Մոտ 400 մլն դոլար արժողությամբ «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագիրն իրատեսական է եւ արժանացել է միջազգային փորձագետների բարձր գնահատականին: Այս մասին հավաստիացնում է ծրագրի նախաձեռնող Արմեն Վարդանյանը , որը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սփյուռքում եւ Հայաստանում, ներկայացրել այս ծրագրի բոլոր առավելությունները, ստացել միայն դրական արձագանքներ: Ըստ մեր զրուցակցի, կոնկրետ Հայաստանում այս ծրագրին հավանություն են տվել էկոնոմիկայի նախարարությունը, զարգացման հայկական գործակալությունը, ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհուրդը, ԱԺ նախագահը, բոլոր խմբակցությունները, գործարարներ:
Հանգամանորեն մշակված ծրագիրը ենթադրում է զբոսաշրջային համալիրի կառուցում մասնավորապես Եղվարդի ջրամբարի շրջակայքում: «Սիս, Մասիս եւ նոր Հայաստան» կոչվող զբոսաշրջային համալիրը պետք է ընդգրկի այցելություններ շրջակայքի հին եկեղեցիներ, անտառներ, Բյուրականի աստղադիտարան, Արա լեռան վրա կստեղծվի լեռնադահուկային բազա եւ այլն: Այսինքն, այստեղ այցելող զբոսաշրջիկները ձանձրանալու առիթ եւ ժամանակ չեն ունենա: Զբոսաշրջային համալիրում կստեղծվեն 1500-2000 աշխատատեղեր, իսկ մեր ջրերն էլ անիմաստ չեն հոսի դեպի Նախիջեւան, այլ կկուտակվեն Եղվարդի ջրամբարում: Ծրագրի եկամտաբեր լինելու եւս մեկ կողմն այն է, որ վերոնշյալ համալիրը մոտ է Երեւանին:
Արմեն Վարդանյանը տեղեկացնում է, որ այս նախագծի կառավարումը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել հանրահայտ MGM ընկերությունը: Նախագծի հեղինակի կարծիքով, այն պետք է լինի համահայկական եւ ներդրումներ ներգրավվեն ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:
Սակայն կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքում այս ծրագրին: Արմեն Վարդանյանը անհասկանալի է համարում դա: Առանց որեւէ բացատրության էկոնոմիկայի նախարարության հաստատած ծրագիրը կառավարությունը հետ է ուղարկել: Ըստ նրա, բավական է, որ կառավարությունն աջակցի այս ծրագրին եւ 10-15 մլն դոլար ուղղի Եղվարդի ջրամբարի կառուցմանը, նախագիծը տեղից կշարժվի, եւ ներդնողները կսկսեն հյուրանոցներ եւ հանգստի այլ օբյեկտներ կառուցել: Հարկային արտոնություն ծրագրի նախաձեռնողը չի պահանջում, այլ միայն ցանկանում է, որ երկրի առաջին դեմքերն ուշադրության արժանացնեն այս նախագծին, որի իրագործումը շահավետ կլինի ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ժողովրդի համար: «Սպասում ենք նախագահի եւ վարչապետի դիրքորոշմանը», ասում է Արմեն Վարդանյանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ