«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


ԱՏՈՄԱԿԱՅԱՆ

Դժբախտությունը, ասում է ժողովուրդը, առանձին չի գալիս: Ճապոնիայի պարագայում դրանք եկան երեքը միասինՙ երկրաշարժ, ցունամի, ատոմակայանի վթար: Մեկը մյուսից սարսափելի, մեկը մյուսից աղետաբերՙ մարդկային, հոգեբանական, նյութական ծանրագույն հետեւանքներով:

Անշուշտ, դեռ վաղ է խոսել մարդկային կորուստների մասին. դեռ տասնյակ հազարավոր դիակներ կան ավերակների տակ, հարյուր հազարավոր անհետ կորածներ, որոնց վերջնական հաշվեկշիռը կպարզվի հետագա շաբաթներին: Վաղ է նաեւ նյութական վնասների հաշվեկշիռը ներկայացնելու, թեեւ արդեն խոսվում է 170 մլրդ դոլարի կորուստների մասին, առանց հաշվարկելու գալիք ամիսներին եւ, գուցե, տարիներին արձանագրվելիք կորուստներըՙ փակված գործարանների, խափանված ձեռնարկությունների եւ ենթակառուցվածքների պատճառով: Նախնականորեն պարզ է կարծես մեկ բանՙ ցունամին առավել զոհեր է խլել ու կործանումներ առաջացրելՙ քան երկրաշարժը: Դա նշանակում է, որ երկիրը շատ ավելի լավ էր նախապատրաստված դիմագրավելու երկրաշարժը, քան ցունամիի ամեհի ալիքները:

Թվում էր, որ երկիրը է՛լ ավելի լավ էր նախապատրաստված ատոմային վտանգինՙ Հիրոսիմա ու Նագասակի տեսած երկիրը, ի գործի դնելով իր ամենաբծախնդիր ճարտարագիտական հանճարը, ընդմիշտ փակած պիտի լիներ ատոմային ճառագայթման վտանգի ճանապարհը երկրում: Այդպես էլ կար, ավտոմատ սարքերը երկրի մյուս ատոմակայաններում 8.9 մագնիտուտ հզորությամբ ցնցման հետ միաժամանակ անջատվեցին, բացի մեկիցՙ Ֆուկուշիմայի ատոմակայանից, որի 4 ռեակտորներից 3-ում հովացման համակարգը դավաճանեց, տեղի ունեցավ պայթյուն, ճառագայթի արտահոսք, թեեւ, բարեբախտաբար, ատոմակայանի պաշտպանիչ պատյանը կամ սարկոֆակը, ըստ պատասխանատուների, դեռեւս մնում է անխոցելի: Սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է պատահելու առաջիկա օրերին, անգամ ժամերին:

Ու մինչ ճապոնացի մասնագետներն այժմ ոգի իր բռին պայքարում են զսպելու հետագա բռնկման սպառնալիքը Ֆուկուշիմայի ատոմակայանում, մենք չենք կարող չմտածել ու չմտահոգվել մերՙ Մեծամորի ատոմակայանի վիճակով ու ճակատագրով: Անշուշտ, հիշում ենք, որ վերագործարկումից հետո մեր ատոմայականը միջազգային նյութական ու մասնագիտական օգնությամբ լրացուցիչ ապահովական սիստեմներով օժտվեց: Բայց հիշում ենք նաեւ, թե ատոմակայանների ո՛ր սերնդին է պատկանում այնՙ Չեռնոբիլի՛: Գիտենք նաեւ, որ էներգակիրների սեփական ռեսուրսների սակավության պատճառով ատոմակայանի փակումը եւ հետագայում նոր ատոմակայանի շինարարության ծրագրերից հրաժարումը բացասական ինչպիսի ազդեցություն կունենա մեր աղքատ երկրի վրա: Սակայն չենք կարող սեյսմիկ վտանգավոր գոտում գտնվող փոքրիկ մեր երկրում հանդուրժել որեւէ համակեցություն հին, նոր կամ նորագույն որեւէ ատոմակայանի հետ: Ճապոնական դժբախտությունը դա է թելադրում, ոչ միայն մեզ, այլեւ, անգամ, Իտալիային, Ֆրանսիային ու մանավանդ Գերմանիային: Մինչդեռ մենք նույնիսկ ազգաբնակչությանը էվակուացնելու տարածք չունենք:

Գեթ այս անգամ փորձենք սովորել այլոց դժբախտությունից:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4