ՍԹԻՎԵՆ ՈՒԵՍԹ, «Բլումբերգ նյուզ»
Երբ պարող Դավիթ Կարապետյանը մուտք է գործում «Սան Ֆրանցիսկո բալետի» բեմադրած «Մարդուկ-Ջարդուկը» բեմադրության մեջ, նա հազիվ է կարողանում ինչ-որ բան տեսնել: Նրա մկանուտ ուսերին դրոշմանկարված պլաստմասսայից պատրաստված ութ ֆունտ քաշով գլուխ է, հանգույցներ եւ կեղծ մուշտակՙ մետաղալարերի հենքով:
- Աստված իմ, դա այնքան ծանր է ու խոշոր,- ծիծաղելով ասում է Կարապետյանը:-Տեսանելիությունը շատ քիչ է: Հազիվ է աչքդ մի բան ջոկում:
Կարապետյանն այդ ջարդող ատամներով, կոնաձեւ զինվորական գլխարկով եւ հրակարմիր մորուքով դիմակը կրում է առաջին գործողության մեջ, որ պատկերում է Մարդուկ-Ջարդուկ արքայազնի ղեկավարությամբ խաղալիք զինվորների ճակատամարտը մկների բանակի դեմ, որոնց առաջնորդում է դաժան Մուկ արքան:
- Երկու բանակներն էլ կազմված են երեխա պարողներից,- բացատրում է Կարապետյանը:- Լիքը լույսեր կան եւ լիքը երեխաներ, որոնք մի ծայրից մյուսն են վազում: Միեւնույն ժամանակ ձեռքիդ այս սուրն է, եւ երբ սկսում ես կռվել, պետք է զգույշ լինես: Դու չես ուզում որեւէ մեկի վնասել:
Կարապետյանն իրեն շատ ավելի է դրսեւորում, երբ պարում է Շաքարի փերու հետ (որին մարմնավորում է կյանքում իր ընկերուհինՙ Վանեսա Զահորիանը) եւ երկրորդ գործողության նրբագեղ պա-դե-դենՙ Մարիա Կոչետկովայի հետ միասին:
Բեմադրությունը, որ իրականացրել է պարախմբի գեղարվեստական տնօրեն Հելգի Թոմասոնը, առաջին անգամ ցուցադրվել է 2004-ին: Այնտեղ ներկայացված է ավելի քան 170 շքեղ հագուստ, որ ձեւավորել են Մարթին Պակլեդինասը եւ Մայքլ Յիրգանի երեւակայական միջավայրը, այն սկսվում է խաղալիքների խանութից եւ Սան Ֆրանցիսկոյի վիկտորիական տան հյուրասենյակից, որը երկրորդ գործողության մեջ վերածվում է երազային տեղանքիՙ իսպանական, արաբական, չինական եւ ռուսական պարերով հանդերձ:
29-ամյա Դավիթ Կարապետյանը «Սան Ֆրանցիսկոյի բալետին» միացել է 2004-ինՙ գալով «Ցյուրիխ բալետ» խմբից: Մեծացած լինելով Երեւանում (Հայաստան)ՙ նա մտադիր չի եղել պարող դառնալ: Առանց բեմական հագուստների նա նման է քոլեջի աշակերտիՙ կապույտ ջինսով, մոխրագույն սվիտրով եւ մարզական կոշիկներով:
- Երբ պատանի էի, չէի սիրում բալետը,- ասում է Կարապետյանը:- Իմ ողջ ընտանիքը պրոֆեսիոնալ պարողներ ենՙ հայրս, մայրս, քույրս, որն իր սեփական պարի դպրոցն ունի Հայաստանում: Նրանք սկսել են բալետից, բայց հետո փոխարինել են հայ ժողովրդական պարերով, քանի որ կարող էին ճանապարհորդել եւ լավ պարադիր ունեին: Այնպես որ ես զբաղվում էի սպորտովՙ մարտարվեստ, լող, ջրացատկ, ամեն բան: Բախտս բերել էր: Ես շատ ակտիվ տղա էի:
Նրա ծնողները փորձեցին պարի հանդեպ հետաքրքրություն առաջացնել, երբ Դավիթը 12 տարեկան էր:
- Նրանք ինձ եւս մեկ անգամ ասացին, որ գնամ դպրոց եւ ժողովրդական պար սովորեմ: Դա ինձ դուր եկավ: Հետո սկսեցի գնալ բալետի դասարանի պարապմունքներին ու տեսա, որ տղաները կատարում են այդ բոլոր զարմանալի թռիչքներն ու պիրուետները: Սկսեցի փորձել անել, ինչ որ ադ տղաներն էին անում:
Բալետին անցնելն «ամենադժվար բանն էր, որ ես երբեւէ արել եմ», վերհիշում է Դավիթը: «Երկու տարի անց ես մրցույթի գնացի Սանկտ Պետերբուրգ, ոչ մի տեղ չգրավեցի, բայց դա բացեց աչքերս: Ես վերադարձա որպես մեկ ուրիշ անձնավորություն: Սկսեցի ավելի շատ աշխատել եւ գլխավոր դերեր ստանալ»:
16 տարեկանում նա մեկնում է Ցյուրիխի բալետի դպրոց սովորելու, որտեղ մեկ տարի անց միանում է պրոֆեսիոնալ բալետի խմբին: Շվեյցարիայում վեց տարի անցկացնելուց հետո Դավիթը պատրաստ էր նոր մարտահրավերներ առաջարկող երկացանկի: 2004-ին նա չորս օրով ուղեւորվեց Սան Ֆրանցիսկո:
- Ինձ տեսավ Հելգին, որը մեկ տարվա պայմանագիր առաջարկեց 2005 թվականի համար,- ասում է Դավիթը:
Սան Ֆրանցիսկոյում, «Մարդուկ-Ջարդուկի» Արքայազնից բացի Կարապետյանը կատարել է այնպիսի գլխավոր դերեր, ինչպիսիք են «Կարապի լճի» արքայազն Զիգֆրիդը եւ «Քնած գեղեցկուհու» արքայազն Դեզիրեն (երկուսն էլՙ Թոմասոնի բեմադրությամբ): Դավիթը ճանաչում է ստացել նաեւ այնպիսի մոդեռն բալետներով, ինչպիսիք են Բալանչինի «Դիվերտիսմենտ թիվ 15»-ը եւ Ջերոմ Ռոբինսի «Նավաստիներն ափին»-ը:
- Սան Ֆրանցիսկոն մեծ փոփոխություն էր,- ասում է Դավիթը:- Ես փորձեր էի անում վերոհիշյալ հինգ բալետներումՙ աշխատելով տարբեր պարընկերների հետ: Շատ դժվար էր առաջին մի քանի շաբաթներին նրանց մերվելը:
Ամերիկա գալուց հետո նա հաճախել է լուսանկարչության եւ ապաՙ դերասանական դասընթացների: Հանգստանալու համար Կարապետյանը մեկնում է մոտակա Նափա Վալի շրջանըՙ լիցքաթափվելու:
- Սա իմ ամենասիրած վայրն է,- ասում է նա,- քանի որ ինձ Եվրոպան է հիշեցնում, եւ ինձ դուր է գալիս այստեղի գինին:
Անգլերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
Թարգմանչի հետգրությունը. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի անունը հայերենում գրեթե միշտ նույնն է մնացել: Սակայն նկատի առնելով, որ այն եվրոպական լեզուներով թարգմանվել է (անգլերեն Nutcracker, ֆրանսերեն Casse-noisettes, իսպաներեն El Cascanueces, իտալերեն Lo schiaccianoci եւ գերմաներեն Nuշknacker), մենք եւս առաջարկում ենք այսուհետ բալետի վերնագիրը թարգմանել: Միայն ոչ թե «Ընկույզկոտրիչը», ինչպես եվրոպական լեզուներում, այլ արդեն հայ թարգմանական գրականություն մուտք գործած «Մարդուկ-Ջարդուկ» անունով, որը, կարծում ենք, բավական հաջող է: Կարելի էր թարգմանել նաեւ «Չրխկիկը», որը թե՛ ռուսերեն - չրխկալ բայի իմաստն է արտահայտում եւ թե՛ նվազական ձեւով հուշում է, որ խոսքը ոչ թե խոհանոցային գործիքի, այլ խաղալիքի մասին է: Խորհրդահայ մամուլում մեզ մի անգամ հանդիպել է բավական անհաջող «Ճրթանը» ձեւը (տեսՙ «Սովետական արվեստ», 1984, թ. 7, էջ 45), իսկ մեր նախորդ աշխատություններից մեկում օգտագործել էինք «Շրխկանը» տարբերակը (տես մեր «Հայերը համաշխարհային կինոյում» գիրքը, էջ 216, 218): «Մարդուկ-Ջարդուկ» վերնագիրը բալետի համար արդեն սկսել է օգտագործվել (տես Հասմիկ Մարկոսյան, Ռուզաննա Եսայան, Երաժշտության աշխարհում. բալետ, Երեւան, 2007, էջ 73): (Ի դեպ, կարծում ենք, որ նույն կերպ ճիշտ կլիներ ռուսական մուլտֆիլմի հերոս Չեբուրաշկայի անունը թարգմանել Թրմփիկ. շատերը չգիտեն էլ, որ այդ անունը ծագում է ռուսերեն ՙ թրմփալ բայից):