«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2011-03-02 | #37, 2011-03-03 | #38, 2011-03-04


ՀԱԿ-Ի ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՐԵՑ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ԹԵՐԹԵՐԸ

Մարտի 1-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքին առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իշխանություններին ուղղված իրենց պահանջը, այն է` 15 կետ պարունակող վերջնագիր, որի ամբողջովին կամ մասնակի կատարումից հետո միայն ընդդիմությունը կհամագործակցի իշխանությունների հետ: «Ազգը» մարտի 2-ի համարում արդեն տեղեկացրել է, թե կոնկրետ ինչ պահանջներ է ներկայացնում ընդդիմությունը, հիշեցնենք` խոսքը «քաղբանտարկյալներին ազատ արձակելու», «նվազագույն աշխատավարձը բարձրացնելու», «բացօթյա առեւտուրն արգելող որոշումը չեղյալ համարելու» եւ մի շարք պաշտոնյաների հրաժարականը պահանջելու մասին է: Ընդ որումՙ ընդդիմությունը պահանջում է, որ այս ամենը լրիվ կամ զգալի չափով կատարված լինի մինչեւ մարտի 17-ը` իրենց հերթական հանրահավաքը: Բնականաբար իշխանությունը` նույնիսկ ցանկության դեպքում էլ չի կարող իրականացնել ՀԱԿ-ի պահանջներն ամբողջովին, հետեւաբար ՀԱԿ-ը, առաջ քաշելով վերոհիշյալ պահանջները, ամենեւին էլ ցանկություն չունի համագործակցելու իշխանությունների հետ:

Ինչեւէ, երեկ իշխանությունից Գալուստ Սահակյանը եւ ընդդիմությունից ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ապացուցեցին, որ ՀԱԿ-իշխանություն համագործակցությունը, համենայն դեպս տեսանելի համագործակցությունը, գոնե առաջիկայում անհնար է: Այսպես` նախ իշխող Հանրապետական կուսակցությունից Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Մենք չենք ընդունում վերջնագրի եւ վերջնաժամկետների լեզուն, եւ պարոն առաջին նախագահը շատ լավ պետք է գիտակցի, որ ժողովրդավարության կանոններից չի բխում քաղաքական ուժերի` մեկը մյուսի նկատմամբ վերջնագրի լեզվով խոսելը: Եթե իր նպատակներն անկեղծ են, ապա առանց նախապայմանների, առանց վերջնագրերի կարող ենք նստել` ցանկացած խնդիր քննարկել: Հանրապետականը եւ հանրապետության նախագահը բազմաթիվ անգամներ ապացուցել են, որ բաց հրապարակային երկխոսության կողմնակից են, ավելին` մենք մի քանի անգամ նախագահի առաջարկով բաց խորհրդատվություններ ենք անցկացրել տարբեր քաղաքական ուժերի հետ, սակայն ՀԱԿ-ը դա մերժել է: Հանրապետականը բաց է քաղաքական երկխոսության համար բոլորի հետ»:

Սրանից հետո Գալուստ Սահակյանը նշեց. «Եթե նայենք 90-ականների թերթերը, ապա պարզ կլինի, որ այն ժամանակ էլ ճիշտ նույն հարցադրումներով էր հանդես գալիս այն ժամանակվա ընդդիմությունը»: ԱԺ-ում Հանրապետական խմբակցության ղեկավարը նաեւ նշել է, որ ՀԱԿ-ի պահանջների ներկայացումը արվում է հասարակությանը շեղելու համար, իսկ իշխանությունը, ըստ Սահակյանի, գիտակցում է, որ խնդիրներ կան ու հասու է դրանք լուծելու. «Երբ նայում ենք տարիների հեռվից, նկատում ենք, որ բավականին լուրջ խնդիրներ են լուծվել երկրում, զարգացման գործընթացներ են գնացել», ասել է Սահակյանը` ընդհանուր առմամբ «վիրավորանք» համարելով ՀԱԿ-ի կողմից պահանջներ ներկայացնելը իշխանություններին:

Մինչդեռ ՀԱԿ համակարգող Զուրաբյանը երեկ կայացած ասուլիսում, «տղայական մոտեցում» է որակել հանրապետական գործիչների այս պատասխանները` ընդդիմության պահանջներին: «Շարմազանովների եւ գալուստսահակյանների ասածով հնարավոր չէ որեւէ բան հասկանալ: Նրանք մեր պահանջները պարզապես ընդունել են որպես մարտահրավեր իրենց ամբիցիաներին եւ փորձել են միանգամից պատասխան տալ, մինչդեռ խնդիրը շատ ավելի բարդ է եւ ամենեւին էլ նրանում չէ, որ մեկ կամ մյուս ուժը հաղթանակած դուրս գա հասարակության աչքերում: Կարծում եմՙ այսօրվա տղայական ռեակցիայից հետո, որը հարիր չէ որեւէ իշխանության, նրանք դեռ ժամանակ ունեն մտածելու այս ամենի մասին եւ ավելի ադեկվատ պատասխաններ տալու հասարակությանը», ասել է Զուրաբյանը:

Ինչպես սովորաբար պատահում է նման դեպքերում, Գալուստ Սահակյանն իր հերթին պատասխանել է Զուրաբյանի «տղայական մոտեցում» ռեպլիկին, ասելով. «Դա իրենց մոտ է տղայական մոտեցում: Հենց տղայական մոտեցումով էլ նրանք ապակողմնորոշեցին ժողովրդին մարտի 1-ին»:

Ինչեւէ, ՀԱԿ-իշխանություն «համագործակցությունը» շարունակվում է բացառապես միմյանց հեռակա կարգով պատասխանելու առումով, ինչը նշանակում է երկու բան. իշխանությունները ամենեւին էլ չեն բավարարելու ՀԱԿ-ի 15-կետանոց պահանջագրի գոնե որոշ կետերը, եւ երկրորդ` մարտի 17-ին ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը կրկին կլինի «հանգրվանային»:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4