«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2011-03-01 | #36, 2011-03-02 | #37, 2011-03-03


ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽԱՅԾԸ ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ՈՒՂԵՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը` 100 դոլար, միջին կենսաթոշակը` 112 դոլար»: Սա Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ վերջին հանրահավաքի ժամանակ իշխանություններին ներկայացրած պահանջներից է: Այն, որ նախկին նախագահը տնտեսությունից առանձնապես պատկերացում չունի, ինչպես նաեւ այս ոլորտում նրա գլխավոր խորհրդական Հրանտ Բագրատյանը, բազմիցս ենք համոզվել եւ զգացել մեր կյանքում: Աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման խայծը նետելիս, առաջին նախագահը, բնականաբար, նպատակ է ունեցել իր կողմը գրավել հատկապես սոցիալապես անապահով խավին: Բնական է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնցից մեկն էլ ՀՀՇ-ն է եւ նրա փաստացի ղեկավարը, պետք է նման քայլեր անեն: Խնդիրն այլ է:

Նախՙ ինչո՞վ են հիմնավորված թոշակների եւ աշխատավարձերիՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկվող հենց այս չափերը: Բացարձակապես ոչնչով, քանի որ նրա խորհրդական Հրանտ Բագրատյանի փաստարկները երբեք էլ չեն ընկալվել որպես տնտեսական հիմնավորումներ: Դրանք մշտապես եղել են քաղաքական, հեռու տնտեսագիտական նշույլից: Այսինքն, աշխատավարձի, թոշակների, նպաստների այս չափերը փուչիկներ են: Տնտեսության մասին ամենատարրական գիտելիքներ ունեցողները գիտեն, որ շատ վտանգավոր է միանգամից բարձրացնել աշխատավարձերն ու նպաստները, քանի որ դա կբերի պահանջարկի ավելացման, ինչն էլ իր հերթին եւս մեկ խթան կլինի գնաճի համար: Փաստորեն, նման բարձրացումից որոշ ժամանակ անց այդ գումարները դարձյալ նույն գնողականությունը կունենան, ինչ մինչեւ բարձրացումը:

Երկրորդըՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը այն անձը չէ, որ բարոյական իրավունք ունի խոսելու թոշակների, նպաստների կամ աշխատավարձերի մասին: Նրա եւ նրա հետեւորդների հիշողությունը հավանաբար բթացել է: Հիշեցնենք, թե ինչ չնչին աշխատավարձեր եւ կենսաթոշակներ էին ստանում մարդիկ 90-ականներին, որոնք ուշացվում էին ամիսներով եւ տարիներով: Սակայն, ցավոք, եթե այդ տարիներին ոմանց վերջույթները (ձեռքերն ու ոտքերը) ցրտահարվեցին, ապա մյուսներիՙ ուղեղները: Այլապես կհասկանային, թե իրենց հոգսերը ո՜ւր, Լեւոն Տեր-Պետրոսյանն ուր:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4