«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2011-03-10 | #42, 2011-03-11 | #43, 2011-03-12


ԻՍԿ ՄԵՆՔ ՅՈՒՐԱՑՐԵ՞Լ ԵՆՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԱՍԸ

Մարտի 11-ին Ճապոնիայում գրանցված հզոր երկրաշարժն ու ցունամին բնականաբար հայտնվել էին աշխարհի լրատվամիջոցների ուշադրության առանցքում: Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն առավոտյան եթերում ոչ միայն հանգամանալից անդրադառնում էր աղետին, Տոկիոյում գտնվող սեփական թղթակցի հետ հնարավորինս հաճախակի կապ հաստատում, այլեւ իր նախօրոք կազմած ծրագրի հաղորդումները կամ ընդհատում էրՙ աղետի գոտուց նոր լուրեր հաղորդելով կամՙ վազող տողերով զուգահեռում: Առավել քան զարմանալի է, որ սեյսմիկ Հայաստանի հեռուստաընկերությունները, մասնավորապես Հ1-ը, ոչ միայն օպերատիվ չեն, այլեւ աշխատում էին նախօրոք հաստատված ծրագրից առանց շեղվելու: Առավոտյան եթերում «Երկու աստղ»-ի ուրախ-զվարթ մթնոլորտն էր, ոչ մի խոսք, ոչ մի վազող տող, այս թեմայով բացատրական, նախազգուշական որեւէ հաղորդում արբանյակային կապով չհեռարձակվեց: Այն, որ երկրագնդին անընդհատ մերձեցող լուսինը երկրաշարժ ու ցունամի է առաջ բերել Չինաստանում, Ճապոնիայում, չի նշանակում, որ վտանգը մեզանից հեռու է: 1988-ի երկրաշարժը դեռ չի սպիացելՙ վկան աղետի գոտու այն հազարավոր մարդիկ, որոնք դեռեւս տնակներում են ապրում: Ըստ գերմանացի թղթակցի, թեպետ Ճապոնիայում օրեր առաջ են սկսվել ցնցումները, բայց գիտնականները այս ուժգնության մասին չեն զգուշացրել կղզու բնակիչներին, անակնկալ է եղել, այդուհանդերձ երկրաշարժի դասերը լավ յուրացրած ճապոնացիները խուճապի չեն մատնվում, գիտեն պաշտպանվել, նույնիսկ երբ բնական աղետն անկանխատեսելի ավերածություններ է գործումՙ ժամ առ ժամ ավելացնելով մարդկային զոհերի թիվը: Բացի այն, որ լրագրությունն առաջին հերթին օպերատիվություն է, ինչը հետին պլան է մղվում տվյալ պարագայում, բացի այն, որ աշխարհը, մեր մոլորակը կառավարվում է ոչ թե քաղաքական այս կամ այն ուժի աչքի թարթումով, այլ նույն լուսնի ու նույն արեւի պտույտի մեջ, մի հարց հետապնդում է շարունակՙ երկրաշարժի դասը լա՞վ ենք յուրացրել, գիտե՞նք ինչպես պաշտպանվել: Համոզված եմ, որ Հանրայինում աշխատող գործընկերներիցս շատերը, առանց ավելորդ խուճապ հաղորդելու, կկարողանային ու կցանկանային հանրությանը նախ իրազեկել, այնուհետ մասնագետների օգնությամբ ճշգրտելՙ ի՞նչ անել անակնկալ վտանգի պարագայում: Ուրեմնՙ ինչո՞ւ չկա այդ օպերատիվությունը: Դասական երաժշտության, քաղաքական լուրջ բանավեճի պարագայում սովոր ենք լսելՙ ժողովուրդը դրա պահանջը չունի: Այս դեպքո՞ւմ էլ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4