Ռուսաստանյան «Գազետա. ռու» ինտերնետային հանրաճանաչ հրատարակությունը (անցյալ տարի նրա հյուրն էր նախագահ Դ. Մեդվեդեւը) օրերս ընդարձակ հարցազրույց էր հրապարակել «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ: Վարդանյանը Ռուսաստանի հայության ներկայիս ամենաերեւելի ներկայացուցիչներից է, որը պատկառելի հաջողությունների է հասել որպես մասշտաբային բիզնեսմեն, ֆինանսիստ, ինտելեկտուալ:
Մի կողմ դնելով համաշխարհային եւ ռուսաստանյան էկոնոմիկաների զարգացման վերաբերյալ բարձրակարգ մեկնաբանությունները, ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում անձնական բնույթի մի քանի հարց ու պատասխան առանց մեկնաբանությունների:
- Ո՞րն է Ձեր կյանքի նշանաբանը:
- Ամեն ինչ մեր ձեռքում է:
- ՌԴ նախագահ Մեդվեդեւի հետ Ձեր հարաբերությունները բարեկամակա՞ն են:
- Ես բարեկամական հարաբերություններ չունեմ նախագահի հետ: Թեեւ ինձ համար հաճելի է, որ նա, դառնալով ՌԴ ղեկավար, որոշեց մնալ մեր բիզնես-դպրոցի հոգաբարձական խորհրդի նախագահ:
- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Ձեր թեկնածությունն առաջադրվի Հայաստանի նախագահի պաշտոնի համար, եւ առհասարակՙ ի՞նչ մոտեցում ունեք ՀՀ նախագահ ընտրվելու հարցում:
- Դա հնարավոր չէ: Նախՙ ես Ռուսաստանի քաղաքացի եմ եւ երբեք չեմ եղել Հայաստանի քաղաքացի, ես հայկական անձնագիր չունեմ: Երկրորդՙ որ շատ ավելի կարեւոր է, ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նախագահ պետք է լինի այն անձը, որ երկար տարիներ ապրել ու աշխատել է Հայաստանում եւ խորությամբ ու լավ գիտի, թե այնտեղ ինչ է տեղի ունենում: Երրորդՙ ես գտնում եմ, որ չունեմ այնպիսի հատկություններ, որոնք ինձ լավ պետչինովնիկ կդարձնեին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:
- Հայաստանում ռուսալեզու դպրոցների մասին օրենքի առաջադրումը բիզնե՞ս է, հոբբի՞, կրեմլյան պատվե՞ր, թե՞ լոյալության ապացույց:
- Դժվար է պատասխանել անտակտ տրված հարցին (ի դեպ, հարցադրողը, իհարկե, հայ էր-Ռ. Հ.): Կուզենայի նշել, որ այն նախագիծը, որը մենք պատրաստվում էինք իրագործել Հայաստանում, ոչ մի ձեւով կապված չէ Հայաստանում ռուսալեզու դպրոցների մասին օրենքի հետ, քանի որ մեր դպրոցում դասավանդումը ծրագրված էր անգլերենով եւ ոչ թե ռուսերենով: Ավելին, ես գտնում եմ, որ Հայաստանում շատ կարեւոր է հայերենի իմացությունը, եւ դրա համար իրոք պահանջվում են հսկայական ներդրումներ, որպեսզի որեւէ լեզու պահպանվի պատշաճ մակարդակովՙ դա վերնախավի խնդիրն է այս կամ այն երկրում: Ընդսմին պետք է հասկանալ, որ պահպանելով ու զարգացնելով մեր սեփական լեզունՙ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր գալիք սերունդները կարողանան շփվել, խոսել մի քանի լեզվով, այդ թվում նաեւՙ ռուսերենով: Որովհետեւ Հայաստանի համար Ռուսաստանն առանցքային շուկաներից մեկն է: Այս տեսանկյունից շատ կարեւոր է պահպանել այն մրցակցային առավելությունները, որոնք մեզանում ստեղծվել են վերջին 90 տարում, այդ թվում նաեւ լեզուների իմացության բնագավառում:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա