Scorpion EV03 A1 ատրճանակ-գնդացիրներ գնելու: Ինչպես հաղորդել է չեխական ընկերության ներկայացուցիչը, «զինատեսակը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին եւ չեխական բանակ է ներմուծվել միայն այս տարի: Զենքը կրակում է 250 մ հեռավորությունից»:
Ինչպես նկատում ենք, մարտի 5-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները «քննարկելու շատ բան ունեն», մնում է միայն գուշակել` կհեռանա հերթական եռակողմից Իլհամ Ալիեւը դժգո՞հ, թե՞ ոչ: Ի դեպ, Ալիեւը Սոչի կժամանի արդեն իսկ «դժգոհ». ամերիկյան ազդեցիկ The Wall Street Journal-ը օրերս հրապարակեց այն երկրների վարկանիշային ցուցակը, որտեղ «առկա է ապստամբ տրամադրությունների բռնկման հնարավորություն»: Ցուցակում, որտեղ, իմիջիայլոց, Հայաստանը չկա, առաջինը Քենիան է, իսկ «ամենապայթյունավտանգ տասնյակը» եզրափակում է Ադրբեջանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ