Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը վերջերս է վերադարձել Հնդկաստանից, ուր մեկնել էր արշավախմբով հայկական հուշարձանների ուսումնասիրման նպատակով: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանը ներկայացրեց Հնդկաստանի տարբեր քաղաքներում իր խմբի կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Հնդկաստանում ` 17-րդ դարի սզբից առ այսօր հայտնաբերվել են շուրջ 4000 հայկական հուշարձաններ: Ուսումնասիրությունից հետո խումբը Հայաստան է վերադարձել 5200 լուսանկարներով: Սամվել Կարապետյանի խոսքով` Հնդկաստանում հիմա քիչ հայեր են ապրում, այդ պատճառով էլ այնտեղ հետազոտություններ կատարելը դժվար է եղել: «Մի ամսից մի փոքր պակաս ժամանակում Հնդկաստանում հաշվել ու չափագրել ենք 10 կանգուն հայկական եկեղեցիներ», նշել է Սամվել Կարապետյանը:
Հարցին, թե Հնդկաստան մեկնելու եւ ուսումնասիրություններ կատարելու համար մշակույթի նախարարությունն ինչքա՞ն գումար է հատկացրել, Սամվել Կարապետյանը պատասխանել է, որ նախարարությունը տրամադրել է շուրջ 7 հազար եվրո, իսկ ամեն տարի հայկական հուշարձանների ուսումնասիրման նպատակով իրենց կազմակերպությանը հատկացվում է 60 միլիոն դրամ:
Ի. Պ.