Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, մարտի 10-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է հանձնաժողովի համանախագահ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ռումինականըՙ Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Անկա Դանիելա Բոաջիուն:
Իր ելույթում Մանուկ Վարդանյանը, դրական համարելով երկու երկրների միջեւ վերջին տարիների առեւտրաշրջանառության որոշակի աճը, նշել է, որ, այնուամենայնիվ, առեւտրաշրջանառության ծավալները բավականին փոքր են իրական հնարավորություններից: Նիստի ընթացքում առաջարկվել է այս տարի Երեւանում եւ Բուխարեստում կազմակերպել գործարար ֆորումներ, ինչպես նաեւ տեղական արտադրանքների տարեկան մասնագիտացված ցուցահանդեսներ: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսական ոլորտին, որտեղ առկա են համագործակցության զգալի հնարավորություններ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարն առանձնացրել է նաեւ համագործակցության մի քանի այլ ուղղություններ` ոսկերչություն եւ ադամանդագործություն, առողջապահություն, զբոսաշրջություն եւ այլն:
Հայ-ռումինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում մարտի 10-ին տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին ընդունել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը:
Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ մարտի 11-ին նախատեսվում է Ռումինիայի Առեւտրաարդյունաբերական պալատում կազմակերպել հայ-ռումինական կլոր սեղան`«Հայաստանում գործարարության եւ ներդրումների միջավայրի հնարավորությունները» թեմայով, որին ներկա կլինեն ռումինական հայտնի ընկերությունների եւ ձեռնարկությունների մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ:
Ա. Մ.