«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2011-03-04 | #39, 2011-03-05 | #40, 2011-03-08


ԹԵՀՐԱՆԻՑ` ԲԱՔՈՒ. ՄԻԱՑՅԱԼ ԲԱՆԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՖԵԹՎԱ

Հ. ԱՖՅԱՆ

Երեկ Թեհրան ժամանեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ինչպես նշում են պաշտոնական լրահոսում` «Նախարար Մամեդյարովը, որը նաեւ Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի ադրբեջանական կողմի ղեկավարն է, կմասնակցի Թեհրանում կայանալիք այդ հանձնաժողովի նիստին, որի առաջին նիստն անցկացվեց 2008-ի մարտին Բաքվում»: Փաստորեն 3 տարի հետո միայն հանձնաժողովը նոր նիստ գումարեց. որոշ փորձագետներ այս հանգամանքը պատճառավորում են Իրան-Ադրբեջան վերջին ժամանակներում սրված հարաբերություններով:

Թեհրանում, բացի գործընկեր Ալի Աքպեր Սալեհիի հետ հանդիպումից (վերջինս էլ իրանական կողմի ղեկավարն է Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովում-Հ. Ա.), Մամեդյարովը կհանդիպի նաեւ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Ինչպես տեղեկանում ենք «Թրենդ»-ից, միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում Մամեդյարովն իրանական կողմին առաջարկել է արդիականացնել սահմանային անցակետերը` մաքսակետերի համար սահմանելով 24-ժամյա աշխատանքային գրաֆիկ: Իր հերթին նախարար Սալեհիին առաջարկել է Բաքվին` «ստեղծել միացյալ բանկ, բաց վարկային համակարգ եւ այլն»: Ադրբեջանական աղբյուրներից տեղեկանում ենք նաեւ, որ Բաքուն եւ Թեհրանը կստորագրեն «մի շարք համաձայնագրեր` տնտեսական գործակցության ոլորտում»:

Միեւնույն ժամանակ, զուգահեռաբար, շարունակվում է Իրան-Ադրբեջան «ակտիվ երկխոսությունը» հոգեւոր ոլորտում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Իրանի բարձրաստիճան հոգեւորականությունը կոշտ քննադատությամբ ընդունեց Ադրբեջանի կրթության նախարարի որոշումը, որ ադրբեջանական դպրոցներում կարգելվի հիջաբը (աղջկա մուսուլմանական գլխաշոր): Հիշեցնենք, որ ավելի վաղ` ադրբեջանական իշխանությունները սկսել էին երկրում որոշ մզկիթներ քանդելու գործընթաց, այդ երկրում նույնիսկ տեղի ունեցան մի քանի մոլլաների սպանություններ:

Բնականաբար այս քայլերը առաջացրել են իսլամական Իրանի դժգոհությունը, եւ եթե դա այդքան էլ չի արտացոլվում Թեհրանի «աշխարհիկ» քաղաքականությամբ, ապա Իրանի հոգեւոր վերնախավն իր հայտարարություններում խիստ է: Այսպես` օրերս Իրանում գումարվել է «Հիջաբի արգելումն Ադրբեջանում» թեմայով նիստ, որտեղ ելույթ է ունեցել իրանցի բարձրաստիճան հոգեւորական այաթոլլահ Հաշեմ Զադե Հարիսին. «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի, որ իսլամական հոգեւոր դասը ստիպված չլինի բնութագրել նրանց որպես ուրացողների», հայտարարել է մահմեդական հոգեւորականը: Ավելի վաղ` իրանցի մեկ այլ հոգեւորականՙ այաթոլլահ Մաքարեմ Շիրազին ֆեթվա (մահմեդական կրոնական հրաման, փաստաթուղթ) էր արձակել, որտեղ Ադրբեջանի կրթության նախարարը մեղադրվում է սահմանադրություն խախտելու, բազմաթիվ մարդկանց դժգոհություն պատճառելու մեջ: Ավելին` անցյալ տարվա մայիսին նույն հոգեւորականը մեկ այլ ֆեթվա արձակեց, որտեղ մասնավորապես գրված էր. «Հստակ հայտարարում ենք, եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, մենք պայքարի հրաման կարձակենք, եւ նա, ով պայքարի ընթացքում կզոհվի, շահիդ կդառնա: Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ նման հրաման արձակելու պարագայում իրավիճակն իրենց երկրում կտրուկ կսրվի, քանի որ շիաները յուրաքանչյուր նման հրաման արձակելուն պես պատրաստ են այն կատարելու»: Սա դեռ բավական չէ` իրանցի մեկ այլ հոգեւորական` Զեյն-օլ Աբեդին Ղորբանին, դիմելով Իլհամ Ալիեւին, հայտարարեց. «Ես Ձեզ վերջնագիր եմ ներկայացնում, այնպես մի արեք, որ Մուհհամմսդ Ռզա շահի եւ Սադամ Հուսեյնի նման պատմության աղբարկղն ընկնեք»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4