«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2011-03-04 | #39, 2011-03-05 | #40, 2011-03-08


Ո՞Ր «ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐԸ» ՊԵՏՔ Է «ՁԳՏԵԼ» ԽԱՂԱՂ ԼՈՒԾԵԼ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ադրբեջանն իր մոտեցումն ու ձեռագիրը չի փոխում, իսկ ղարաբաղյան բանակցություններում նորանոր փաստաթղթեր են ստորագրվում: Դրանց տակ իր ստորագրությունն է դնում նաեւ Ադրբեջանի նախագահը, բայց ի կատարումն որեւէ մեկը չի շտապում քայլեր ձեռնարկել, ավելին, հայկական կողմի ձեռնարկած քայլերն էլ, ըստ էության, մնում են անպատասխան:

Մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի հրավերով տեղի ունեցած եռակողմ` Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան նախագահների հանդիպումը հիմա էլ Սոչիի փաստաթղթի տեսքով դարձավ պատմություն: Այս բանակցություններում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկման հիմնական թեման 2010-ի հոկտեմբերի 27-ին ընդունված Աստրախանի հայտարարության իրականացման ընթացքն է եղել: Իսկ Աստրախանի հայտարարությունը` վերնագրված «Վստահության ամրապնդման հատուկ արձանագրությունը», ամենից առաջ ընդգծում էր հրադադարի ռեժիմի ամրպանդման ու ռազմական ոլորտում փոխվստահության անհրաժեշտությունը:

Բայց փաստաթղթային ձեւակերպումներից դուրս յուրաքանչյուրը յուրովի հասկանում ու այդպես էլ աշխարհին է մատուցում անգամ սեփական ստորագրությամբ ամրագրված հասկացությունները, ինչն Ադրբեջանի պարագայում նշանակում է, թե կարելի է թղթի վրա գրել հրադադարի ամրապնդման մասին, իսկ իրականում հենց Սոչիի հանդիպումից առաջ, արդեն վատ ավանդույթի նման, կրկին սադրանքի գնալ:

  «Ազգը» տեղեկացրել է, որ մարտի 4-ին, ժամը 14:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու. հիշեցնենք, որ մի քանի անգամ է արդեն, ինչ ադրբեջանական կողմն այս տարածքում է գնում սադրանքների - Ա.Հ.) ուղղությամբ Ադրբեջանի կողմից խախտվել էր հրադադարն ու դրա հետեւանքով զոհվել է հայ զինվոր: Եվ սա այն դեպքում, երբ հաջորդ օրը նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում` շարունակելու բանակցությունները:

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցով ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորի սպանության առնչությամբ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, «միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու եւ իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքինՙ փորձելով լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ»: Ընդ որում, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Ադրբեջանի այս պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:

Միջազգային հանրության արձագանքների առումով իրավիճակը պարզից էլ պարզ է, քանի որ այդպիսիք ուղղակի բացառիկ են, էլ չասած, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ պարագայում չեն փորձում Ադրբեջանին հստակ հաղորդագրություն հասցեագրել, այլ բավարարվում են երկու կողմերին ուղղվող կոչերով, ինչը, թեեւ, ունի իր բացատրությունը, սակայն յուրաքանչյուր բանակցային հանդիպմանը հաջորդող կամ նախորդող սադրանքների կրկնության պարագայում չի կարող արդարացնել «միջազգային» որակվող հանրության անարձագանք կեցվածքը:

Այդուհանդերձ, դեռեւս Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ըստ հայտարարության, պայմանավորվել էին իրականացնել ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակում` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ: Քանի որ այս ուղղությամբ էլ Ադրբեջանն առանձնակի առաջ չի գնում, Սոչիում երեք երկրների նախագահները, որպես առաջին են ամրագրել «ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը»:

Նոր համատեղ հայտարարությամբ որպես 2-րդ դրույթ նշվում է. «Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

Նախ, բարդ է ասել, թե ինչ է նշանակում ամենակարճ ժամկետը, քանի որ Աստրախանի հայտարարությունից քիչ ժամանակ չի անցել, գրեթե 5 ամիս, որի ընթացքում ռազմագերիների փոխանակման հարցում անելիքները առանձնակի չեն պակասել: Իսկ թե այդ հինգ ամիսը «ամենակարճ ժամկետ» էր, թե ոչ` կարիք ունի պարզաբանման:

Մյուս կողմից, Սոչիի հայտարարության երկրորդ կետում ներկայացված ձեւակերպումները, որեւէ բան պարզեցնելու փոխարեն, նոր հարցեր են առաջացնում: Մասնավորապես, հստակ չէ, թե ինչ է նշանակում «բոլոր վիճելի հարցեր» ասվածը: Արդյո՞ք ղարաբաղյան հակամարտության համատեքստում կողմերի միջեւ առկա հարցերին է սա վերաբերում` չվերաբերելով հենց հակամարտությանը:

Ամեն դեպքում, եթե դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը (ինչն, ամեն դեպքում, այնքան էլ չի տեղավորվում այդ արտահայտության տրամաբանության մեջ), ապա այդ դեպքում այնքան էլ հուսադրող չէ, որ դրա կողքին օգտագործվել է «ձգտել» բառը, այսինքն` «ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով»: Թերեւս տվյալ դեպքում «բոլոր վիճելի հարցեր» ասվածը առնչվում է այլ խնդիրների, որոնց դեպքում եւս խաղաղ միջոցներով լուծելուն այլընտրանքի բացակայությունն ավելի տեղին կլիներ, քան ձգտումն այդպիսի լուծումներին:

Սրա կողքին, գաղափարը, ապա նաեւ ձեւակերպումըՙ «կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն», կարող է դառնալ հնարավորություն` դադարեցնելու ադրբեջանական սադրանքները: Այս դեպքում էլ հատկանշական է, որ այս ամենն իրագործելի է համարվում «կողմերի մասնակցությամբ», որն արդեն հանդիպել է որպես ձաեւկերպում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում, այսինքն` նկատի է առնվում նաեւ Լեռնային Ղարաբաղը: Ու թերեւս այլ կերպ հնարավոր էլ չէր լինի, քանի որ հետաքննություն չի կարող անցկացվել առանց ղարաբաղյան կողմի մասնակցության, ինչն անհրաժեշտ է նաեւ ռազմագերիրների փոխանակումն իրականացնելու դեպքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4