Մի պայծառ օր ես` Ռուսաստանի քաղաքացիս, որոշեցի ընդունել երկքաղաքացիություն եւ նորեն երեք տասնամյակ հետո վերադառնալ արմատներիս: Երկքաղաքացի դառնալու արարողակարգը Հայաստանում բավականին դյուրացված է, ինչի կապակցությամբ ողջունում եմ համապատասխան իշխանությունների իմաստնությունը: Ահա եւ օրերս ձեռքս առա նվիրական հայատառ անձնագիրս... Մինչ այդ Ձորաղբյուրի ամառանոցային հատվածում գնել էի երկհարկանի մի տուն` կից հողամասով: Բնականաբար, ցանկություն հայտնեցի գրանցվելու ինձ պատկանող տանը, եւ ոչ թե համապատասխան խնդրանքով ընկնել բարեկամների դռները: Եվ հենց այստեղ իմ առջեւ հառնեցին բյուրոկրատական անհասկանալի ու անանց արգելքներ: Պարզվեց, որ իմ քարակուռ տունը, մասամբ էլ` տուֆակերտ, ընդամենը «բնակելի այգետնակ» է: Ճիշտն ասած, ես բնավ էլ ուշադրություն չէի դարձրել այդ պարագային, մտածում էի` ինչ կարեւոր է, թե ինչպես է ձեւակերպված վկայականում: Աբովյանում ոստիկանության անձնագրային բաժնի պետը շատ կիրթ ձեւով ինձ բացատրեց, որ խրոխտ հրաման կա մարդկանց չգրանցել այգետնակներում, եթե նույնիսկ դրանք բնակելի են: Խորհուրդ տվեց դիմել մարզային կադաստրին: Այստեղ էլ նույնքան բարեկրթորեն ասացին, որ իրենք իրավունք չունեն անհատական կարգով փոխելու այգետնակների կարգավիճակը եւ դրանք դարձնելու գրանցման համար պիտանի բնակելի տներ: Դրա համար երկրի կառավարությունը պետք է ընդունի հատուկ (ընդհանուր) որոշում, հայտարարեցին նրանք: Զարմանքով ու սրտի ցավով ձեռքերը տարածեց նաեւ Ձորաղբյուրի գյուղապետը, չմոռանալով իր բարոյական աջակցությունը հայտնել հարցի դրական լուծման գործում:
Խորությամբ մտորելով վերոշարադրյալի շուրջը, որոշեցի հայոց թանկագին կառավարությանը դիմել հայրենի «Ազգ» թերթի միջոցով, որի անխափան մոսկովյան թղթակիցն եմ ահա արդեն 15 տարի: Թախանձագին խնդրում եմ չզրկեք ինձ արդեն հարազատ դարձած ձորաղբյուրյան` բոլորովին վագոն չհիշեցնող «բնակելի այգետնակում» գրանցվելու հայրենասիրական խոր բավականությունից, հնարավորություն տվեք ինձ եւ անիմաստ բյուրոկրատիայից ծեծվող տարաբախտ այլ սփյուռքահայերի լիարժեք վայելելու անկախ Հայաստանի քաղաքացի լինելու անհուն բերկրանքը: Խնդրանքս ավելի ծանրակշիռ դարձնելու նկատառումով ինձ իրավունք եմ վերապահում միջնորդ դարձնել ուսանողական ընկերոջսՙ «Ազգի» գլխավոր խմբագրին , որը հյուրընկալվելով իմ «այգետնակում», կարող է հավաստել կամ առնվազն վկայություն տալ, որ այն հիրավի ի զորու է կոչվելու «բնակելի տուն»` արժանի օրինական սեփականատիրոջը գրանցելու բաղձալի իրավունքին:
Սպասում եմ հուսադրող պատասխանի:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Ձորաղբյուր