«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2011-03-02 | #37, 2011-03-03 | #38, 2011-03-04


ՍՈՉԻՈՒՄ ԵՐԵՎԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԲԱՔՎԻ «ԱՅՈ»-Ն, «ԱՅՈ, ԲԱՅՑ»-Ի ՓՈԽԱՐԵՆ

Նալբանդյանը ելույթ է ունեցել Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

  Նախարար Նալբանդյանը չորեքշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում ու հանդիմանել Ադրբեջանինՙ ԼՂ հակամարտության հրադադարը ռազմական նոր գործողություների պատրաստությամբ չարաշահելու համար, «Հայաստանը կշտամբում է Ադրբեջանինՙ ռազմական ուղին հետապնդելու համար» վերնագրյալ հոդվածում մարտի 3-ին գրում է ավստրիական «Թիրոլեր թագեսցայթունգը»: Հայաստանը ձգտում է խնդրի ամբողջական լուծման 6 կետ ներառող ծրագրով, իսկ Ադրբեջանը ոչ թե ամբողջական փաթեթի, այլ առանձին կետերի վերաբերյալ է ուզում տեսնել քննարկումը: Հայաստանը հատկապես վկայակոչում է «ԼՂ բնակչության ազատ որոշումը» նախարար Նալբանդյանի խոսքն է մեջբերում թերթըՙ շարունակելովՙ Ադրբեջանը այդուհանդերձ մերժում է ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իր ելույթում Նալբանդյանը շեշտել է, թե իր երկրի տեսակետը համահունչ է միջազգայինին, եւ ԱՄՆ նախագահ Օբաման դեկտեմբերին Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում պաշտպանել է Հայաստանի դիրքորոշումը: Նալբանդյանը գովել է նաեւ Ղարաբաղի հարցով հանդիպումներում Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի կառուցողական դերակատարումը: Սոչիում շաբաթ օրը կայանալիք առաջիկա հանդիպմանն անդրադառնալովՙ նախարար Նալբանդյանը ցանկություն է հայտնել Ադրբեջանի «այո»-ն լսել Հայաստանի ներկայացրած ամբողջական առաջարկներին, «այո, բայց»-ի փոխարեն: ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է, թե Ադրբեջանը մերժել է Մինսկի խմբի առաջնորդությամբ բանակցություններում Հայաստանի բոլոր առաջարկները, բացի դրանից նա հրադադարն օգտագործել է ուժեղ սպառազինվելու համար:

Հայաստանի արտգործնախարարության քաղաքական անվտանգության տնօրեն Լեւոն Այվազյանը տարեսկզբին Վիեննայում ասել էր, թե նախկինՙ ԽՍՀՄ ժամանակների կարգավիճակին հետդարձն անհնարին է: Մինսկի խմբի բանակցություններում ԼՂ-ն իբրեւ հակամարտության կողմ չի ընդունվում, բայց իրականում արդեն գործող պետություն է բոլոր մարմիններովՙ ներառյալ նախագահ ու խորհրդարան: Պարզապես ազնիվ չէ պահանջել, որ «Հայաստանն առաջին քայլն անի»:

Ինչ վերաբերում է հարեւան Թուրքիայի հետ հարաբերություններին, ավստրիական թերթը գրում է, թե Երեւանի առաջարկն է եղել առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ սկսելը, եւ շարունակումՙ արձանագրությունները չվավերացնելու Թուրքիայի վարքագիծը ընտրություններով պայմանավորելը Նալբանդյանը պատրվակ է համարել: Մերձեցումը բխում է տարածաշրջանի, նաեւ Ադրբեջանի շահերից, նկատել է տվել արտգործնախարարը: Հայոց ցեղասպանության մասին հարցին նախարար Նալբանդյանի ձայնը հաշտեցնող երանգներ ուներ, գրում է «Թիրոլեր թագեսցայթունդը» մեջբերելովՙ մոտ հարյուր տարի է, ինչ Թուրքիան չի ճանաչում այս իրողությունը (ցեղասպանությունը-Ան. Հ.), «բայց բանակցությունները փաստում են, որ միմյանց հետ կարող ենք խոսել»: Նալբանդյանը հիշատակել է, թե վերջին ժամանակները շատ թուրքեր են այցելել Ծիծեռնակաբերդի հուշարձան, ինչպես նաեւ թուրք մտավորականների ներում հայցելը:

Ավստրիական մեկ ուրիշՙ Wirtschafts Blatt-ը Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում ՀՀ արտգործնախարարի վերոհիշյալ ելույթին անդրադառնալով գրում է, թե Նալբանդյանն արտահայտել է իր երկրի ցանկությունըՙ Երեւանում Ավստրիայի դեսպանություն բացելու վերաբերյալ: Անկախ Հայաստանը առաջին օրերին բացեց իր դեսպանությունը Վիեննայում, Երեւանը սպասում է համարժեք քայլի, որ կօգնի համագործակցությունը առաջ տանել, ասել է Էդվարդ Նալբանդյանըՙ նշելով, թե Հայաստանը ձգտում է Ավստրիայի հետ ունենալ «լայն ու խորացված» հարաբերություններ տնտեսության, մշակույթի, բոլոր բնագավառներում, ինչպես նաեւ համագործակցություն միջազգային կազմակերպություններում, շեշտել է նախարարը: Նա կարեւոր ներդրում է համարել «Ավստրիական ավիաուղիների» Հայաստան թռիչքները:

ՀՀ արտգործնախարարն իր ավստրիացի գործընկերոջ հետ երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների համագործակցության հուշագիր է ստորագրել, որով Վատիկանից հետո աշխարհի ամենահին դիվանագիտական ակադեմիան նորերս Երեւանում բացված համանուն հաստատության հետ կամուրջ է կապում: Ավստրիական լրատուն գրում է, թե Հայաստանը չի հստակեցրել, թե ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկին է սատարելու, հաստատելով միայն, թե Երեւանը մերժելու է պաշտպանել թուրք թեկնածուին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4