Անցյալ տարի հոկտեմբերին Գիտության պետական կոմիտեն գիտական ու գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման նպատակով հայտարարել էր գիտական թեմաների մրցույթ: Երեկ ՄԱԱ-ում գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձավ մրցույթի արդյունքներին: Նախ տեղեկացրեց, որ թեմատիկ ծրագրերը նախատեսված են բազային ծրագրերին նպաստելու եւ փոքր խնդիրների լուծման համար. «Այդ պատճառով էլ ակադեմիական ինստիտուտների բյուջեի 80 տոկոսը նախատեսված է բազային ծրագրերի համար: Կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերը ֆինանսավորվում են բազային գումարներով»:
Վերոնշյալ մրցութային թեմատիկ ծրագրին հատկացված ընդհանուր գումարը կազմել է 686 մլն դրամ, որի շուրջ 53 տոկոսն հատկացվել է բնական գիտություններին, 4,5 տոկոսը` հումանիտար գիտություններին, 14 տոկոսը` հայագիտությանն ու սոցիալական գիտություններին: Բանախոսի փոխանցմամբ` թեմատիկ ֆինանսավորման մրցույթն անցկացվել է 3 փուլերով: Առաջինը եղել է տեխնիկական փորձաքննության փուլը, 2-րդը` գիտական փորձաքննության: Իսկ 3-րդը արդյունքների բողոքարկման փուլն է: Սամվել Հարությունյանը հավելեց. «Ֆինանսավորման 10 տոկոսը թողնում ենք բողոքարկման փուլի համար»: Անդրադառնալով թեմաների վերաբերյալ հարցին` բանախոսը նշեց, որ կան 160-170 օրակարգային թեմաներ. «Իսկ նախկին 700 թիվն ուռճացված էր»: Այնուհետեւ նորից խոսելով ֆինանսավորումից` Ս. Հարությունյանը տեղեկացրեց, որ ֆինանսավորման ծավալների մոտավորապես 60 տոկոսը տրվում է աշխատավարձերի ֆոնդին. «Իսկ մնացած մասը բավարար է, որ ծրագիրն իրականացնող հեղինակները գնան գիտական գործուղումների ու ձեռք բերեն որոշակի քանակությամբ նյութեր»: Բանախոսի փոխանցմամբ` 5 հաստիքով թեմաների համար տարեկան ֆինանսավորման ծավալը կկազմի մոտավորապես 18 հազար դոլար: 2-րդ փուլի` գիտական փորձաքննության արդյունքում փորձագիտական խորհուրդներում հաստատվել են 95 գիտական ծրագրեր:
Ապա խոսելով Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներից` Սամվել Հարությունյանը, բնականաբար, նախ առանձնացրեց, որ փոքր են գիտությանը տրամադրվող ֆինանսավորման ծավալները: Նրա փոխանցմամբ` հայագիտության ոլորտում էլ հարկավոր է սերնդափոխություն, որպեսզի հայագիտությունը թարմանա. «Տարվա կեսին հայագիտության ոլորտի համար էլ առանձին մրցույթ ենք ունենալու»:
Վերջում բանախոսն անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` վերջերս հրապարակած գիտական հաշվետվությանը, որտեղ ներկայացված է գիտության վիճակը տարբեր երկրներում: Իհարկե, հաշվետվության ոչ բոլոր տվյալներն են լիարժեք համապատասխանում իրականությանը: Սակայն, Ս. Հարությունյանի խոսքով, եթե համեմատություն անցկացնենք մեր երկրի եւ ԱՊՀ մյուս երկրների միջեւ, ապա գիտության առումով ունենք առավելություններ. «Իսկ եթե ներկայիս վիճակը համեմատենք 70-ական թվականների դրության հետ, ապա հիմա անհամեմատ վատ վիճակում ենք»:
Ի. Պ.