«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2011-03-01 | #36, 2011-03-02 | #37, 2011-03-03


ԹԱՄԱՄՅԱՆՆ ՈՒ ԱԴԱՄՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ փետրվարի 23-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածներով սահմանված կարգով, միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ: Բացի դրանից` դատախազությունը հորդորել է ոստիկանությանը` «ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` ոստիկանության համակարգում թույլ տրված այս եւ նմանօրինակ խախտումները կանխելու, այդպիսիք վերացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ լուծել այդ խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը»: Դատախազությունից նաեւ տեղեկացնում են, որ ըստ վերոհիշյալ միջնորդության` «Թամամյանն ու Ադամյանը, իրենց պաշտոններին մնալով, կարող են խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության իրականացմանը»: Նշենք, որ դատախազության սույն միջնորդագրի պատճառը ներկայումս Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ պաշտոնյաների կողմից` «դեպքի փաստական հանգամանքները միտումնավոր կերպով խեղաթյուրելն է»: 2010-ի մայիսի 12-ին Երեւանի Կոմիտասի պողոտայում մի խումբ անձանց մասնակցությամբ խուլիգանական գործողությունների հետեւանքով զոհվել է Խաչիկ Մկրտչյանը, որը, սակայն, հասցրել է հրազենային վնասվածքներ հասցնել Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին: Մինչդեռ նախաքննության ընթացքում Մկրտչյանին սպանած երեւանցի Վռամ Սամվելի Բաղդասարյանը այդ գործով կանչվել է ընդամենը որպես վկա` դրանով իսկ խուսափելով պատասխանատվությունից: Հենց այս հանգամանքները քննելով` գլխավոր դատախազը միջնորդագիր է ուղղել ոստիկանապետին` գործի նախաքննությունը վարող Թամամյանի եւ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության կապակցությամբ: Եվ, միայն հետագա` լրացուցիչ քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով. վերջինս այժմ կալանավորված է: Հավելենք նաեւ, որ Թամամյանն ու Ադամյանը արդեն փետրվարի 26-ին ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4