Մայրաքաղաքի Մաշտոցի եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկում երեկ «Ամերիաբանկը» բացեց իր արդեն 7-րդ մասնաճյուղը: Բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքերով` այս տարի բանկը կբացի եւս 4 մասնաճյուղ, դրանցից երկուսըՙ մարզերում. «Առաջիկա հունիսին արդեն «Ամերիաբանկը» կբացի իր մասնաճյուղը Վանաձորում, եւ, իմ կանխատեսումներով, սեպտեմբեր-հոկտեմբերին` Գյումրիում», ասաց Հանեսյանը:
Մյուս երկու մասնաճյուղերը կբացվեն Երեւանում, ամենայն հավանականությամբ մեկը Կոմիտասի փողոցում, մյուսը` կամ Շենգավիթում, կամ Նոր Նորքում: Կոնկրետ Մոսկովյան մասնաճյուղի վերաբերյալ Հանեսյանն ընդգծեց, որ այս մասնաճյուղում, բացի «Ամերիաբանկի» բոլոր ծառայություններից, հաճախորդներին կառաջարկվի նաեւ բանկային պահատուփերի ծառայություն:
«Մենք արդեն ներմուծել ենք շուրջ 150 պահատուփ, որոնցից մեկի մեկ տարով վարձակալությունը կարժենա 60 հազար դրամ», նշեց Հանեսյանը: Բացի վերոհիշյալ առանձնահատկությունից, «Ամերիաբանկի» մոսկովյան մասնաճյուղի հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու բանկի ընձեռած «զեղչերի մեկամսյակից»:
Հանեսյանի խոսքերով, նրանք, ովքեր կլինեն տվյալ մասնաճյուղի հաճախորդները առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կօգտվեն զեղչային համակարգից, սա վերաբերում է նաեւ պահատուփային ծառայությունից օգտվողներին:
Հ. Ա.