Փողոցային առեւտուրը հերթական ճգնաժամն է ապրում. Երեւանի ամեն նոր քաղաքապետ իր առաջին գործը նախեւառաջ քաղաքը մաքրելն է համարում: Ինչպես պարզվեց ամենահեշտը փողոցային առեւտրի արգելումն է: Աղբահանության հարցը կարծես տեղից շարժվել էր. նախՙ նոր աղբամաններ տեղադրվեցին, աղբակույտերը վատագույն դեպքում 2-3 օր են մնում, որոշ տեղերում նույնիսկ ամեն օր եւ օրական մի քանի անգամ են տարվում: Բայց որ անկեղծ լինենք, մենք էլ մի բանի պետք չենք, շատ ենք փնթի ու ծույլ: Հակոբ Հակոբյան փողոցի մի հատվածի ետնամասի քիչ խորք ընկած միջշենքային մի տարածք, օրինակ, դիմացի շենքի բնակիչներն իրենց համար աղբավայր ընտրեցին: Կուտակում ու կուտակում էին: Թաղապետարանը մի օր որոշեց ու աղբամաններ տեղադրեց: Լավ էր, աղբը սկսվեց կուտակվել դրանց մեջ: Մի օր էլ այդ մետաղե ժանգոտ տարաները փոխարինվեցին նորերով, բայց 20-30 մետր վերեւ դրեցին: Եվ ինչ եղա՜վ: Այս նույն մարդիկ ծուլանում են մի քանի մետր ավել քայլել, աղբը շպրտում են գետնին ու հանգիստ տուն դառնումՙ ստեղծելով գարշելի ու անճոռնի տեսարան ու հակասանիտարական վիճակ: Մի քանի օր առաջ Կասյան փողոցի մի քանի բնակիչներ որոշել էին ծառի բունը աղբաման սարքել. շուրջբոլորը աղբի գույնզգույն տոպրակներ էին շարել: Տեսարժան էր շա՜տ: Մեր քաղաքը մի քիչ քաղաքի կնմանվի, երբ այս չարաբաստիկ աղբահանությունը կանոնավոր լուծում գտնի, եւ մենք էլ մեր կենցաղային մակարդակը մի փոքր բարձրացնենք: Մեկ էլ, հավատս չի գալիս, բայց երբ ձմեռները փողոցի ձնակույտերն ու սառցաշերտերը մաքրվեն: Գոնե այսքանով:
Բացօթյա առեւտուրը վաղուց քաղաքային կյանքի անբաժանելի մասն է, որ երբեմն այնպես է ծավալվում, որ փողոցի մեծ մասը զբաղեցնում է: Հակոբյան փողոցի մայթերից մեկը տարիներ շարունակ այդպիսին էր, մինչեւ բացօթյա առեւտրի արգելումը: Մեր տիպի երկրներում, իհարկե, երեւույթի սոցիալական կողմն ամենակարեւորն է, երբ բնակչության մի մասի համար այս առեւտուրը օրահացը վաստակելու միակ միջոցն է: Քաղաքապետարանի որոշումը այս մարդկանց գործազուրկ դարձնելով, սոցիալական բողոքի նոր ալիք է բարձրացնում: Կոմունալ ծառայությունների թանկացումներից դեռ ուշքի չեկած, բնակչության գլխին այս անգամ թափվում է առաջնահերթ սպառման մթերքների գների աճը: Որքանո՞վ կապ ունի փողոցային առեւտրի արգելումը գների աճի հետ, չգիտեմ:
Որ մանր առեւտրով զբաղված բնակչության այս խավը խուճապ է ապրում, ակնհայտ է: Կրպակ ունեցողները դրսի սեղանիկներից ապրանքը ներս քաշեցին, իրենք էլ ներս մտան, ովքեր չունեին, դժվար օրեր են ապրում: Բայց հետաքրքրականըՙ մարդաշատ այդ փողոցը, ուր աշխույժ առեւտուր էր գնում օրվա տարբեր ժամերի, հիմա ամայացել է. կրպակներում գնորդ չկաՙ հատ ու կենտ: Թանկացումնե՞րն են պատճառը: Թերեւս: Իսկ խիղճը կորցրած վաճառականները պահը բաց չեն թողնում: Օր օրի գները թանկացնում են, ըստ որում ներկրված ապրանքը անհամեմատ ավելի մատչելի է, իսկ տեղականըՙ սուղ, օրինակ գազարի կամ սոխի գները ամեն օր 50 դրամով ավելանում են: Որ հարցնում ես պատճառը, ասում ենՙ (կիսահեգնական) «ռաստամոշկան թանկացել է»: Իրենք իրենցից ու սարքովի գներից գոհ, խոժոռ ու լարված սպասում են քաղաքապետարանի նոր որոշմանը: Բայց ցանկալի լուրն այդպես էլ չի գալիս: «Հենց նոր լսեցի հեռուստատեսությամբ, որ երկուշաբթի օրվանից դրսի սեղանիկները թույլատրելու են», ձայնում է մեկը: «Մաղարիչ եմ անելու Արմեն, վաղը կոնյակ կբերեմ, որ ասածդ ճիշտ դուրս գա», կանչում է դիմացից 2-3 կապ կանաչի ու չորացրած ավելուկ վաճառող կինըՙ սառած ձեռքերը շփելով: Վաղը նա կոնյակ, իհարկե, չբերեց: Ու փողոցը դարձյալ մնաց անաղմուկ անտարբերության մեջ, անուրախ, անառեւտուր: Առեւտուր, որ ձգվում էր մինչեւ «Բարեկամություն» մետրոյի գետնանցի աստիճանավանդակներ, որոնց վրա հերթականությամբ նորից կրպակներ են բուսածՙ միաձեւ ու միաչափ: Ամեն տեղ նույն բաներն են վաճառում, սնունդ, հագուստ, կենցաղային պահանջմունքների տարբեր իրեր: Աչքդ սովոր է եւ ուրիշ բան չի էլ փնտրում: Բայց արի ու տես, երբեմն անակնկալներ էլ են լինում: Կրպակներից մեկում, ո՜վ զարմանք, գրքեր են հայտնվելՙ կանոնավոր շարվածՙ հայերեն, անգլերեն, ռուսերեն գրքեր, բառարաններ, դասագրքեր, նույնիսկ գեղավեստական գրականություն կա: Ափաչափ տարածք է, բայց գրքերը կանոնավոր, կողք կողքի տեղ են զբաղեցրել. կրպակի գլխին անգամՙ ցուցանակ կա: «Տեսնես ի՞նչ է մտածել այս մարդը. այս սնանկացող ու թալանված ժողովուրդը գրքի այս կրպակին հայացք կնետի՞ արդյոք»: Էկզոտիկ է, չէ՞: Լավ է, իհարկե, բայց վատը այս ամենի մեջ իմ զարմանքն է:
Մ. Բ.
Նկար 1. Գրքերի էկզոտիկ կրպակ...