Նպատակն արդյունքի հասնելն է, թե՞ ռազմական լուծումների նախապատրաստվելը
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր ժամանում են Երեւան` հերթական այցելությամբ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա քայլերն ու նաեւ թեման:
Ինչպես մարտի 9-ին հայտարարել էին համանախագահները, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն տարածաշրջան այցելությամբ անդրադառնալու են ոչ միայն բանակցային ընթացքին, այլեւ շփման գծում տեղի ունեցած միջադեպերին ու դրանց հետաքննության խնդրին: Համանախագահներն իրենց հայտարարությամբ նշել էին, որ մարտի 5-ի Սոչիում տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նախագահների հանդիպումից առաջ եւ հետո շփման գծում պատահած միջադեպերը պետք է նախ հաստատվեն, ապա նաեւ հետաքննվեն:
Մարտի 5-ի հանդիպմանը գնահատական տալիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին Ծաղկաձորում հայտարարեց, թե Սոչիի հանդիպումը կարելի է համարել հանգրվանային: «Կա բանակցային հստակ հիմք, եւ կան կարճաժամկետ պայմանավորվածություններ: Երկարաժամկետ առումով, իհարկե, բանակցությունները շարունակվելու են, եւ կարծես թե Սոչիում ի վերջո նշմարվեց, թե ինչ ճանապարհով կարող ենք առաջ շարժել», ասել էր նախագահը ի պատասխան լրատվամիջոցների հարցերին:
Նրա խոսքերով, կարճաժամկետ պայմանավորվածությունները շատ կարեւոր են այն առումով, որ նախ դրանք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, պահպանությանը, եւ երկրորդ` կարող են լակմուսի դեր կատարել ու ցույց տալ, թե ինչպես են կողմերն իրենց պարտավորությունները կատարում:
Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Տեւական ժամանակ մենք խոսում էինք հենց հրադադարի ռեժիմի պահպանման, վստահության միջոցառումների ավելացման մասին, որովհետեւ միշտ կարելի է կարճ ժամանակում լարվածություն ստեղծել, իսկ խաղաղության գործընթացը շատ ավելի ծանր է, եւ հիմա մենք, ըստ մեր պայմանավորվածությունների, մտնում ենք հենց այդպիսի գործընթաց, որտեղ պետք է կարողանանք լարվածությունը թուլացնել, ինչը հնարավորություն կտա նորմալ բանակցություններ վարել, ավարտել այդ բանակցությունները, եւ եթե հաջողություն լինի` հասնել մեր նպատակներին»:
Սարգսյանի խոսքով, «Կարծես թե եկել է ժամանակը, որ կողմերի նախագահները հստակ պատասխան տան` ինչպես են իրենք օգտագործում բանակցային այս փուլը, որն է նրանց նպատակը. նպատակն արդյունքի հասնե՞լն է, թե՞ բանակցություններ վարելու քողի տակ ռազմական լուծումների նախապատրաստվելը»: Այդուհանդերձ, ըստ Հայաստանի նախագահի, Սոչիի հանդիպումը տարբերվում էր այլ հանդիպումներից: «...Բանակցությունները շարունակվում են, կա փաստաթուղթ, որի վրա աշխատում ենք, սա երկարաժամկետ գործընթաց է, եւ կան կարճաժամկետ պայմանավորվածություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել»:
Անդրադառնալով շփման գծի միջադեպերի հետաքննության գաղափարին` Հայաստանի նախագահը կարծիք էր հայտնել, թե համանախագահները «շատ լավ հնարավորություն ունեն հետաքննելու բոլոր այն դեպքերը, որոնք տեղի ունեցան մինչ բանակցությունները եւ բանակցություններից հետո, եւ հանրությանը ներկայացնելու, թե վերջապես ինչ է կատարվել»: Հայաստանն, ի դեմս նախագահի, պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել:
Միջադեպերի հետաքննության, շփման գծից դիպուկահարների դուրսբերման կարեւորության մասին է խոսել երեկ, արդեն իսկ Բաքվի օդանավակայան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիսը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում 9-ամյա Ֆարիզ Բադալովի զոհվելու միջադեպի առնչությամբ Աժուբալիսն ասել է, թե այդ փաստը եւս մեկ անգամ ապացուցում է, որ դիպուկահարները պետք է հեռացվեն շփման գծից:
Ի դեպ, նույն միջադեպի առնչությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երեկ ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե արդեն իսկ հաշվտեվություն է ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահին` երեխայի մահվան հանգամանքների մասով դիտարկման ժամանակ ձեռք բերված նյութերի հիման վրա: «Իմ խումբը ծանոթացել է դեպքի վայրին, հարցաքննել տեղի հրամանատարներին ու տեղական մարմիններին, մենք պատրաստել ենք հաշվետվություն այդ արդյունքներով: Ես այն արդեն ներկայացրել եմ այժմ Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահին», ասել է Կասպրշիկը: Նշելով, որ ինքը չունի միջադեպը հետաքննելու մանդատ, Կասպրշիկը ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկվելու է համանախագահների տարածաշրջան այցելության ընթացքում, եւ այդ քննարկումներով էլ կորոշվի հետագա անելիքը:
Այս միջադեպի կապակցությամբ մարտի 13-ին համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները: Կրկին հայտարարություններում հերքվում են Ադրբեջանի մեղադրանքները. «Ցավոք, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում եւ ոչ մի մեթոդից` շահարկելով անգամ երեխաների կյանքն ու մահը», ասված է ղարաբաղյան կողմի հայտարարության մեջ:
Համատեղ հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ամեն անգամ պետությունների ղեկավարների հանդիպումներից հետո կամ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցից առաջ ադրբեջանական քարոզչամեքենան թեժացնում է լարվածությունը շփման գծում:
ԼՂՀ-ն պնդում է. «Հերթական օրինակ է դարձել մարտի 10-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Արթուր Աղաբաբյանի մահը: Ընդ որում, միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումից անմիջապես հետո: Դա վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է»: