«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2011-03-04 | #39, 2011-03-05 | #40, 2011-03-08


ԺՊՏԱ՞Լ, ԹԵ՞ ՈՉ

Փորձեք ժպտալ այսօր ու մտածել, որ տոնը ձերն է: Եթե անգամ որեւէ մեկը չհիշեց ձեզ, չզանգեց ու չշնորհավորեց, եթե անգամ հիվանդ կամ վիրավորված եք, անգամ եթե «գազի» ու «լույսի» տեսուչն առանց զգուշացնելու զրկում է տունդ ջերմությունից, հոգ չէ, որ թոշակառու ես, մենակ ես ու թոշակդ էլ ուշացրել են: Ժպտա, նույնիսկ եթե ամուսինդ դրսի անհաջողության մաղձը գլխիդ թափի:

Մի նեղսրտիր դիմացի շքեղ առանձնատան ներսը աչք գցելիս, կամ շքեղ մեքենաների մեջ նստած ու շքեղ հարդարված տիկիններին նայելիս եւ կամ շքեղ ռեստորաններում երեկոն անհոգությամբ մսխողներից: Մոռացիր նրանց, ովքեր կյանքդ դարձնում են ավելի քան անտանելի, դատարկ ու աղքատ, կեղեքում օրդ ու ապրուստդ: Մոռացիր գործատուիդ, հովանավորիդ, սիրեցյալիդ, եղիր ինքդ քեզ հետ, մի օր ապրիր ինքդ քո համար. հանգստացիր պարզապես: Անհնա՞ր է: Որովհետեւ անտարբերություն է շուրջդ ու տունդՙ դատարկ, որովհետեւ առավոտից մինչ ուշ երեկո կուչ ես գալիս ապրանքաբեռ դարակների կողքինՙ գնորդ մուրալով, որովհետեւ ջահելությանդ վրա անպատկառ հայացքներ են սողում... Որովհետեւ ամբողջ օրը 20 մոմ չես վաճառել տնետուն ման գալով ու դատարկաձեռն հետ ես դառնում տունդ, որովհետեւ ներսի ու դրսի հոգսը քո խեղճ ու փխրուն ուսերին է ընկած:

(Ոչ վաղ անցյալում հայ ընտանիքի ու հայ կնոջ ավանդապահության ու պարկեշտության գովքն էին անում հայ պոետներն ու արվեստագետները: Առասպելը ի՜նչ արագ ցնդեց: Բավական էր ազատության քամու շունչը, ու դրա բերանն ընկած բեկբեկուն տերեւի պես թռավ մեր կանանց համբավըՙ մեզ համար խորթ, անսովոր մենթալիտետով: Թվեր ու փաստերՙ որքան ասես: Բավական է միայն հիշենք ռուսական սայթերից մեկում հայտնված վենագիրը. «Հայ մարմնավաճառները Թուրքիայի գլխացավանքն են դարձել» (գոնե մեկ այլ երկիր ընտրեին): Սոցիալական կարիքից ծնված իրավիճակ, որը, սակայն, որոշ դեպքերում բարգավաճ բիզնեսի է վերածվելՙ հովանավորյալ կասկածելի ստվերներով):

Մոռանանք նրանց, ովքեր ներկա հարաբերությունների մեջ ապրում են «խիղճները գրպանը դրած», ում մեջ խորն է նստած միջնադարյան տղամարդու գենը, ով մոռացել է կյանքի բնական օրենքը, ով ապրում է «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավորի» սկզբունքով եւ վերջապես մեզ շրջապատող ամենատարածված եւ արագ բազմացող տիպին մոռանանքՙ կեղեքիչին եւ ուրիշի աշխատանքը հանգիստ յուրացնողին: Մոռանալով հանդերձՙ խորհուրդ տանք (մեծահարուստ մեր խավին ու բարձրաստիճան չինովնիկին) կարդալու (կամ վերընթերցելու) Դիկենսի «Սուրբ ծննդյան տոների պատմությունը» կամ դիտելու համանուն ֆիլմը, հաստատ կլասիկ ժլատի ու կեղեքիչի այդ կերպարի փոփոխությունը իրենց մտածողության մեջ մի հետք կթողնի, սեփական բարեկեցության բուրգի բարձունքից այլոց տեսնելու «շնորհ» կիջնի վրաները:

Թերըմբռնված ազատություն ու բարոյականություն, թերսնված կյանք, որ զրկեց մարդկանց արժանապատվությունից, իրավունքներից ու... ժպիտից:

Հասարակական տրանսպորտի միջոցներից ինձ ամենահարմարը մետրոն է: Ամեն երեկո, արդեն տասը տարի ուշ ժամերին տուն եմ դառնում մետրոյով, նայեք հայ մարդկանց եւ կանանց դեմքերին: Ի՜նչ խեղճություն, աչքերի կորսված փայլ, մռայլ անորոշություն, չկա լուսավոր որեւէ դեմք, ժպիտ: «Տխուր ենք ապրում, պարոնայք», կասեր Անտոն Պավլովիչը: Ժպիտ չկա՛ մեր դեմքին, հարգարժան ղեկավար այրեր: Ձեր ժողովրդի մայրերը հոգնած են ու սպառված: Ինչ փույթ, որ վերականգնեցիք նախկին տոնը խորհրդային կանանցՙ հեղափոխականի հիմնած, չնայած մայրության ու գեղեցկության տոն արդեն ընդունել էիք: Դեռ միամսյակ էլ եք հայտարարելՙ գլխացավանքի միամսյակ: Իրականում, ոչ մի տոն չկա:

Փոխարենը այնպես արեք, որ Երեւանի վրա կուպրի նման ծանրացած երկինքը նոսրանա. թե չէ ամենուրեք բողոք ու բողոք է բարձրանում վեր: Որ կանայք քաղաքի փողոցներից (ոչ միայն մեր) տուն դառնան, ապրեն ավելի հանգիստ, չմոռանան, որ կին են, որ հմայքն իրենց պահեն ավելի երկար, եւ իրենց տներում կարողանան ջերմություն ստեղծել: Եվ որ ժպտան:

Բայց միեւնույն է, ի հեճուկս նրանց եւ կպչուն այս հոգսի, ժպտացեք այսօր ուՙ անկեղծ: Ժպտացեք, որ... նրանք փոքր-ինչ թոթափեն իրենց հոգու բեռը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4