Միհրանյան Ալվարդին Երեւանում շատերն են ճանաչում: Սպիտակած մազերով, թախծոտ աչքերով այս կինը թերթերի կապոցը, մաստակների ու անձեռոցիկների տուփերը ձեռքին շրջում է մետրոյի գնացքներով: Մետրոյում նման մանր-մունր բաներ վաճառելով` տիկին Ալվարդը կարողանում է ապրուստի միջոցներ հայթայթել: Պատմում է, որ արդեն 16 տարի է մետրոյում այս գործով է զբաղված. «Տարբեր տեղերից թերթեր, գրիչներ ու անձեռոցիկներ եմ վերցնում: Վաճառելուց հետո խանութների գումարն իրենց եմ տալիս, իսկ տակն էլ ինչ մնում է, պահում եմ ինձ»: Այսպես աշխատելով տարիներ շարունակ 51-ամյա Ալվարդը պահում է սկեսրոջը, 2 տղաներին եւ իրեն: Ասում է, որ ամուսնալուծված է, նախկին ամուսինը ոչնչով չի օգնում իրենց: Տղաներից մեկը 28 տարեկան է, մյուսը` 21, երկուսն էլ չեն աշխատում: Փոքր տղան 2-րդ կարգի հաշմանդամ է, ոսկրային հիվանդություն ունի: «Տղաս երկու ամիս հիվանդանոցում է պառկել: Առաջ նույնիսկ քայլել չէր կարողանում, ձեռքերն ու ոտքերը դեֆորմացվել էին: Հիմա էլ անընդհատ դեղեր է խմում», պատմում է տիկին Ալվարդը, այնուհետեւ ավելացնում, որ փոքր տղան 12 հազար դրամ թոշակ է ստանում, որն ընտանիքի աղքատիկ բյուջեի մի մասն է կազմում: Մեծ տղան էլ նյարդային համակարգի խնդիրներ ունի: Տիկին Ալվարդի խոսքով` վատառողջ լինելու պատճառով երկու երեխաներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Նրանք մի կարգին տուն էլ չունեն: Ապրում են գնացքների նախկին ենթակայանում, որը Չարբախում է: Մեր երկրում ինչպես շատ կանայք, տիկին Ալվարդը նույնպես ընտանիքը պահելու ծանր հոգսը վերցրել է իր ուսերին: Լռությամբ ու համբերությամբ, առանց ամուսնու մեծացրել է երեխաներին: Եթե անգամ ոչինչ չպատմեր իր մասին, նրա տրտում դեմքից երեւում է` ինչ զրկանքների միջով է անցնում: «Ինձ օգնող չունեմ: Մեկ-մեկ մեծ տղաս պղինձ ու ալյումին էր հավաքում, հանձնում էր, դրանց համար փող էին տալիս, բայց հիմնականում իմ գործով ենք ապրել», պատմում է տիկին Ալվարդը, ապա ավելացնում. «Մետրոյում, սակայն, ոստիկանները միշտ չէ, որ թողնում են աշխատեմ: Օրինակ` 2 օր առաջ ոստիկանները տեսան, որ գնացքում բան եմ ծախում, ինձ մետրոյից դուրս հանեցին: Ուրիշ գործ չունեմ, դրա համար էլ ստիպված էստեղ եմ գալիս»: Մի կողմից երեխաների առողջությունը, մյուս կողմից սոցիալական ծանր պայմանները տիկին Ալվարդի կյանքը չարչարանքի են վերածել, սակայն նա չի հուսահատվում, կամ ինչպես ինքն է ասում. «Որ հուսահատվեցի, ի՞նչ օգուտ»: Հայ կանանց բնորոշ ծով համբերությամբ տիկին Ալվարդը կրում է կյանքի դժվարություններն ու պայքարում ընտանիքը պահելու համար: Իսկ երազանքների ու երջանկության մասին խոսելիս աչքերն արցունքով են լցվում: «Ուզում եմ, որ երեխաս առողջանա, ամուսնանա: Երջանիկ կլինեմ այն ժամանակ, երբ երեխաներիս առողջ ու երջանիկ կտեսնեմ», ասում է տիկին Ալվարդը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ