Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը որոշում է կայացրել արդիականացնելու ադրբեջանական Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը: Հիշեցնենք կայանի օգնությամբ հնարավոր է մի քանի հազար կիլոմետր հեռավորությամբ հետեւել օդային տարածքներին, անգամ` տիեզերքում տիրող իրավիճակին: ՌԴ ՊՆ-ն, իհարկե, արդիականացման գործընթացի մանրամասնությունները գաղտնի է պահել, հայտնի է միայն, որ կտեւի մի քանի տարի եւ «հնարավոր կլինի տեսնել մեկուկես անգամ ավելի հեռուն, օրինակ, հետազոտություններ անել հասարակածից այն կողմ»: Գաբալայի հրամանատար Վիկտոր Տիմոշչենկոն այս կապակցությամբ ասել է. «Որոշակի պայմաններում եւ աննշան ծախսերի դեպքում մենք պատրաստ ենք աշխատել եւս 10, 15, անգամ 20 տարի նույն ռեժիմով, ինչ հիմա»: Գաբալայի կայանը Ռուսաստանը վարձակալում է Ադրբեջանից: Համապատասխան պայմանագիրը կնքվել է 1992-ին` 10 տարով: Հետեւաբար գալիք տարի լրանում է կայանը վարձակալելու ժամկետը, որի երկարաձգման վերաբերյալ Բաքվից որեւէ պատրաստակամություն մինչեւ հիմա չի հնչել: Միեւնույն ժամանակ` ՌԴ-ի ՊՆ-ի որոշումն ու կայանի ռուս հրամանատարի վերոհիշյալ հայտարարությունը տալիս են ենթադրությունների հիմք, որ Մոսկվան ամենեւին էլ ցանկություն չունի հեռանալու Ադրբեջանից:
Հ. Ա.