(1918-2011)
2011 թվականի փետրվարի 20-ին, 93 տարեկան հասակում, Լոս Անջելես քաղաքում իր մահկանացուն կնքեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայրենանվեր գործիչ Գուրգեն Պողոսի Սարգսյանը:
Գուրգեն Պողոսի Սարգսյանը ծնվել է 1918 թվականին Պարսկաստանի Սավրա գյուղում` Մեծ եղեռնը վերապրած եւ գաղթի ճանապարհին երեք զավակներին կորցրած Պողոս եւ Խաթուն Սարգսյանների ընտանիքում: Նույն` 1918 թվականին Սարգսյանների ընտանիքը Պարսկաստան գաղթած վասպուրականցիների հետ տեղափոխվում է Իրաք, հաստատվում Բաքուբա գյուղաքաղաքի բնակավայրերից մեկում: Գուրգենը գրաճանաչություն է սովորում տեղի հայկական եկեղեցուն կից բացված նախակրթարանում, այնուհետեւ սովորում է Բաղդադի ամերիկյան միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում անգլիական նավթային ընկերություններում:
1946 թվականին Գուրգեն Սարգսյանը հայրենադարձների առաջին շարքերում ներգաղթում է Խորհրդային Հայաստան: Նա իր հետ հայրենիք է բերում մորը եւ երկու եղբայրներին: Երեւանում Գուրգենը սովորում է պետական համալսարանի հայկական բանասիրական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում` որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Երեւանի միջնակարգ դպրոցներում, իսկ 1961 թվականից` որպես անգլերեն լեզվի դասախոս պոլիտեխնիկական ինստիտուտում: Այստեղ էլ պաշտպանում է գիտական թեկնածուական թեզ եւ ստանում դոցենտի գիտական կոչում:
Հանգամանքների բերումով Գուրգեն Սարգսյանը 1991 թվականին մշտական բնակության է մեկնում Միացյալ Նահանգներ եւ հաստատվում դստեր` Ծովինարի ընտանիքի կողքին:
Շուրջ քսան տարի Գուրգեն Պողոսյանը ապրում է Հոլիվուդում. նա ոչ թե ծերունական հանգիստ էր վայելում, այլ անխոնջ աշխատում էր եւ հայրենանվեր գործեր ձեռնարկում: 1973 թվականին լույս էր տեսել նրա «Մարաթոնյան վազք» աշխատությունը, իսկ 1993 թվականին լույս է տեսնում «Օլիմպիական խաղերի ատլետիկական մրցումների պատմությունը» գիրքը: 1995 թվականին Գուրգեն Սարգսյանի թարգմանությամբ հրատարակվում է Հենրի Գեյթսի «Հոշոտված Հայաստան» (կամ «Հոգիների աճուրդը») վեպը: 1996 թվականին նա հրատարակում է «Անգլերենից փոխառնված բառերն ու տերմինները արդի հայերենում» աշխատությունը, 1999-ին լույս է տեսնում «Նոր արեւապաշտներ» պատմվածքների ժողովածուն, իսկ 2002 թվականին «Ուղղագրության բարեփոխությունը պատմական անհրաժեշտություն էր» ուսումնասիրությունը: Նրա թարգմանությամբ 2003 թվականին լույս է տեսնում Էդուարդ Լիթլի «Հայկական հարցը» գրքույկը, նույն թվականին հրատարակվում է «Գրական հույզեր» գրաքննադատական, իսկ 2005 թվականինՙ «Հին ու նոր ցավեր» պատմվածքների ծողովածուները:
Իր ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյից հետո Գուրգեն Սարգսյանի սիրտը տեղի է տալիս, սակայն բժիշկների կանխատեսմանը հակառակ` նա ապրում է եւս երեք տարի, ապրում է միանգամայն լեցուն կյանքով` անգլերենից հայերեն թարգմանելով Ստալինգրադյան ճակատամարտին նվիրված 400-էջանոց ծավալուն ստեղծագործությունը: Գրքի ձեռագիրը պատրաստ է տպագրության: Անավարտ է մնացել իր լավ բարեկամ, աստղագետ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կյանքին ու գուրծունեությանը նվիրված աշխատությունը:
Հանգուցյալի ցանկությամբ` նրա աճյունը երկար ճանապարհ է կտրել. Լոս Անջելեսից տեղախոխվել է Երեւան, որպեսզի մշտական հանգրվան գտնի հայրենի հողում` իր տիկնոջ կողքին: