Հաջողության սկիզբ
Այս տարվա հունվարի 28-ին Սան Ֆրանցիսկոյի նշանավոր Paramount թատրոնի դահլիճը մեզ համար առանձնացավ. այն հայկական էր համերգային հնչողության մի մասով: 3400 տեղանոց սրահը լեփ-լեցուն էր մեծամասամբ օտար հանդիսականի ներկայությամբ: Եւ սա ավելի հետաքրքրական էր դարձնում տպավորությունը: Բեմում Օքլենդի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբն էին` համերգաշրջանի երկրորդ կատարմամբ (առաջինը բացվել էր Կառլոս Սանտանայի մենահամերգով): Նշենք, որ հռչակավոր այս նվագախմբի երկացանկում առաջին անգամ ընդգրգված էին հայ կոմպոզիտորի ստեղծագործություններ: Համերգային ծրագրի առաջին մասում Բրամսի «Ռեքվիեմն» էր, երկրորդումՙ Ավետիս Բերբերյանի «Իմ մայր», «Ելի՛ր, ով հայ» վոկալ բալլադները եւ «Հերոսի ուղին» սյուիտից 2 հատված` Ադաջո եւ «Ճակատամարտ». այդ օրը վերջինիս կենդանի կատարման պրեմիերան էր: (Մեկ տարի առաջ ամերիկյան Սան Մատթեոյում կայացած համերգին հիշյալ ստեղծագործության այդ երկու հատվածը ներկայացվել էր Լոս Անջելեսի Մեդիա-սիթի բալետի մենակատարների կատարմամբ):
Մայքլ Մորգանը Oakland East Bay սիմֆոնիկ նվագախմբի եւ Սակրամենտոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է: Նրա առաջարկով որպես մենակատար հրավիրվել էր Սան Ֆրանցիսկոյի օպերայի առաջատար տենոր Թոմաս Գլենը: Ռոք-փոփային հատվածի կատարմամբ հանդես եկավ ԱՄՆ-ում բնակվող հայաստանցի երգչուհի Անի Քրիստին:
« Նման ցնցող ընդունելություն չէի կարող պատկերացնել: Օտարին հուզելը, ներքին աշխարհի վրա ազդելը բարդ է: Այսպիսի մակարդակի բեմերում լարվածությունը ավելի մեծ էՙ ընդունելության տեսակետից: Այդպիսի ջերմություն զարմանալի էր, պոզիտիվ զարմանքի մասին է, իհարկե, խոսքը: 120 հոգանոց երգչախումբը հայերեն էր երգում: Սա հուզիչ է: Նման նվագախմբի երկացանկում հայ կոմպոզիտորի ներկայությունն արդեն մեծ պատիվ է », խոստովանում է Ավետիս Բերբերյանը, որ 2,5 տարի է Հայաստանից բնակության է տեղափոխվել Միացյալ Նահանգներ, հաստատվել Սան Ֆրանցիսկոյում: Այս ընթացքի անցած գարունը իր համար առանձնակի էր Մայքլ Մորգանի հետ ծանոթությամբ եւ անսպասելի համագործակցության նրա առաջարկով: Իր ստեղծագործությունների ձայնասկավառակի տպավորությամբ ամերիկացի դիրիժորը անակնկալ որոշել է փոփոխություն կատարել նվագախմբիՙ 2011-ի արդեն հաստատված երկացանկի մեջ, մի բան, որ համաշխարհային ճանաչման նվագախմբերի ստեղծագործական պրակտիկայում շատ հազվադեպ է պատահում: Մայքլ Մորգանը, շրջանցելով ընդունված կարգը, հունվար ամսվա ծրագրում ընդգրկում է Ավ. Բերբերյանի ստեղծագործություններըՙ ընտրությունը թողնելով կոմպոզիտորին:
« Ինձ համար ամենամեծ գնահատականը հանդիսականի անկեղծությունն էր, ասում է նա, դա արտահայտվում էր երաժշտության ներքին ըմբռնողականությամբ, երաժշտության վերապրման միջոցով իրենց հաղորդած էմոցիաներով »:
Համերգին հետեւած համագործակցության առաջարկները տարբեր էին: Թոմաս Գլենը խոստովանեց, որ մեծ հաճույք է ստացել Օքլենդի սիմֆոնիկի հետ «Ելի՛ր, ով հայ» վոկալ-բալլադի մեկնաբանությունից եւ որ առիթի դեպքում հետագայում էլ սիրով կկատարի Բերբերյանի գործերը:
Միջազգային նշանավոր բեմում, հռչակավոր նվագախմբի հետ Ավետիս Բերբերյանի առաջին համագործակցության այս հաջողությունն, իհարկե, մեծ իմպուլսներ է հաղորդում կոմպոզիտորին, սակայն զգացնել է տալիս նաեւ հետագա ստեղծագործական պատասխանատվությունն ու լրջությունը: Համատեղՙ նվագախմբի, երգչախմբի ու մենակատարների մասնակցությամբ ընդամենը 2 փորձ է կատարվել, բայց արդյունքըՙ հրաշալի. « Այնտեղ ամեն ինչ հստակ է, յուրաքանչյուրը գիտի իր անելիքը, կարգապահությունը շատ բարձր մակարդակի վրա է: Երաժիշտները առավելագույնս տրվում են ստեղծագործության ներքին ոգուն »:
Ամերիկյան նվագախմբի ու երգչախմբի համար հայկական երաժշտությունը նորություն էր. նրանք սիրեցին այդ երաժշտությունը, զգացին արեւելքի խորքից եկող մեղեդու ներքին ջերմությունը, մարդկային զգացական աշխարհի հարուստ ելեւէջները, իրենց խոսքերով, անկեղծությունը, կիրքը, երաժշտական մտածողության լայնությունը: « Որեւէ նվագախմբի համար կարեւորը երաժշտությունը սիրելն է: Ինչպիսի գործ էլ որ լինի, ինչ մակարդակ էլ որ ունենա, միեւնույն է, եթե օրկեստրանտը չընդունեց, կնվագի պարզապես: Այդ համերգին իմ ստեղծագործությունը էմոցիոնալ ջերմությամբ կատարվեց :
Սա այն դեպքն է, երբ իսկապես գտնվում ես համաշխարհային կիզակետում, մշակութային քառուղիների կիզակետում: Մարտում գտնվողի զգացողություն ես ունենում, արվեստագետ-մարտիկի, որովհետեւ քեզ ուղեկցում է այն միտքը, որ ներկայացնում ես մի ողջ ժողովուրդ, մի ողջ մշակույթ »: Եթե սրան ավելացնենք Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետի` ճապոնուհի Ժան Քուանի` համերգից հետո ընդունելության ժամանակ ասված ջերմ խոսքերը հայ մշակույթի մասին. «Անչափ սիրում եմ ձեր քաղաքը, խենթանում եմ Նորավանքի համար», ապա կարելի է պատկերացնել օրվա մթնոլորտը, հայ կոմպոզիտորի զգացական ապրումները:
Համերգի արտակարգ հաջողության վկայությունը նաեւ ամերիկյան մամուլի արագ արձագանքն էր: Ինտերնետային կայքէջերից բացի, որտեղ հանդիսականները իրենց կարծիքներն ու տպավորություններն են հայտնել, որոնցից մեկում Բերբերյանին փորձ են արել դասել ամերիկյան ժամանակակից կոմպոզիտորների շարքում, տեղի երեք թերթեր անդրադարձել են համերգային կատարմանըՙ San Francisco Chronicle, San Francisco Classic Voice, Contra Costa Times:
San Francisco Classic Voice պարբերաթերթի երաժշտագետը զուգահեռներ տանելով համերգային ծրագրի 2 բաժինների միջեւ, գրում է. « Մինչ Բրամսի «Ռեքվիեմը» թաքնված ու աննկատ զգացումներ է արտահայտում, ապա Բերբերյանի «Իմ մայր» ստեղծագործությունը բացահայտ ու հստակ խոսք է, լայն եւ ցցուն գծերով նկարված մի կտավ, որտեղ երաժիշտը նկարում է համարձակ վրձնահարվածներով »:
« Բերբերյանի երաժշտությունից Կենտրոնական Ասիայի էթնիկ համն է գալիսՙ ողողված չափազանց վարպետորեն գործիքավորված «հոլիվուդյան ոճի» հարմոնիաներով ու զգացողությամբ »:
Դրանից առաջ
Հայաստանում եւս կոմպոզիտորի ստեղծագործական կյանքը բավականին բեղմնավոր է եղել. կոնսերվատորիական կրթություն եւ աշխատանքային գործունեությունՙ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկում որպես համերգահյուրախաղերի բաժնի տնօրեն, Գեղագիտական կենտրոնումՙ կամերային նվագախմբի, ջազ մանկական երգչախմբի հիմնադիր, «Մետրո» թատրոնի հիմնադիրներից եւ երաժշտական ղեկավար 1989-92 թթ.: Մասնակցություն բազմաթիվ մրցույթների եւ տարբեր մրցանակներ` Ուկրաինայում Գլինկայի անվան մրցույթի, Չեխոսլովակիայում երիտասարդ կոմպոզիտորների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, 1998-ին հայաստանյան «Այո» մրցույթումՙ երկրորդ մրցանակակիր, 2000-ին «Սայաթ-Նովա» համահայկական երգի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր, երաժշտական փառատոների ու բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ:
Բերբերյանը դասական ուղղվածության կոմպոզիտոր է, գրել է ստեղծագործություններ սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի համար: Երգարվեստում ժանրային նորամուծություն է կատարելՙ փոփ-ռոքի եւ օպերային երաժշտության տարրերի սինթեզմամբ: Ներկայացումների համար գրված մյուզիքլները իր ստեղծագործության կարեւոր մասն են եւ իրեն հարազատ ժանր: 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված կինոռեժիսոր Թ. Վիշնեւսկու «Տեր, փրկյա նրանց հոգիները» ֆիլմի երաժշտությունը գրել է Ավետիս Բերբերյանը: 1989-91-ին եղել է Կանադայում, երաժշտություն գրել տեղի հայկական թատերախմբի «Կալիգուլա» ներկայացման համար:
Ինչպես ինքն է ասում, ԱՄՆ մեկնելու պատճառներից մեկը ստեղծագործական ներուժը իրացնելու ավելի լայն հնարավորություններ փնտրելն էրՙ արվեստի մեծ ճանապարհներին հաստատվելու փորձը: Իր կյանքի այս փուլում փորձ է անում դուրս գալ ամերիկյան կինոերաժշտության ասպարեզ: Առաջին արձագանքը հուսադրող է. Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ֆիլմերից մեկի համար արված իր երաժշտական էսքիզները ներկայացվել եւ ընդունվել են:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ. Գ. Ավետիս Բերբերյանը իրավացիորեն նկատում է, որ համերգային այս հաջողությունը, հանդիսականի արձագանքը եւ կամ ամերիկյան մամուլի անդրադարձները միայն իրեն չէ որ վերաբերում են, սա մեր արվեստի ընդհանուր հաջողությունն է: Մինչդեռ այստեղՙ Հայաստանում, արձագանքներ գրեթե չկան (երեւում է անտարբերության փոսը փորելու ենք մինչեւ վերջ): Զրուցակիցս վկայում է, որ Հայաստանից մեկնած շատ արվեստագետներ (Սուրեն Բագրատունի, Վահրամ Սարաջյան, Եղիշե Մանուչարյան, Ալեքսանդր Չաուշյան, Կարեն Հարությունյան, Լեւոն Մուրադյան, Միխայիլ Սիմոնյան) միջազգային բեմերում լուրջ հաջողություններ են ունենում եւ գործունեություն ծավալում, որին մենք գրեթե անտեղյակ ենք:
Մեկուսացումից դուրս գալու ճանապարհը հայ արվեստագետները առայժմ անհատապես են բացումՙ ապավինելով սեփական տաղանդին ու անձնական հարաբերություններին: Պետական հնարավորությունները չեն ներում դրսում հայ արվեստագետին աջակցել, բայց ցավալիորեն չկա նաեւ քաղաքականություն կամ մշակված ծրագիր, նույնիսկ ցանկություն երկրի ներսում գոնե արձագանքելու, կարեւորելու ձեռք բերած հաջողությունները: Սա բարոյական քայլ է, ինչը նույնպես չի արվում: Անտարբերությո՞ւնն է պատճառը, անփութությո՞ւնը, թե՞ տգիտությունը, երբ ստվերում թողնելով ներկայիս իրական արժեքները եւ դրանց կրողներին` փոխարենը տարփողում ենք ազգային նկարագիրը նսեմացնող ու ճաշակ ապականող պսեւդոմշակույթ: Երբ հիմա մեզ, ավելի քան երբեք, անհրաժեշտ է ճիշտ հակառակըՙ երկրի նկատմամբ հավատ ու արժանապատվություն ներարկել, իսկ դրա միջոցներից ամենաազդեցիկը մշակույթն է, իրական, բարձր մշակույթը:
Նկար 2. Ավետիս Բերբերյանը Մայքլ Մորգանի հետ
Նկար 3. Համերգի պահին. մենակատարներ` Անի Քրիստի, Թոմաս Գլեն