Որո՞նք են դրանք առանձին ոլորտներում
Հայաստանի կառավարությունը հրապարակեց 2011-ին իր գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները: Ծրագրում նշված են յուրաքանչյուր միջոցառման անվանումը, նպատակը, կատարման պատասխանատու մարմինը, ժամկետն ու ֆինանսավորման աղբյուրը: Ընդհանուր առմամբՙ 93 գերակա խնդիր եւ 146 միջոցառում: Դա հնարավորություն է տալիս հասարակությանը, այդ թվումՙ լրատվամիջոցներին, հետեւել եւ վերահսկել միջոցառումների ու գերակա խնդիրների կատարման ընթացքը, պատասխաններ պահանջել կառավարությունից եւ համապատասխան նախարարությունից, եթե որոշ խնդիրներ կամ միջոցառումներ չեն կատարվում:
Նման հնարավորությունը նկատի ունենալով, մատնանշենք կառավարության ստանձնած մի քանի կարեւոր գերակա խնդիրներ տարբեր ոլորտներում, որոնք հետաքրքրական կլինեն շատերի համար:
Մասնավորապես, էներգետիկայի ոլորտում այս տարվա համար նախատեսված են ռազմավարական նշանակության մի քանի ծրագրեր, այդ թվումՙ Մեղրու ՀԷԿ-ի շինարարությունը, նոր ատոմակայանի կառուցման համար ներդրողների ընտրության մրցույթ ու բանակցություններ նրանց հետ, Իրան-Հայաստան նավթատար խողովակաշարի կառուցում ու նավթամթերքի տերմինալի կառուցման առաջին փուլ:
Տրանսպորտի եւ կապի ոլորտում 2011-ին իրականացվելիք ծրագրերից արժանահիշատակ են Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու հատվածի կառուցումը, որն էապես կրճատելու է միջհանրապետական եւ միջմարզային երկաթուղային փոխադրումների հեռավորություններն ու արժեքը, հյուսիս-հարավ նոր երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացումը, հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի 3 տրանշների ստացումն ու շինարարական աշխատանքների կազմակերպումը, փոստի կառավարման նոր մոդելի ներդրումը:
Քաղաքաշինության նախարարության համար գերակա խնդիրՙ շինթույլտվությունների կրճատումն ու պարզեցումը ուղղված են լինելու ե՛ւ բիզնեսին, ե՛ւ քաղաքացիներին: Ի դեպ, Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելու» վարկանիշային դասակարգման մեջ Հայաստանի դիրքերը բարելավելու ուղղությամբ քայլեր են նախատեսված մի շարքՙ արդարադատության, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի գերակա խնդիրների մեջ: Այդուհանդերձ, այստեղ նախատեսվող հիմնական փոփոխությունները պետք է կատարի էկոնոմիկայի նախարարությունը: Այս նախարարությունը 2011-ին պարտավոր է սկսել որակի ազգային ենթակառուցվածքի բարեփոխումները: Իսկ նույն նախարարության համար գերակա «Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձեւավորումն ու մեկնարկը», թերեւս, արդյունաբերության ոլորտին համակարգված մոտեցում ցուցաբերելու պետության ձեռնարկած առաջին քայլն է:
Բնապահպանության ոլորտի գերակա խնդիրներից առանձնահատուկ ուշադրության է արժանի ռազմավարականՙ Սեւան լճի մակարդակի բարձրացման հետ կապված ջրածածկվող տարածքներում անտառածածկ տարածքների մաքրումը, ինչպես նաեւ Աշոցքում «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը:
Անշարժ գույքի կադաստրում այս տարի պետք է ներդրվի իրավունքների եւ տեղեկանքների նկատմամբ միասնական էլեկտրոնային համակարգ եւ ստեղծվի միասնական էլեկտրոնային բազա:
«Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի շահագործումը նույնպես նախատեսված է այս տարի, ինչպես նաեւ քայլեր պետք է արվեն երկրում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ: Խոսքը ներքին օդային տրանսպորտի զարգացման մասին է:
Բավականին շատ են պետական եկամուտների ոլորտում նախատեսվող միջոցառումները: Օրինակ, հարկային հսկողության մեխանիզմների արդիականացման նպատակն է անցում կատարել ավելի պակաս թվով ստուգումների անկացման քաղաքականության: Հարկ վճարողների սպասարկման ծառայությունների որակի բարձրացմամբ հնարավորություն պետք է ստեղծվի բարձրացնելու հարկ վճարողների սպասարկման մակարդակը, գործարկելով նոր սպասարկման կենտրոն եւ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն:
2011-ին մաքսային հայտարարագրերը էլեկտրոնային դարձնելու գերակա խնդիր է ամրագրված, ինչը նշանակում է, որ մաքսային հայտարարագրերը նախկին թղթայինի փոխարեն կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով, վճարումները էլեկտրոնային վճարման համակարգերով, կիրառելով էլեկտրոնային ստորագրություն:
Ջրային տնտեսության համակարգում նախատեսվում է Սեւանա լճի մակարդակի բարձրացման նպատակով վերականգնել «Արփա-Սեւան» թունելի որոշ հատվածներ: Այս տարի ծրագրված է նաեւ ավարտին հասցնել Մարմարիկի ջրամբարի շինարարությունը:
Կառավարության սահմանած գերակա խնդիրներից բոլորին մեկ հրապարակման մեջ անհնար է անդադառնալ: Համենայն դեպս, մեր թվարկածների իրականացման ընթացքին կհետեւենքՙ առայժմ հուսալով դրանք իրականացված տեսնել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ