«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2011-03-01 | #36, 2011-03-02 | #37, 2011-03-03


ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ

Փետրվարի 28-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկության (ՎՔԹՀ) նախագահ Վալտեր Հարցարիչի միջեւ ստորագրվեց Վենետիկում առաջին հայալեզու գրքի հրատարակման 500-ամյակի առթիվ Սան Մարկո հրապարակի հռչակավոր թանգարաններում ցուցահանդես կազմակերպելու մասին համաձայնագիրը: Կողմերը մեծ գոհունակություն հայտնեցին այս կարեւոր իրադարձության սկիզբը դնելու առիթով եւ պարտավորվեցին լավագույնս կազմակերպել հայ գրատպության 500-ամյակը խորհրդանշող ցուցահանդեսը, որը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության նախագահների բարձր հովանու ներքո: Արարողությանը, որը տեղի ունեցավ ՎՔԹՀ տնօրենության սրահում, ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, ինչպես նաեւ ցուցահանդեսի կուրատորներ` Պողոս Գաբրիելա Ուլուհոջյանը, Լեւոն Զեքիյանը եւ Վարդան Կարապետյանը, որ, բացի այդ, աշխատանքների ընդհանուր համակարգողն է:

Հաջորդ առավոտյան` մարտի 1-ին, ՀՀ պաշտոնական պատվիրակությանը եւ ցուցահանդեսի կուրատորներին ընդունեց Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին: Քննարկվեցին ցուցահանդեսի շրջանակներում լայնամասշտաբ համագործակցության` մասնավորապես քաղաքային համապատասխան կառույցները միջոցառման կազմակերպման եւ գովազդման նպատակով տրամադրելու հնարավորությունները: Քննարկվեց նաեւ Սան Մարկոյի մայր տաճարում հայ հոգեւոր երաժշտության համերգ կազմակերպելու հարցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4