«Ազգը» մարտի 3-ի համարում տեղեկացրեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել արդիականացնել ադրբեջանական Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը:
Երեկ ադրբեջանական Միլի մեջլիսում ելույթ է ունեցել «Մեծ ստեղծագործություն» կուսակցության ղեկավար, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան:
Մուստաֆան նշել է, որ ռուսների ցանկությունը` արդիականացնել Գաբալայի կայանը, «խիստ անհասկանալի է». «Միգուցե ռուսներն ուզում են լրացուցիչ ուժ ներմուծել Ադրբեջան` արդիականացման գործընթացի անվան տակ, միգուցե նրանք ցանկանում են լրացուցիչ մեխանիզմներ ներմուծել, որպեսզի ամբողջովին վերահսկեն Ադրբեջանի ամբողջ ռազմական համակարգը: Ամեն դեպքում սա անթույլատրելի է, եւ մենք պետք է ամեն կերպ խոչընդոտենք այդ գործընթացին, քանի որ «Կալաշնիկովը» ձեռքին զինվորը Ադրբեջանի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան մեր հողերի օկուպացված լինելը», ըստ 1news.az-իՙ հայտարարել է ադրբեջանցի քաղաքական գործիչը:
Գաբալայի կայանը Մոսկվան վարձակալում է Ադրբեջանից: Վարձակալման պայմանագիրը կնքվել է 2002-ին` տասը տարով («Ազգ»-ի մարտի 3-ի համարում պայմանագրի կնքման տարին սխալմամբ նշվել էր 1992-ը - Հ. Ա.):
Այսինքն, հաջորդ տարի լրանում է պայմանագրի ժամկետը, եւ Ռուսաստանի վերոհիշյալ որոշումը` արդիականացնել կայանը թերեւս նպատակ ունի երկարացնել իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում: Մանավանդ որ Գաբալայի կայանի հրամանատարը ՌԴ ՊՆ-ի համապատասխան որոշումից հետո նշել էր. «Մենք պատրաստ ենք աշխատել այստեղ եւս 10, 15, անգամ 20 տարի նույն ռեժիմով...»:
Հ. ԱՖՅԱՆ