«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2011-03-08 | #41, 2011-03-10 | #42, 2011-03-11


«ԱՆՇՈՒՇՏ, ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆ Է»

Հայտարարել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարը Սենատում

Շուրջ 10 օր առաջ Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնած, նախկինում այդ երկրի պաշտպանության նախարար Ալեն Ժյուպենը, անցած չորեքշաբթի ֆրանսիական Սենատում հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: Պատասխանելով պատգամավոր, «Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի» ներկայացուցիչ Ֆրանսուա Ռոշբլուանի հարցին, թե ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալիս պաշտոնական Փարիզը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ղարաբաղյան կարգավորման գործընթացում, մասնավորապես ԼՂ կարգավիճակի որոշման հարցում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի` նախարար Ժյուպենը, նախ հիշեցրել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների` Մուսկոկայի եւ ԼԱքվիլայի գագաթաժողովներում մատնանշած բազային սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի ԼՂ հակամարտության կարգավորումը, ապա նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Աստրախանում եւ Աստանայում հայտնել են իրենց պատրաստակամությունը` «սկզբունքների շուրջը բանակցելու առումով», ապա ընդգծել է. «Անշուշտ, մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որեւէ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքն է»: Ավելորդ չենք համարում նշել նաեւ, որ պատգամավոր Ռոշբլուանը, որն, ի դեպ, ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանում «անցանկալի անձ» է, ֆրանսիական Սենատում բարձրաձայնել է. «Ղարաբաղը իր բնակչության կամքին հակառակ Ադրբեջանի կազմում է հայտնվել ԽՍՀՄ կոմկուսի որոշմամբ եւ ԽՍՀՄ փլուզումից հետո վերանվաճել է իր ազատությունը մեծ տառապանքների գնով»: Ռոշբլուանը նաեւ, ընդգծելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի օրերս կայացած փարիզյան հանդիպումները, տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ Ստեփանակերտը մասնակից չէ խաղաղ բանակցություններին: Այս կապակցությամբ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. «Ժամանակի ընթացքում բանակցությունների ձեւաչափը էվոլյուցիա է ապրել: ԼՂ-ի փաստացի իշխանությունները այլեւս բանակցությունների մասնակից չեն, քանի որ, հիշեցնեմ, աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել այդ տարածաշրջանի հռչակած անկախությունը»:

Բնականաբար` հարեւան երկրում անմիջապես թիրախ են դարձրել Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Ֆասիեի գլխավոր կոորդինատորներից մեկի խոսքերը: Այսպես` «հարցում խառնվել են» Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը, Փարիզում Ադրբեջանի դեսպանը եւ, անշուշտ, Ադրբեջանի ԱԳՆ-ն: Վերջինս ադրբեջանական լրատվամիջոցներին խոստացել է` «Փարիզում ունեցած մեր դեսպանատան միջոցով հետաքննություն կանցկացնենք եւ այդ մասին կտեղեկացնենք հանրությանը»: Հատկանշական է, որ Բաքվում ֆրանսիական դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել «նախարար Ժյուպենի Սենատում արած հայտարարությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ»: Ինչպես տեղեկանում ենք 1new.az-ից, «Փարիզում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը հանդիպում կխնդրի Ֆրանսիայի արտգործնախարարի հետ»: Հարեւան երկրի լրատվամիջոցները միահամուռ «արդարացի» տարակուսանք են հայտնում, թե «ինչպե՞ս կարող է Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը առանձնացնել եւ կարեւորել հիմնարար սկզբունքներից մեկը միայն»: Լավ է, որ Ադրբեջանում վերջապես ցանկանում են հասկանալ, որ սկզբունքերից որեւէ մեկի առանձնացումը ցանկալի եւ խրախուսելի չէ, բայց, միեւնույն ժամանակ, շատ ավելի լավ կլիներ, որ Բաքվում վերջապես հասկանային նաեւ, որ առհասարակ` ոչ միայն Ղարաբաղի պարագայում, եթե ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ավելի հիմնարար չլիներ երկրների տարածքային ամբողջականություն սկզբունքից, ապա Ադրբեջան պետությունն այսօր չէր լինի, եւ ընդանրապես, որեւէ պետություն չէր լինի, որպեսզի խոսեր սեփական տարածքային ամբողջականության մասին:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4