«Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը երեկ հայտարարեց բանկի կողմից նոր Petrol plus համակարգի եւ Visa միջազգային վճարահամակարգի հետ երկակի (Dual) կիրառման քարտիՙ AutoCard-ի ներդրման մասին: Այս նոր համակարգը ավտովառելիքի լիցքավորման կետերի ցանցի եւ համապատասխան կապուղիների վրա հիմնված միասնական ենթակառուցվածք է, որը հնարավորություն է տալիս ավտովառելիքի ձեռքբերման համար ներկայումս կիրառվող կտրոնները փոխարինել պլաստիկ քարտերով:
Ինչպես նշեց Աշոտ Օսիպյանը, AutoCard-ը նորույթ է հայաստանյան շուկայում եւ դրանից օգտվողներին կընձեռի մի շարք առավելություններ: Մասնավորապես, համաձայնեցված ձեւաչափերով եւ հաճախականությամբ բանկի կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրվող հաշվետվությունները հնարավորություն կտան օպերատիվ կերպով վերլուծել, վերահսկել եւ օպտիմալացնել ընկերության ավտոպարկի համար վառելանյութի ձեռքբերման, լիցքավորման, ծախսումների կառավարման գործընթացը, բարելավել հաշվետվական ներքին համակարգը:
Ա. Մ.