«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2011-03-11 | #43, 2011-03-12 | #44, 2011-03-15


«ՀՈԼՈՔՈՍԹԻ Copyright ԿԱ՞, ՊԱՐՈՆ ՇՐՅՈԴԵՐ»

Գերմանացի ճանաչված հրապարակախոս Հենրիկ Մ. Բրոդերը մարտի 2-ին «Վելթի» կարծիք բաժնում պատասխանել է փետրվարի 26-ին ԳԴՀ նախկին կանցլեր Շրյոդերի «Փայներ ալգեմայնե ցայթունգում» տպված հարցազրույցի այն արտահայտությանը, թեՙ Հոլոքոսթի հարաբերականացում կլինի «Հայկական իրադարձությունները» ցեղասպանություն որակելը: «Ազգի» ընթերցողներին հիշեցնենք օրեր առաջ մեր թերթի էջերում տեղ գտած հարցազրույցի խնդրո առարկա հատվածը: «Թուրքիայի հանդեպ թերահավատություն կա նաեւ իր պատմությանը հարաբերվելու իմաստով, մասնավորապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական փոքրամասնության հանդեպ իրականացրած կոտորածների հիշողությամբ, որ շատերը որպես ցեղասպանություն են որակում» թերթի ակնարկին սոցիալ-դեմոկրատ, ԳԴՀ նախկին կանցլերը պատասխանել էր. «Ոմանք դեպքերը նույնիսկ Հոլոքոսթի հետ են նույնացնում: Սա անթույլատրելի է եւ հարաբերականացնում է Հոլոքոսթը, առաջին հերթին գերմանացիները պիտի առարկեն»:

Եվ ահա առարկություն. Բրոդերի «Հոլոքոսթի Copyright կա՞, պարոն Շրյոդեր» վերնագրյալ պատասխանին կից Welt-online հրապարակել է նաեւ Հայոց ցեղասպանության բազմաթիվ ծանոթ լուսանկարներ:

Բաց նամակի ձեւով մտերմիկ շարադրանքում, որ ներկայացնում ենք թեթեւակի կրճատումներով, գերմանացի ճանաչված հրապարակախոսը գրում է.

«Սիրելի Գերհարդ, եթե քեզ ճիշտ հասկացա, խնդիրն այն չէ, թե 1915-ի իրադարձությունների ժամանակ 1,5 միլիոն հայեր մահացան, եւ թուրքերը մինչ օրս պնդում են, թե հայերի դեմ պիտի պաշտպանվեին, որովհետեւ վերջիններս ռուսների հետ էին դաշն կնքել, խնդիրն այն է, թե «անթույլատրելի է» եւ «Հոլոքոսթի հարաբերականացում կլինի» հայերի զանգվածային սպանությունները Հոլոքոսթի հետ համեմատելը կամ հավասարեցնելը: Կարծես ուզում ես ասելՙ «Մե՛նք ունենք Հոլոքոսթի հեղինակային իրավունքը (copyright): Եվ չենք թողնի, որ որեւէ մեկը մեզանից խլի»: Հիմա բոլորովին էլ կարեւոր չէ, թե «իրադարձությունները» ինչպես են բնորոշումՙ հայկական ողջակիզում, ցեղասպանություն, թե կոտորած բառերով: Իրողությունն այն է, որ թուրքերը վճռել էին հայկական հարցը վերջնականապես լուծել, ինչպես 25 տարի հետո նացիստները ձեռնարկեցին հրեաների հարցի լուծումը: Զանգվածային երկու սպանությունների միակ տարբերությունը միջոցների ընտրությունն էր: Հայերի մեծ մասը մահվան աքսորի ճանապարհին ոչնչացանՙ սաստիկ հյուծված, սովից ու ծարավից, իսկ հրեաներին կյանքից մահ էին ուղարկում արդյունաբերական եղանակով ու ժամանակի խնայողությամբ: Չկա լուրջ մի պատմաբան, որ հրեաների Ողջակիզման պատմականությունը վիճարկի, այնպես, ինչպես չկա որեւէ լուրջ պատմաբան, որ վիճարկում է Հայոց ցեղասպանության պատմականությունը: Թեեւ Դավիթ Իրվինգի նման պատմաբաններ էլ կան, որ Օսվենցիմը չնչին նյութ են դարձնում, կան նաեւ պատմաբաններ, որ կարծում են, թե հայերն են թուրքերին մարտահրավեր նետել, ու սեփական ճակատագրի հարցում իրենք են մեղավոր: Հիմա ուզում եմ իմանալՙ որտե՞ղ է սկսվում Հոլոքոստը, երբ 6 միլիոնի մասին է խոսքը, մեկուկես միլիոնը բավարար չէ՞: Hightech-ի՞ն (բարձրագույն տեխնոլոգիաներ) մասնակից դարձնենք: Թե Հոլոքոսթը միայն գերմանական պետության փաստերից մեկը չէ, այլ մի ամրակ, որ գերմանացիներին ու հրեաներին հավերժ կապում է իրար: Թուրքերիՙ հայերի հանդեպ իրականացրածը չէր կարող Հոլոքոսթ լինել այն պատճառով, որ Հոլոքոսթը գերմանակա՞ն հայտնագործություն է, ինչպես «Մելլիտա» ֆիլտրող տոպրակը, կրծկալը կամ հոմեոպատիան: Այն պնդումը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է Հոլոքոսթը հարաբերականացնել ոչ միայն անպարկեշտ է, այլեւ մաս է կազմում գերմանական շահարկվող «մեղքի քավության հպարտության» (գերմանացի փիլիսոփա Հերման Լյուբբեի բառեզրն է- Ան. Հ.): Բեռլինի Հոլոքոսթի զոհերի հուշարձանի հանդիսավոր բացման 5-ամյակի առիթով ժողովրդական տոնախմբության ժամանակ հռետորներից մեկն այսպես ձեւակերպեցՙ ուրիշ ժողովուրդներ այս հուշարձանի առիթով մեզ կնախանձեին, եւ դա այնպես էր հնչում, ասես ըստ էության ուզում էր ասելՙ նախանձում են մեզ Հոլոքոսթիՙ գերմանական նոր պատմության մեծագույն համայնական նախագծի առիթով: Հենց դու, սիրելի Գերհարդ, որպես գերմանական «Մերձավոր եւ միջինարեւելյան NUMOV» կազմակերպության պատվո նախագահ, որպես Գերմանիայի եւ Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրների տնտեսական կապերը խրախուսելու կոչված ծառայող, ճիշտ կլիներ, որ թուրքերին ասեիր, թե ԵՄ արագ ընդունվելու հեռանկարը 1915-ի «իրադարձությունների» համար հայերից վերջապես ներում հայցելն է: Մի քանի հազար թուրք մտավորականներ սա արդեն արել են, ինչի համար անվանարկվել ենՙ «դավաճան» որակումով: 4 տարի հետոՙ 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակը կլրանա: Անցածն անցյալ կդառնա այն ժամանակ միայն, երբ թուրքերն ընդունեն իրենց պատմական հանցանքն ու պատասխանատվություն ստանձնեն: Լավ է ուշ, քան երբեք: 100 տարի տեւեց, մինչեւ Գերմանիան 2004 թվականին նախարար Վիչցորեկ Ցոյլի միջոցով ներում հայցեց կայզերական գեներալ Լոթհար ֆոն Թրոթհայիՙ 1904-ին հերերո ու նամա ցեղախմբերի կոտորածների համար (խոսքը 1904-1907թթ-ին կայզերական գերման գաղութարար զորքիՙ 65 000 հերերո եւ 10 000 նամա ցեղախմբերի կոտորածի մասին է Հարավարեւմտյան Աֆրիկայումՙ այսօրվա Նամիբիայում, որ 1985-ին ՄԱԿ-ի զեկույցի համաձայն ցեղասպանություն է որակվել, համարժեք հրեաների հանդեպ նացիստների կատարած Ողջակիզման- Ան. Հ.): «Մենքՙ գերմանացիներս ընդունում ենք մեր պատմական եւ բարոյական պատասխանատվությունն ու հանցանքը, որ ժամանակին արել են մեր նախնիները», ասել էր նախարարըՙ Նամիբիայի Ուոթերբերգում այդ առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ: Սա օրինակելի է, եւ մեզ համար նույնիսկ մի եվրոյի ծախս էլ չարժեցավ: Ուստի, սիրելի Գերհարդ, Հոլոքոսթի հարաբերականացումից զգուշացնելու փոխարեն ավելի լավ էՙ թուրք ընկերներիդ խիղճն արթնացրուՙ թե պարտավոր են սեփական պատմությանը տեր կանգնել: Եթե սա կատարես, անմիջապես նորից սոցիալ-դեմոկրատներին կընտրեմ: Քեզանից լավ ոչ ոք չգիտիՙ ամեն մի ձայն կարեւոր է:

Հին բարեկամությամբՙ քո Հենրիկ Մ. Բրոդեր»:

Հեղինակի մասին- Հենրիկ Մ. Բրոդերը 1946-ին Լեհաստանումՙ լեհ հրեա վերապրողների ընտանիքում ծնված գերմանացի ճանաչված գրող է, լրագրող, հրապարակախոս: 1958-ին Գերմանիա է եկել: Աշխատակցել է «Շպիգել»-ին, «Վելթվոխե»-ին, բեռլինյան «Թագեսշպիգել»-ին: 2011-ից գրում է «Վելթ»-ի, «Վելթ ամ զոննթագի», «Վելթ օնլայն»-ի համար: Արժանացել է հեղինակավոր մի շարք մրցանակների: Բրոդերը բազմիցս որպես գլխավոր բանախոս ելույթ է ունեցել գերմանահայ համայնքի կազմակերպած ապրիլքսանչորսյան հուշահանդեսներում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


Նկար 1. Բրոդերը 2007-ի ապրիլի 24-ին Քյոլնի Սուրբ Մեծ Մարտին եկեղեցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4