«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2011-03-03 | #38, 2011-03-04 | #39, 2011-03-05


ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Կառավարությունը հավաստիացնում է, որ դրանք շարունակական են լինելու

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելու» (Doing Business) վարկանշային ցուցանիշով առաջընթաց ունենալու համար Հայաստանը լուրջ փոփոխություններ պետք է ձեռնարկի: 2009-ից Հայաստանի կառավարությունը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ որոշակի քայլեր սկսեց ձեռնարկել, որոնք ավելի աշխուժացան անցյալ տարի: Սակայն ակնհայտ է, որ մեր երկիրը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, հատկապես եթե նկատի ունենանք այս ոլորտում տարածաշրջանային մրցակցությունը եւ մեր հարեւանների իրականացրած քայլերը: Ի՞նչ է արվել Հայաստանում, եւ բիզնես միջավայրի ի՞նչ նոր դրական փոփոխությունների սպասեն գործարարները: Այս հարցերի շուրջը զրուցեցինք էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի հետ:

Բարեփոխումների իրականացումը, ըստ Կարինե Մինասյանի, նպատակ ունի նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ ռիսկերը, հեշտացնել նրա բոլոր քայլերը: «Մրցակցությունը տարածաշրջանում ուժեղ է, եւ փոփոխությունները պետք է արագ կատարենք», նշեց փոխնախարարըՙ նախ թվարկելով այն բարեփոխումները, որ իրականացվել են կառավարության կողմից վերջին 1-2 տարվա ընթացքում, եւ որոնք ընդգրկում են գործարարությամբ զբաղվելու ամբողջ գործընթացըՙ սկսած ընկերության գրանցումից:

Բիզնես սկսելը էապես հեշտացել է: Նախատեսվում է բացել մեկ սերվիս կենտրոն, որտեղ կատարվելու է եւ նոր ձեռնարկության գրանցումը, եւ ֆիրմային անվանման գրանցումը, եւ հարկային հաշվեհամարն է տրվելու: Այդ ամենը պետք է կատարվի 3 օրում: Միաժամանակ, ստեղծվելու է ընկերության էլեկտրոնային գրանցման համակարգը, որի ժամանակ բոլոր տվյալները հնարավոր կլինի ուղարկել էլեկտրոնային տարբերակովՙ ինտերնետի միջոցով, եթե դիմողն ունի էլեկտրոնային ստորագրություն:

Եթե նոր ստեղծվող կազմակերպությունը չունի նման սոտրագրություն, ապա միայն գրանցման վկայականը ստանալիս պետք է ներկայանա եւ ստորագրի: Բացի դրանից, մշակվել է օրինակելի կանոնադրություն կազմակերպությունների համար, որը կարող է առաջարկվել նոր բիզնես սկսողին: Նախկին քաշքշուկները կանոնադրության գրանցման հետ այլեւս չեն լինի, եւ ցանկացողները կարող են իրենց համար վերցնել օրինակելի կանոնադրության տարբերակը: Ընդհանրապես վերացել է նորաբաց ընկերությունների պարտադիր կանոնադիր կապիտալի պահանջը: Կարինե Մինասյանը հույս հայտնեց, որ առաջիկա 1 ամսվա ընթացքում այս փոփոխություններն ամբողջությամբ կսկսվեն իրագործվել:

Ամենածավալուն փոփոխություններն, էկոնոմիկայի փոխնախարարի հավաստիացմամբ, արվել եւ արվելու են հարկային ոլորտում, որի ցուցանիշը Հայաստանի համար Doing Business-ում ամենավատն է: Այստեղ կրճատվել է հաշվետվությունների քանակը: Ընդհանրապես վերացվել է Ֆ1 եւ Ֆ2 հաշվետվությունների բալանսները ներկայացնելու պահանջը: Սոցվճարների հաշվետվությունները ամսականից դարձել են եռամսյակային: Բոլոր հաշվետվություններիՙ ամսական եւ եռամսյակային, ներկայացման վերջնաժամկետը միասնականացվել է եւ դարձել մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:

Ավելացված արժեքի հարկ վճարողների համար էլեկտրոնային հաշվետվությունների համակարգից օգտվելու դեպքում վերացել է հասույթի գրանցման գրքեր պահելու պահանջը: Սա, Կարինե Մինասյանի դիտարկմամբ, նպաստում է նաեւ մրցակցային դաշտի հավասարեցմանը: էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգից արդեն օգտվում են 3 հազար տնտեսվարողներ:

Արտահանողների համար ծագման երկրի սերտիֆիկատի տրամադրման վճարը Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի կողմից նվազեցվել էՙ 37 հազար դրամ գումարած 15 հազար դրամի փոխարեն դարձել 30 հազար դրամ առաջին հայտը ներկայացնելիս, եւ 10 հազար դրամՙ ապրանքի յուրաքանչյուր հաջորդ խմբաքանակ արտահանելու դեպքում:

Էկոնոմիկայի փոխնախարարը կարեւոր համարեց շինթույլտվության պարզեցման, ժամկետների եւ վճարումների կրճատման փոփոխությունները, որոնք վերաբերելու են բոլոր կառուցապատողներինՙ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց: Սակայն գործընթացի պարզեցումը պայմանավորված է նաեւ շինարարության ռիսկայնությամբ: Եթե կառուցվողը տուն է, ապա ընթացակարգերը պարզ են, իսկ, օրինակ, քիմիական գործարանի համարՙ ավելի բարդ: Մի խոսքով, 137 օրվա փոխարեն գործընթացը կնվազի մինչեւ 27 օրվա, իսկ ավելի քան 900 հազար դրամ վճարները կնվազեն մի քանի անգամ:

Սեփականությունը գրանցելու (կադաստրի համակարգ) մասով մեր երկիրը լավ դիրքերում է: Սակայն այդ դիրքը բարելավելու համար, արդեն իսկ գործող «մեկ պատուհանից» բացի, նախատեսվում է ներդնել գրագրությունը էլեկտրոնային դարձնելու համակարգը, ինչպես սեփականության գրանցման, այլ նաեւ տարբեր տեղեկանքների տրամադրման դեպքում:

Վերոնշյալ փոփոխություններից բացի, որոնց մեծ մասն արդեն կատարված է, իսկ մյուս մասն էլ իրագործման փուլում, առաջիկայում գործարարները այլ բարեփոխումների եւս ականատես կլինեն: Մասնավորապես, հարկային օրենսդրության մեջ հողի հարկի եւ գույքահարկի հաշվետվությունները եռամսյակայինից կդառնան կիսամյակային, հետագայում տարեկան դառնալու նպատակով: Մեկ այլ փոփոխությամբ, հայկական բոլոր այն ընկերությունները, որոնք զբաղվում են վերաարտահանմամբ, կօգտվեն միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր այն արտոնություններից, որոնցից օգտվում են արտահանող կազմակերպությունները: Նախատեսվում է նաեւ առաջիկա 1 տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկի դաշտում գործող բոլոր ընկերությունների անցումը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային տարբերակի: Կնիքի անհրաժեշտության պահանջն էլ վերջնականապես կվերացվի բոլոր այն իրավական ակտերից, որտեղ նման պահանջ դեռ պահպանվում է:

Մաքսային ոլորտում մշտապես վիճելի համարվող «հսկիչ գների» վերաբերյալ կառավարությունը պարտավորեցնելու է պետեկամուտների կոմիտեին հստակ ներկայացնել ներմուծողի բերած հաշիվ-ապրանքագրով մաքսազերծումը մերժելու հիմքերը: Ներկայումս շատ հաճախ մերժումը գրվում է առանց որեւէ պատճառաբանության, ինչը գործարարի համար հասկանալի չի լինում եւ հնարավորություն չի տալիս անգամ բողոքարկելու այդ որոշումը: Նոր մոտեցումը իրավունք է տալիս ներմուծած ապրանքը մաքսազերծել ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրով, եթե մաքսայինի մերժան հիմքերը հստակ չեն:

Ներկայացնելով գործարար միջավայրի բարելավմանն ուղղված այս միջոցառումները, էկոնոմիկայի փոխնախարարը միաժամանակ հայտնեց, որ այդ գործընթացը անընդհատ է լինելու, եւ ներկայումս քննարկվում են գործընթացների հետագա պարզեցման նոր մոտեցումներ, որոնք, սակայն, հանրությանը կներկայացվեն 2-3 ամսվա ընթացքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4