«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2011-03-02 | #37, 2011-03-03 | #38, 2011-03-04


ՔԼԻՆԹՈՆԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ԱՄՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունեցել Կոնգրեսում: Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պետքարտուղարը ահազանգել է կոնգրեսականներին, որ Վաշինգտոնը պարտվում է Ռուսաստանին, Չինաստանին, ինչպես նաեւ «Ալ Ջազիրային» ...տեղեկատվական պատերազմում: «Սառը պատերազմի տարիներին մենք գերազանց աշխատանք կատարեցինք ամերիկյան քարոզչության տարածման գործում: Սակայն երբ փլուզվեց բեռլինյան պատը, ինքներս մեզ ասացինք` գերազանց է, ամեն ինչ արված է: Հենց այս գիտակցության համար մենք այժմ բարձր գին ենք վճարում: Այսօր ունենք բազմաթիվ մասնավոր լրատվամիջոցներ, սակայն դրանք չեն կարող լրացնել առկա բացը, որովհետեւ այդ լրատվամիջոցների` կոնկրետ մշակութային հաղորդումները հակասում են ամերիկյան արժեքներին: Ուզում եմ շեշտել, մենք այժմ էլ գտնվում ենք տեղեկատվական պատերազմում ու պարտվում ենք: Պարտվում ենք «Ալ Ջազիրային», Ռուսաստանին եւ Չինաստանին: «Ալ Ջազիրան» հաղթում է մեզ, չինացիները ստեղծել են տարբեր լեզուներով հեռարձակվող հեռուստատեսային գլոբալ ցանց, ռուսները ստեղծել են անգլիալեզու հեռուստաընկերություն: Ես հանդիպումներ եմ ունեցել այդ երկրներում, եւ նրանց փորձը խիստ ուսանելի է: Մենք պետք է հասկանանք` մեր ազդեցությունը` ամերիկյան ազդեցությունը ամբողջ աշխարհում կրճատվում է», եզրափակել է Հիլարի Քլինթոնը:

Միեւնույն ժամանակ «հաղթողների ճամբարից» ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում դժվարացել է գտնել այն պարը, որը դիպուկ կբնութագրեր ռուս-ամերիկյան ներկա հարաբերությունները: «Թերեւս ամենաճիշտը կլինի ասել այսպես` երկու քայլ առաջ, մեկ քայլ` հետ», նշել է Լավրովը` հավելելով, որ ամերիկացիների հետ իրենք արդեն «թվիստ պարել են», այդ թվումՙ ամերիկյան նախորդ վարչախմբի հետ. «Ինչ վերաբերում է վալսին, կարծում եմ, այդ պարն այնքան էլ չի բնութագրում մեր հարաբերությունները, քանի որ ենթադրում է պտույտ տեղում, տանգոն եւս հարմար չէ, որովհետեւ կտրուկ շարժումներ այնտեղ կան, իսկ մենք փորձում ենք մեր հարաբերությունները զերծ պահել կտրուկ շարժումներից», նկատել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4