Մարտի 6-7-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-10 աստիճանով, եւ ամսի 7-8-ին` ցերեկային ժամերին մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 10-14 աստիճանի: Սյունիքի հովիտներում ու Տավուշում այդ օրերին կգրանցվի մինչեւ 15-17 աստիճան տաքություն: Երեկ այս տվյալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Ջերմաստիճանը կբարձրանա, եւ տեղումների քանակը մարտին նորմայից ավելի կլինի: Չնայած սպասվող փոփոխություններին` Զարուհի Պետրոսյանը խիստ անհանգստություն չի ցուցաբերում. «Սպասում ենք բարեհաջող գյուղատնտեսական տարի»: Սակայն մինչեւ մարտի 7-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանի մի փոքր նվազում կլինի: Առաջիկա 2 գիշերներին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կլինի - 4-ից մինչեւ -6 աստիճան: Այսօրվանից առավելագույն ջերմաստիճանը նույնպես կնվազի, Արարատյան դաշտավայրում կտատանվի 4-6 աստիճանի սահմաններում: Մարտի 3-ին ձյան տեղումներ կլինեն: «Մայրաքաղաքում էլ ձյան փաթիլներ կտեսնենք», «Հենարան» ակումբում հավելեց Զ. Պետրոսյանը: Հանրապետության բոլոր շրջանների համար, առհասարակ, մարտն անցումային ամիս է: Մարտի 7-8-ին հանրապետության առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Բանախոսի փոխանցմամբ` մարտի 8-ին սպասվում է ամպամած եղանակ, այստեղ անձրեւը եւս չի բացառվում: Այնուամենայնիվ, վերլուծությունները ցույց են տալիս, որ մարտի 8-ին գրեթե ամեն տարի եղանակը եղել է տաք ու առանց տեղումների: Մարտի 8-ից հետո ջերմաստիճանը կնվազի:
Ինչ վերաբերում է ցրտահարությանը, բանախոսը նշեց` ցրտահարությունից խոսելու համար դեռ շատ վաղ է: Սակայն հուսադրող հանգամանք է, որ այս տարի վաղ վեգետացիա բարեբախտաբար չի եղել:
Այնուհետեւ, Զարուհի Պետրոսյանը, վերլուծելով անցյալ ամսվա եղանակային պայմանները, ասաց, որ դրանք բարենպաստ են եղել, եւ աշնանացանի համար բացասական ջերմաստիճան չի գրանցվել:
Ի. Պ.
Նկար 1. Զարուհի Պետրոսյան