«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2011-03-08 | #41, 2011-03-10 | #42, 2011-03-11


ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՆՑՈՒՄ ԱՅԼ ԱՇԽԱՐՀՆԵՐ

Լիլիթ Գրիգորյանը Երեւանում դասավանդել է ֆրանսերեն, եղել է ուղեվար-թարգմանիչ, Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ: Բոդլերի եւ ռուսական սիմվոլիստական պոեզիայի մասնագետ է: Այդ մասին տեղեկացնում է Փարիզի «Աշխարհ» թերթը: Վերջին տարիներին հայերեն է թարգմանել ֆրանսիական գրականության երեք կարեւոր ստեղծագործությունՙ Ալֆրեդ դը Մյուսսեի «Մարիաննի քմայքները» (լույս է տեսել 2008-ին), որը Հայաստանի տարվա շրջանակներում Երեւանում բեմադել է Սերժ Ավետիքյանը, Ժյուլիեն Գրակքի «Նեղ ջրերը» (2008) եւ Սամուել Բեկետի «Գոդոյին սպասելիս» գործը (2009): Վերջին երկուսի նախաբանները գրել են նշանավոր մասնագետներ Ժան-Լուի Լյոտրան եւ Միշել Կորվենը:

Ժ. Գրակքի «Նեղ ջրերի» տեքստը կարճ է, բայց երկարահունդ արտահայտություններով ծավալվում է մի աշխարհում, որտեղ երազանքներն ու պատկերները միախառնվում են, հարափոփոխ բանաստեղծական մտածողություն կազմելով նրբագեղ ու բարդ լեզվով: Ս. Բեկետի պիեսի արտահայտությունները, ընդհակառակը, կարճ են, լի հեգնանքով եւ թվացյալ հիմարություններով, որպեսզի արտահայտեն ապարդյուն սպասումը եւ գոյության ունայնությունը: Երկու դեպքում էլ (ինչպես որ ամեն մի թարգմանաության մեջ) դժվարությունը նախադասության ռիթմի պահպանումն է, որպեսզի ընթերցողը հեղինակի աշխարհում հայտնվի գեղեցիկ թարգմանված տեքստի շնորհիվ:

Այդ երկու ստեղծագործությունները լույս են տեսել Actual Art ֆրանսերեն-հայերեն երկլեզվյան տարբերակով, «գրպանի գիրք» ֆորմատով, խնամված տեսքով, մատչելի գնով (100 դրամ): Հրատարակչությունը Մկրտիչ Մաթեւոսյանի գլխավորությամբ իրականացնում է մշակութային բազմաբնութ գործունեություն, մասնավորապեսՙ փոխանակումներ տեսողական արվեստների, արվեստի քննադատության էսսեի, պոեզիայի, արձակի բնագավառներում: «Ժամանակակից ֆրանսալեզու գրականություն» մատենաշարը աստիճանաբար ընդլայնվում է, ներկայացնելով մի շարք հայտնի գործեր: Ի դեպ, Մ. Մաթեւոսյանը զգալի դեր է խաղացել 2010-ի հոկտեմբերին Երեւանում «Վերադարձ գրքին» նշանաբանով անցկացված ընթերցանության օրերի կազմակերպման մեջ: Նա այնտեղ ներկայացնում է 5 հրատարակություն, այդ թվում Ս. Բեկետի «Գոդոյին սպասելիս», Ժան Էլնոզի «Ռավել», Միշել Մարյանի «Հայկական տաբու» գործերը: Ընթերցանության օրերի նպատակն էր գրքի հանդեպ հետաքրքրությունը վերստին Հայաստանում, ոտեղ վերջին երկու տասնամյակին այն զգալիորեն նվազել է:

Ի դեպ, հայկական տպագրության 500-ամյակի առիթով ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012-ին Երեւանը կհռչակի գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4