Բարձր գնաճի դեպքում
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում երեկ հաստատած փոփոխություններով, որոնք ուղարկվել են ԱԺ քննարկմանը, կառավարությունն իրավունք է վերապահում իրեն միջամտել որոշ ապրանքների գների կարգավորմանը: Ինչպես հայտնեց օրենքի նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը , առեւտրի ոլորտում գնային քաղաքականության պետական կարգավորումը հնարավոր է այն դեպքում, եթե սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության առանձին տեսակների պարենային ապրանքների մանրածախ գների աճը 30 օրացուցային օրերի ընթացքում կկազմի 30 եւ ավելի տոկոս: Այդ դեպքում կառավարությունն իրավունք ունի, այդ ապրանքների մանրածախ գների կայունացման նպատակով, դրանց վրա սահմանել թույլատրելի մանրածախ գների վերին շեմի կամ առեւտրային վերադրի չափ` ոչ ավելի, քան իննսուն օրացուցային օր ժամկետով:
Անդրադառնալով այս որոշմանըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ նման իրավունքով օժտված են բազմաթիվ երկրների կառավարություններ, եւ դա որոշակի դեր է ունենում գների խուճապային աճ թույլ չտալու հարցում: Նա ընդգծեց, որ այս հնարավորությունից կառավարությունը պետք է օգտվի ծայրահեղ դեպքում:
Խոսքը հետեւյալ ապրանքատեսակների մասին էՙ տավարի միս, հավ, ձուկ, կաթ, կարագ, պանիր, ձու, կարտոֆիլ, սոխ, գազար, թեյ, ցորեն, բրինձ, հնդկաձավար, ցորենի ալյուր, արեւածաղկի ձեթ, մարգարին, շաքար, հաց, կերակրի աղ:
Ա. Մ.