«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2011-03-08 | #41, 2011-03-10 | #42, 2011-03-11


ԻՍԿ ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՑԻՔ ՍՈՉԻՈՒՄ

ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը նախատեսում էր երկու դիտարկում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արեւելք եւ Ակնա բնակավայրի մերձակայքում` Ասկերանի ուղղությամբ: Թանձր մառախուղի պատճառով առաջին դիտարկումը չի կայացել: Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաջարկով Ասկերանի ուղղությամբ իրականացրած դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Ընդամենը 5 օր առաջՙ մարտի 5-ին, Սոչիում Ադրբեջանի նախագահը ՀՀ եւ ՌԴ նախագահների հետ միասին հանդես եկավ հայտարարությամբ, որի կետերից մեկում ասվում է. «Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով` կողմերի մասնակցությամբ, անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահողի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: Դե, եթե սովորական մոնիտորինգի ժամանակ Ադրբեջանը խուսափում է ԵԱՀԿ դիտորդներին դուրս բերել «կրակի դադարեցման» առաջին գիծ, ապա, ինչ խոսք, նման ցանկություն չի ունենա «բոլոր վիճելի հարցերը` հետաքննելու» ժամանակ, մանավանդ որ վերջին հետաքննությունների ընթացքում կարող է պարզվել, թե ի՞նչ հանգամանքներում է մահացել Աղդամի շրջանի գյուղերից մեկի բնակիչ ադրբեջանցի երեխան, որքան էլ ցավալի է այս մասին ասել` եթե, իհարկե, նման երեխա կա եւ մահացել է: Ուրեմն հասկանալի է, որ Բաքուն, հերթական անգամ չի հարգի իր իսկ նախագահի ստորագրությունը, եթե նրան այդ ցանկությունը չպարտադրեն կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ նախահագողի անձնական ներկայացուցիչը:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա), Քրիստո Քրիստովը (Բուլղարիա): Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4