«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2011-03-10 | #42, 2011-03-11 | #43, 2011-03-12


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ-Ն ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ

Երեկվա համարում «Ազգը» տեղեկացրեց, որ Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ալեն Ժյուպեն Սենատում պատասխանելով պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի հարցին` կապված ԼՂ հիմնահարցի հետ, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նշել է, որ Փարիզի համար «անշուշտ, ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունքն է` ցանկացած հակամարտություն լուծելիս»: Մենք նաեւ տեղեկացրինք, որ Ադրբեջանում Ժյուպեի այս հայտարարությունը կտրուկ արձագանքների է արժանացել. մասնավորապես Փարիզում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ` պարզաբանում ստանալու եւ նախարար Ժյուպեի հետ անձնական հանդիպում պահանջելով: Ինչպես երեկ տեղեկացանք Ադրբեջանի «կիսապաշտոնական» 1news.az կայքից, դեսպան Ամիրբեկովը վերոհիշյալ բովանդակությամբ նամակ է հղել ֆրանսիական արտգործնախարարություն, որտեղից ստացվել է հետեւյալ պատասխանը: Նախ` նախարարությունը նշել է. «Քանի որ նախարար Ժյուպեն այժմ երկրում չէ, առայժմ անհնար է դեսպանի հետ հանդիպում կազմակերպել», այնուհետեւ արտահայտել է Փարիզի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցում: Ֆրանսիայի ԱԳՆ-ն «հիշեցրել» է Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահների Մուսկոկայում եւ Ակվիլայում արած հայտարարությունները, որ «հակամարտությունը պետք է լուծվի ըստ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ ՄԱԿ-ի կանոնադրությունում տեղ գտած սկզբունքների»: Որպես այդպիսիք Ֆրանսիայի ԱԳՆ, ըստ ադրբեջանական կայքի, նշել է. «ԼՂ հարակից տարածքների վերադարձ, ԼՂ միջանկյալ կարգավիճակի, անվտանգության եւ ինքնավարության երաշխիքների տրամադրում, Հայաստանի հետ ԼՂ կապող միջանցքի տրամադրում, ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշում` անխտիր իրավաբանական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով եւ խաղաղության միջազգային երաշխիքների տրամադրում` ներառյալ խաղաղապահական առաքելություն»: Հատկանշական է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ի պատասխանը, փաստորեն, անմիջականորեն չի պատասխանում ադրբեջանցի դիվանագետի հարցին, այլ ընդամենը հիշեցնում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցությունների ընթացքը եւ արդեն իսկ արված հայտարարությունները: Թերեւս ադրբեջանական կողմին մնում է բավարարվել նույն` ավելի վաղ եւ պարբերաբար արված եւ արվող հայտարարություններով, ըստ որոնց Մինսկի խմբի համանախագահները շեշտում են, որ ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը եւ ուժի չկիրառումը մեկ ամբողջական փաթեթ ներկայացնող սկզբունքներ են, եւ դրանցից որեւէ մեկը գերակա չէ մյուսի նկատմամբ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4